Վրաստանում շարունակվում է երկրի առաջատար ТВС-բանկի շուրջ սկանդալը

փետրվար 18, 2019 - 11:08        Viewed: 255       

Վրաստանի Ազգային բանկը ТВС-բանկի բաժնետերերին երկու ամիս է տվել զբաղեցրած պաշտոնից Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեին հեռացնելու համար։ Միաժամանակ իր աթոռը պետք է լքի նաև նրա տեղակալ Բադրի Ջափարիձեն։ Իր պահանջներով նամակն Ազգային բանկը ТВС-բանկ է ուղարկել փետրվարի 14-ին։ Ազգային բանկի որոշման համար հիմք է ծառայել ТВС-բանկում մի քանի ամիս առաջ անցկացված ստուգումը։

Դատախազության տվյալներով՝ ստուգման արդյունքում խախտումներ էին հայտնաբերվել, որոնք կատարվել էին 2007-2008թ-ին, որոնք, հնարավոր է, կապված են փողերի լվացման հետ։

Կասկածելի գործարքը կատարել է հենց բանկի ղեկավարությունը՝ Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն և նրա տեղական Բադրի Ջափարիձեն։ Դատախազությունը կարծում է, որ 17 մլն դոլարի լվացում է տեղի ունեցել։ ТВС-բանկում մեղադրակնքները կտրականապես հերքում են։

Կատարվածի քաղաքական ենթատեքստի մասին է խոսում ոչ միայն ընդդիմությունն, այլ նաև տնտեսական հարցերով փորձագետների մեծ մասը։ ТВС-բանկի Դիտորդ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն, որն այդ բանկը ղեկավարում է արդեն 27 տարի, փետրվարի 15-ին առաջին անգամ իր դիրքորոշումն է հայտնել սկանդալի կապակցությամբ։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ ТВС-բանկի և անձամբ իր՝ որպես բանկի ղեկավարի դեմ արդեն ութ ամիս է, ինչ կազմակերպված արշավ է ընթանում։

Նրա կարծիքով՝ դա մեծ հավանականությամբ կապված է Անակլիա նավահանգստի շինարարության նախագծի հետ․ «Մեծ կասկածներ է առաջացնում այն, որ արագացված ռեժիմով կայացված որոշումն ու մեր համբավին վնաս հասցնող արշավը սկսվել է հենց այն ժամանակ, երբ մենք այնքան մոտ ենք երկրի համար կարևորագույն նախագծի՝ Անակլիայի նավահանգստի իրականացմանը։ Մենք չենք զիջելու մեր գործն, ազատությունն ու արժանապատվությունը։ Մենք չենք հարմարվելու անարդարության հետ և բոլոր հասանելի ու հնարավոր ուղիներով պաշտպանելու ենք ТВС-բանկի և նրա բաժնետերերի իրավունքները տեղական և միջազգային ինստիտուտներում», -ասված էր Մամուկա Խազարաձեի հայտարարությունում։

Խազարաձեն ընդգծում է, որ ТВС-բանկի «կասկածելի» գործարքն ուսումնասիրել է աշխարհահռչակ DENTONS իրավաբանական ընկերությունը և ոչ մի ապօրինի բան չի գտել դրա մեջ, էլ չենք խոսում փողերի լվացման մասին, և ակնհայտ է շահերի բախումը, և ոչինչ ավելին։

ТВС-բանկի փաստաբան Զվիադ Կորձաձեն հայտարարել է, որ բանկը մտադիր է դատական կարգով բողոքարկել Խազարաձեին և Ջափարիձեին զբաղեցրած պաշտոններից ազատելու մասին Վրաստանի Ազգային բանկի պահանջը։

Նշենք, որ իր հայտարարությունում Մամուկա Խազարաձեն չի հիշատակում Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» իշխող կուսակցության և երկրի ոչ պաշտոնական ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին։

Փոխարենն ընդդիմության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն, ինչպես նաև փորձագետները ТВС-բանկի գործի առնչությամբ բոլորից շատ հիշատակում են հենց Իվանիշվիլիին։

ТВС-բանկի շուրջ սկանդալի մեջ նրանք լուրջ սպառնալիքներ և խնդիրներ են տեսնում ողջ բիզնեսի և անգամ պետության համար։ Նրանց մեծ մասը չի էլ կասկածում, որ ТВС-բանկի դեմ Իվանիշվիլին անձամբ է պայքարում։

TBC-ին Վրաստանի առաջատար բանկերից մեկն է, որը գրեթե երկու միլիոն հաճախորդների է սպասարկում։ Այն բացվել է 1992թ-ին։ Այն Վրաստանի առաջին բանկն է իր ակտիվներով և շուկայի առաջատարն՝ ավանդների շուկայում։ Դուստր ընկերությունների հետ միասին ТВС-ին ունի 7 000 աշխատատեղ։

Օրացույց