Ծրագրում հիշատակվում է նաև աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների ավելացման մասին, սակայն հստակ թվեր չկան

փետրվար 15, 2019 - 11:25        Viewed: 142       

Հայաստանի Ազգային ժողովը հաստատել է կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագիրը։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր ուժերը փաստաթղթին դեմ են արտահայտվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով ծրագիրը հանգեցնելու է «տնտեսական հեղափոխության»։ Փաստաթղթի քննարկումը երեք օր տևեց։ Իշխող կուսակցության պատգամավորներն այդ ընթացքում վարչապետից փորձում էին պատասխաններ ստանալ, թե ինչպես է հետհեղափոխական Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրակաանցվելու։ Ընդդիմությունն այդ ողջ ընթացքում քննադատում էր ծրագիրը։

Մինչև 2023 թվականը կառավարությունը պլանավորում է ամբողջությամբ հաղթահարել ծայրահեղ աղքատությունն ու ընդհանուր առմամբ զգալիորեն կրճատել երկրում աղքատության մակարդակը։ Տնտեսական աճի միջին տեմպը պլանավորվում է տարեկան ոչ պակաս, քան 5%: Կառավարությունը մտադիր է փոխել տնտեսական աճի կառուցվածքը, պայմաններ ստեղծել, որ շուկայում նոր խաղացողներ հայտնվեն։ Դա պետք է բերի արտահանման աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Այդ ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում արտահանման ավելացմանը։ Մինչև 2024 թվականը այն պետք է կազմի ՀՆԱ 43-45%-ը։ Փաստաթղթում ամրագրված է նաև միկրոբիզնեսն ամբողջությամբ հարկերից ազատելու մտադրությունը (տարեկան շրջանառությունը չպետք է գերազանցի 24 մլն դրամը՝ մոտ 50 հազար դոլարը)։

Ինչ վերաբերում է էներգետիկային, ապա այստեղ անսպասելին արևային էներգիայի արտադրության և սպառման ավելացման մտադրությունն էր։ 2022թ-ին այն պետք է հասնի 10%-ի։

Ծրագրում խոսվում է նաև աշխատավարձերի, կենսաթոշակների և նպաստների ավելացման մասին, սակայն հստակ թվեր չկան։

Արտաքին քաղաքականությունում կառավարությունը բնականաբար անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին և ամրագրել, որ շարունակելու է այդ ուղղությամբ աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Փաստաթղթում նաև առանձնահատուկ ընդգծվում է այն հարցը, որը «թավշյա» հեղափոխությունից անմիջապես հետո բարձրացրել էր վարչապետ Փաշինյանը՝ բանակցային սեղանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին։ Վարչապետը մեկ անգամ ևս պարզաբանեց իր մոտեցումը․ նա չի հրաժարվում Հայաստանի անունից բանակցություններ վարել։ Սակայն իրեն իրավունք չի վերապահում խոսել ԼՂ բնակիչների անունից, քանի որ նրանք իրեն չեն ընտրել։ Ցեղասպանության միջազգային ճանաչումը նույնպես կառավարության առաջնահերթությունների ցանկում է։

Առանձին խոսվում է Ռուսաստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու մասին։

Միաժամանակ վերահաստատվում է Եվրամիության, ԱՄՆ, Իրանի, Չինաստանի, Վրաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրությունը։

Կառավարության ծրագրի զգալի հատվածը նվիրված է պաշտպանության հարցերին։ Մասնվորապես, ընդգծվում է նոր տեսակի զինամթերք գնելու անհրաժեշտությունը՝ բազմաֆունկցիոնալ ավիացիա, հակաօդային պաշտպանության ժամանակակից համալիրներ։

Կառավարությունը մոտ ապագայում շարունակելու է կոռուպցիայի դեմ պայքարը, որը սկսվել էր «թավշյա» հեղափոխությունից հետո։ Վարչապետը խոսել է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի մարմին ստեղծելու անհրաժեշտության մասին։ «Մոտ ապագայում պետք է հայրենիքն ազատագրենք քրեաօլիգարխիկ վերջին բացիլներից և կոռուպցիոն կառավարումից», -հայտարարել է վարչապետը։

Կառավարությունը շարունակելու է աշխատել թալանվածը պետբյուջե և երկրից ապօրինի դուրս բերված կապիտալը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Կառավարության ծրագիրը թեժ վեճեր է առաջացրել խորհրդարանում, հասարակությունում և փորձագետների շրջանում։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերն արդյունքում փաստաթղթին դեմ են քվեարկել։ Եվ այն ընդունվել է շնորհիվ այն բանի, որ իշխող կուսակցությունն Ազգային ժողովում մեծամասնություն է կազմում։

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ կառավարության ծրագիրը հեղափոխական չի համարում․ «Չեմ թաքցնի, որ երկու-երեք դրույթ կա, որոնց իրականացման դեպքում ժողովուրդը դրական փոփոխություններ կզգա։ Սակայն դա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ»։

Խորհրդարանական մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, կառավարության ծրագիրն «աբստրակտ» է համարում։ Կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանն ասել է, որ ծրագրի հիմնական խնդիրը հստակ ժամկետների և համեմատելի ցուցանիշների պակասն է․ «Ես պարզապես թվեր էի փնտրում, նայում էի, թե ինչ նշաձողեր և ժամկետներ են նշված։ Ողջ 69-էջանոց ծրագրում ընդամենը 12 այդպիսի թիվ կա։ Իհարկե, դա քիչ է, որովհետև ծրագիրը պետք է ճանապարհային քարտեզ լինի այն բանի, թե ուր ենք մենք գնում, ինչի համար և ինչպես»։

Այն բանի հետ, որ փաստաթղթում որոշակիություն և հստակ նախանշված թվեր չկան, համաձայն է նաև իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը․ «Համաձայն եմ, թվերը քիչ են, հնարավոր է, որ այդ մասով հստակ չափանիշը բացակայում է, թե որքան թիվ պետք է լինի ծրագրում։ Ես կնախընտրեի, որպեսզի ավելի շատ թվերով արտահայտված նպատակներ լինեին, սակայն ծրագրում առկա նպատակները նույնպես առանցքային են։ Օրինակ, ՀՆԱ նվազագույն 5% տարեկան աճն ու արտահանման աճը․ դրանք շատ կարևոր ցուցանիշներ են։

Բացի այդ, ներառվել են նաև նպատակներ կառավարության նախորդ ծրագրից [խոսքը Փաշինյանի կառավարության առաջին կազմի մասին է, որը ձևավորվել էր հեղափոխությունից անմիջապես հետո, և նրա ծրագրի մասին]՝ աղքատության մակարդակի նվազեցում 10 տոկոսային կետով, գործազրկության մակարդակի նվազեցում՝ հինգ կետով։ Դա բավական է, որպեսզի հինգ տարի անց հասարակությունը դատի, թե արդյոք հաջողվել է կատարել մեր առջև դրված խնդիրները, թե՝ ոչ»։

Օրացույց