Կրթությունը Վրաստանում։ Ինչի՞ մասին են խոսում վերջին թվերը

մարտ 11, 2019 - 12:05        Viewed: 196       

Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայությունը 2018թ-ի հաշվետվությունն է ներկայացրել, որում ներկայացվում են բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտների հիմնական ցուցանիշները։

Վրաստանում ընդհանուր առմամբ 63 բարձրագույն ուսումնական հաստատություն կա, որոնցից 19-ը՝ պետական, 44-ը՝ մասնավոր։ Դրանց 62%-ը Թբիլիսիում է գտնվում։ 2018-2019 ուստարվա ընթացքում Վրաստանում բուհեր է ընդունվել 41 600 ուսանող։ Նրանցից միայն պետական համալսարաններ՝ 27 800 մարդ, մասնավորներ՝ 13 800։

Ընդհանուր առմամբ Վրաստանում այս տարի գրանցվել է 147 հազար 700 ուսանող (2.7%-ով ավելին, քան անցյալ տարի)։ Դա նշանակում է, որ Վրատսանի բնակչության գրեթե 4%-ն ուսանողներ են։

Ուսանողների 65%-ը սովորում է պետական բուհերում, 35%-ը՝ մասնավորներում։ Վրաստանի ուսանողների 50.2%-ը կանայք են, 49.8%-ը՝ տղամարդիկ։ Կանանց թիվն ավելի շատ է նաև բուհերի շրջանավարտների շրջանում։ 2018թ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ վրացական բուհեր է ավարտել 24 300 մարդ, նրանց 57.4%-ը կանայք են, 42.6%-ը՝ տղամարդիկ։

Վրաստանի դիմորդներն ու առաջին կուրսեցիները հիմնականում 19 տարեկան են։ 2018թ-ին տարբեր ուսումնական ծրագրերով Վրաստանից այլ երկրներ է մեկնել 673 ուսանող(91-ով ավելի, քան 2017թ-ին)։ Պետական բուհերն արտասահման սովորելու են ուղղորդել կրկնակի ավելի ուսանողների, քան մասնավորները։

2018-19թթ-ին Վրաստանում 12 200 արտասահմանցի ուսանող է սովորել, ինչը 21.4% ավելին է, քան նախորդ տարի։

Վրաստանի բուհերում աշխատում է 9 400 դասախոս-պրոֆեսոր, ինչը 15%-ով ավելին է, քան 2017թ-ին։ Այստեղ նույնպես զգալի է կանանց գերակայությունը՝ 53.8%, այն դեպքում, երբ տղամարդիկ կազմում են 46.2%։ 1 106 դոկտորներանտների 60.8%-ը կանայք են, 39.2%-ը՝ տղամարդիկ:

2018թ-ին Վրաստանում գրանցվել է 118 մասնագիտական ուսումնարան, որոնցից 39-ը՝ պետական, 79-ը մասնավոր։ Դա ավելի քիչ է, քան 2017 թ-ին, երբ այդ ուսումնարանների թիվը 125 էր։

2018թ-ին մասնագիտական ուսումնարաններ է ընդունվել 11 800 ուսանող։ Ի տարբերություն բուհերի՝ այս սեգմենտում տղամարդիկ կանանցից շատ են՝ 52%-ը 48%-ի դիմաց։ Ուսանողների մեծ մասն ուսումնառության համար ընտրում է ինժեներական ծրագրեր (31.6%), առողջապահական ծրագրեր (15.8%), բիզնես-վարչարարություն (15%), ագրարային գիտությունների ծրագրեր (14.5%)։

Ըստ վիճակագրական ծառայության տվյալների՝ Վրաստանում գործազրկության մակարդակը կազմում է 12.7%, որը տարածաշրջանում ամենաբարձր ցուցանիշն է։ Գործազուրկների շրջանում տղամարդկանց թիվը կանանց թվից մեծ է։

Օրացույց