Ղարիբաշվիլին եռամյա դադարից հետո քաղաքականություն է վերադարձել

մարտ 06, 2019 - 11:49        Viewed: 197       

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անսպասելիորեն որոշել է քաղաքականություն վերադառնալ։ Այս որոշման մասին հայտնի է դարձել «Վրացական երազանք» իշխող կուսակցության քաղխորհրդի նիստին։ Նիստն անցկացվել է կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի նախագահությամբ։

Ղարիբաշվիլին զբաղեցնելու է «Վրացական երազանքի» քաղաքական քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով պատգամավոր Գիա Վոլսկուն։ Փորձագետները կարծում են, որ այս որոշումը ևս մեկ ապացույնց է այն խորը ճգնաժամի, որի մեջ են Իվանիշվիլին ու նրա թիմը։ Ըստ դիտորդների՝ Իվանիշվիլին վերադարձրել է իր ֆավորիտին, որպեսզի փրկի իշխող կուսակցությունում առկա լարված իրավիճակը։ Վերջին ամիսներին կուսակցությունը փլուզման եզրին է։

Լրատվամիջոցները ենթադրում են նաև, որ Ղարիբաշվիլին, հնարավոր է, Մթածմինդայի ընտրատեղամասում մասնակցի մեծամասնական ընտրություններին (այդ մանդատը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին, որը 2016թ-ին հաղթել էր խորհրդարանական մեծամասնական ընտրություններում, հետագայում դարձավ Վրաստանի նախագահ)։

Իրակլի Ղարիբաշվիլին վերջին երեք տարում՝ հրաժարականից հետո, հանրության առաջ գրեթե չէր հայտնվել։ Վարչապետի պաշտոնում երկու տարի աշխատելուց հետո 2015թ-ի դեկտեմբերի 23-ին նա անսպասելիորեն հրաժարական տվեց։

Հրաժարականի մասին հանրությունն իմացավ Ղարիբաշվիլիի՝ նախապես ձայնագրված հինգրոպեանոց հեռուստաուղերձից։ Այդ ելույթում Ղարիբաշվիլին խոսեց «պատմական արդյունքների» մասին, սակայն ոչինչ չասաց իր հրաժարականի պատճառների մասին։ «Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, սիրելիներս։ «Հավերժ են միայն Բարձրյալն ու Հայրենիքը։ Այդ պատճառով ես այսօր որոշեցի լքել վարչապետի պաշտոնը», -հայտարարեց նա:

Ավելի ուշ Իվանիշվիլին խոստովանեց, որ հենց ինքն է Ղարիբաշվիլիին խորհուրդ տվել հրաժարական տալ։ Ղարիբաշվիլին վարչապետ էր դարձել 2013թ-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Բիձինա Իվանիշվիլիին։ Մինչ այդ մեկ տարի նա աշխատել էր որպես ներքին գործերի նախարար։

Ղարիբաշվիլին Իվանիշվիլիի մերձավոր շրջապատից է։ Նա քաղաքականություն է մտել Իվանիշվիլիի հետ 2011թ-ին։ Մինչ այդ նա միլիարդատիրոջ հետ աշխատել էր ութ տարի։

Ղարիբաշվիլիի վերադարձը քաղաքականություն դիտորդները գնահատում են որպես լրացուցիչ ապացույց այն բանի, որ «Վրացական երազանքն» իշխանությունում եղած բոլոր վեց տարիների ընթացքում ամենաբարդ իրավիճակում է։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանական մեծամասնությունը լքել է «Վրացական երազանքի» յոթ պատգամավոր։ Եվս մի քանի պատգամավոր հայտարարել է կուսակցության շարքերը լքելու պատրաստակամության մասին:

«Վրացական երազանքում» պառակտման պատճառ են դարձել խորհրդարանական մեծամասնության կողմից Գերագույն դատարանի՝ ոչ միանշանակ հեղինակություն ունեցող տասը դատավորի անսահմանափակ ժամկետով նշանակելու փորձերը։ «Վրացական երազանքի» պատգամավորների մի մասը դեմ արտահայտվեց այդ ծրագրին։ Նրանք ստիպված էին լքել իշխող կուսակցությունը։

Օրացույց