Որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը

փետրվար 13, 2019 - 10:38        Viewed: 224       

Մի խումբ հայ մասնագետներ փետրվարի 8-ին ժամանել են սիրիական Հալեպ քաղաք՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու։ Ընդհանուր առմամբ, Հայաստանից Սիրիա է ուղևորվել 83 մասնագետ։

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն»:

Այն մասին, որ մարդասիրական գործողությանը Հայաստանի մասնակցության մասին որոշում է կայացվել, հայտնի է դարձել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին։ Այս մասին հաղորդել էր Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտից հետո։

Նիկոլ Փաշինյանն էլ էր այն ժամանակ ընդգծել, որ հայ մասնագետները չեն ներգրավվի ռազմական գործողություններին․ «Սա բացառապես մարդասիրական ծրագիր է, և ռազմական որևէ իմաստ չունի։ Մենք մտադիր ենք ծրագիրն իրականացնել Հայաստանի բյուջետային հնարավորությունների շրջանակում։ Մարդասիրական ծրագրի բոլոր ծախսերը հաշվի են առնվել 2019թ-ի բյուջեի նախագծում»։ 

Սակայն պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հստակեցրել է, որ Սիրիա հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն «իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը պարզաբանել է․ «Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում և հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2017 և 2018 թվականների համապատասխան բանաձևերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաև Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»։

Օրացույց