Ի՞նչ է տեղի ունենում Վրաստանի իշխող կուսակցությունում։ Եթե դա պառակտում է, ապա՝ ինչո՞ւ

մարտ 13, 2019 - 01:05        Viewed: 238       

Վրաստանի իշխող կուսակցությունը միանշանակ ճգնաժամի մեջ է։ Հունվարից սկսած՝ յոթ պատգամավոր արդեն լքել է խորհրդարանական խմբակցությունը, հնարավոր է, որ նրանց միանան նաև ուրիշները։ Սակայն «Վրացական երազանքը» նախկինի պես մեծամասնություն է կազմում, և սահմանադրական մեծամասնության կորուստը տվյալ փուլում ոչինչ չի նշանակում։ Սակայն տեղի ունեցած պառակտումը հարցեր է առաջացնում դրա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի վերաբերյալ, չէ՞ որ կուսակցությունն ամբողջությամբ նրանից է կախված։ Ինչո՞ւ է պառակտում տեղի ունեցել, որքանո՞վ է այն վտանգավոր իշխող կուսակցության համար։

Պառակտման անմիջական առիթը Վրաստանում լավ հայտնի է։ 2018թ-ի դեկտեմբերի վերջին խորհրդարանը չի հաստատել Գերագույն դատարանի ցմահ դատավորների ցանկը, որը ներկայացվել էր արդարադատության խորհրդի կողմից։ Դա տեղի է ունեցել ի հեճուկս խորհրդարանական ղեկավարության և, ենթադրաբար, Բիձինա Իվանիշվիլիի ցանկության։

Ներքին ընդդիմությունը, որը դեմ էր դատավորների ցուցակին, գլխավորել է իրավաբանական կոմիտեի նախագահ Էկա Բեսելիան։ Ավելի ուշ նա մի խումբ համախոհների հետ նոր օրինագիծ ներկայացրեց, որի համաձայն՝ դատավորների անժամկետ նշանակումը պետք է տեղի ունենար 2024 թվականին։

Երբ այն մերժվեց, Բեսելիան լքեց իշխող կուսակցությունը, իսկ նրա հետ՝ նաև մյուս պատգամավորները։

Դատավորների անժամկետ նշանակումը պետք է լիներ արդարադատության բարեփոխումների ալիքի գագաթնակետը, որոնք սկսվել էին դեռ 2003թ-ին նախագահ-ռեֆորմատոր Միխեիլ Սաաշվիլիի իշխանության գալուց առաջ։ Եվ, ըստ էության, դատավորների անժամկետ նշանակման գաղափարն Արևմուտքի ժողովրդավարական պահանջների կատարումն էին։

Տեսության համաձայն՝ դատավորներին պետք է ընտրել մերիտոկրատական չափանիշներով, այսինքն՝ առավել լավ ունակություններ ունեցող անձանց՝ անկախ նրանց սոցիալական ծագումից և ֆինանսական բարեկեցությունից։ Այնուհետև նրանց լավ աշխատավարձ նշանակել։ Դատավորների թեկնածուների ընտրության գործընթացից պետք է բացառվեր քաղաքական գործիչների ներգրավվածությունը։ Նման ցմահ նշանակումը նպաստում է դատավորների անկախ և բարեխիղճ աշխատանքին, ասում է տեսությունը։

Եվ ահա այս բոլոր քայլերն արված են։ Արդարադատության խորհուրդն արդեն օրինականացրել է ցմահ լիազորություններով դատավորների մեծ մասին։ Մնացել է միայն հաստատել Գերագույն դատարանի մշտական անդամներին, որի համար անհրաժեշտ է խորհրդարանի համաձայնությունը։

Արդարադատության խորհրդում տեղերի մեծ մասը դատավորներին է պատկանում, թեև այլ պաշտոններ նույնպես կան։ Դա մտածված է որպես պաշտպանական մեխանիզմներից մեկը՝ դատարանի անկախության ապահովման համար։

Սակայն, լայնորեն տարածված կարծիքի համաձայն, արդարադատության խորհուրդն ու դատավորների կորպուսը փաստացի ղեկավարում է ազդեցիկ մի խմբավորում, որը «կլան» են անվանում։

Արդարադատության խորհրդում երկու առաջատար ֆիգուր կա՝ Միխայիլ Չինչալաձեն ու Լևան Մուրուսիձեն։ Ինչ վերաբերում է մնացած դատավորներին, ապա նրանք, ըստ ամենայնի, անխոս ենթարկվում են «կլանի» հրահանգներին, որն ակնհայտորեն մոտ է իշխանություններին։

«Կլանն» ի պատասխան ապահովում է իշխանություններին ձեռնտու որոշումների ընդնունում այս կամ այն կարևոր գործերի քննության ժամանակ։ Վրաստանը պարադոքսալ իրավիճակում է հայտնվել։

Դատավորների կորպուսի պաշտոնական անկախությունը կարելի է ձեռքբերում համարել։ Սակայն այդ անկախությունը ծայրահեղ կերպով բարդացնում է «կլանի» դեմ պայքարը։

Իսկ երբ «կլանին» ենթարկվող այդ դատավորները ցմահ հաստատված են, նրանց փողոց չես շպրտի։

Որոշ քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ հուսով են, որ վարկաբեկված դատավորներին կարելի է այնպես «ամոթանք տալ», որ նրանք ինքնուրույն հրաժարական տան։ Սակայն իրադարձությունների նման զարգացման հեռանկար դեռ չի ուրվագծվում։

Ինչ էլ լինի, կլանը և անձամբ պարոնայք Չինչալաձեն ու Մուրուսիձեն այսօր Վրաստանում ամենահրեշացված անհատներն են։ Նրանք մարմնավորում են դատական համակարգի դիմադրությունը դեպի անկախություն տանող ճանապարհին։

Եվ միայն «Վրացական երազանքի» առաջնորդները չեն խոստովանում այս ամենը։ Եվ պատճառը հայտնի է․ այսօրվա իրավիճակը նպաստում է դատարանի հանդեպ վերահսկողությանը։

Սակայն արդյո՞ք «Վրացական երազանքի» պառակտման գլխավոր պատճառն այս հարցի շուրջ տարակարծությունն է։ Բոլոր հիմքերը կան համարելու, որ ոչ։

Ըմբոստացողներն ասում են, որ «կլանը» վատն է, որովհետև դրա անդամները նշանակվել են նախորդ իշխանությունների օրոք, և, մինչ այն գլխավորում էր երկիրը, դատավորները կատարում էին նրա պատվերները։

Դա իրոք այդպես է, սակայն այսօրվա դիսիդենտները ոչ մի անգամ չեն բողոքել, երբ իշխանափոխությունից հետո այդ նույն դատավորները քաղաքական շարժառիթներով որոշումներ են կայացրել նախորդ իշխանությունների անդամների գործերով։

Եթե նույնիսկ ազդեցիկ «կլանի» դեմ բողոքն ընդամենն առիթ է, այն պատահական չի ընտրվել։

Այո, «ապստամբները» փորձում են հեծնել ժողովրդականություն վայելող ալիքն ու իրենց որպես անկախ արդարադատության պաշտպաններ ներկայացնել։

Սակայն իշխող կուսակցությունում պառակտման իրական պատճառներն աչքի են զարնում․ «Վրացական երազանքի» վետերանները չդիմացան իրենց հանդեպ խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և նրա մերձավոր շրջապատի իշխանությանը։

Այդ անձինք 2011-12թթ-ին, երբ «Վրացական երազանքն» ընդդիմություն էր, քաղաքականությունում չէին երևում, իսկ ոմանք էլ ընդհանրապես աշխատում էին նախորդ իշխանությունների հետ։

Սակայն 2016թ-ի ընտրություններից հետո Իվանիշվիլին հենց նրանց վրա էր խաղադրույք արել Էկա Բեսելիայի և նրա նման վետերանների հաշվին։

Օպորտունիստներից մեկը՝ Զվիադ Կվաչանտիրաձեն, որը մեծամասնության առաջնորդն էր 2015-16թթ-ին, հայտարարեց, որ «Վրացական երազանքը» լքելու իր որոշումը հասունացել էր մի քանի ամիս առաջ, իսկ «դատավորների գործն» ընդամենը վերջին կաթիլն էր։

«Ապստամբները» բողոքում էին, որ իրենց կարծիքը դադարել են հաշվի առնել, իսկ մեծամասնությունը փաստացի կառավարվում է ներքին անանուն առցանց չաթով։ «Դատավորների գործը» նրանց հնարավորություն տվեց գեղեցիկ հեռանալու։

Ընդհանուր առամբ, խմբակցությունը լքեց յոթ մարդ, սակայն քննադատներն ավելի շատ են։

Բեսելիայի խմբի մերժված օրինագիծը յուրօրինակ քննություն էր։ Չնայած որ Բիձինա Իվանիշվիլին ակնհայտորեն չէր սատարում նախածգին, «Վրացական երազանքի» 17 պատգամավոր քվեարկեց օրինագծի օգտին։

Մյուս կողմից, դեմ հանդես եկավ նույնպես ընդամենը 17 պատգամավոր։ Իսկ իշխող կուսակցության պատգամավորների մեծ մասն ընդհանրապես ձեռնպահ մնաց։

Արդյունքում Բեսելիայի օրինագիծը ձախողվեց։ Սակայն Իվանիշվիլիի համար տեղի ունեցածը ցավոտ հոգեբանական պարտություն էր․ այդ դրվագում նա չկարողացավ կառավարել կուսակցությունը։

Այն, թե ինչ է պետք Իվանիշվիլիին, հասկանալի է՝ կարգապահ թիմ, որը կատարում է իր կամքն ու ցանկությունները։ Իսկ ի՞նչ խաղ են խաղում «ապստամբները»։ Նրանք ադեն լքել են մեծամասնությունը, սակայն դեռևս շարունակում են չքննադատել կուսակցության առաջնորդին։

«Ազգային շարժման» պատգամավոր Ռոման Գոցիրիձեն հստակ նշել է, որ կուսակցությունը լքածներն ընդդիմություն են ոչ թե իշխող կուսակցության առաջնորդի, այլ խոսնակի հանդեպ։

Նրանց հռետորաբանությունը վկայում է այն մասին, որ նրանք իրենց հույսը դեռ ամբողջությամբ չեն կորցրել, որ Իվանիշվիլին կհասկանա, որ սխալվել է՝ Կոբախիձեի վրա շեշտադրում անելով, սակայն նրան դեռ կարելի է համոզել անցնել «լուսավոր կողմ»։

Նրանք պայքարում են ոչ թե Բիձինա Իվանիշվիլիի դեմ, այլ հանուն նրա։

Երբ Իվանիշվիլին անսպասելիորեն «Վրացական երազանքի» շարքեր վերադարձրեց Իրակլի Գարիբաշվիլիին, որը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում 2013-15 թթ-ին, այս անգամ կուսակցության քաղաքական քարտուղարի կարգավիճակով, «վետերանների» մոտ հույս առկայծեց։

Գարիբաշվիլին երբեք չէր բացատրել իր հրաժարականի պատճառները (ենթադրաբար, Իվանիշվիլիի պահանջով), և դրանից հետո հանրության առջև չէր երևացել։

Վետերանները (և կուսակցությունը լքածները, և չլքածները) միաձայն ողջունեցին նրա վերադարձը։ Նրանք հույս ունեն, որ Գարիբաշվիլին եկել է փոխարինելու ատելի Կոբախիձեին։

Սակայն արդյո՞ք դա այդպես է։ Իր առաջին ելույթում Գարիբաշվիլին հիմնականում խոսում էր Իվանիշվիլիի հետ համերաշխ լինելու մասին և դատապարտում Էկա Բեսելիային և նրա խմբին, որոնք, ըստ իրեն, թշնամու՝ Սաակաշվիլիի և նրա «Ազգային շարժման» ջրաղացին ջուր են լցնում։

Այսօր ոչ ոք հստակ չի կարող ասել, թե հանուն ինչի է Իվանիշվիլին վերադարձրել իր մոռացված համախոհին։ Հանրավոր է՝ նրա համար, որ Գարիբաշվիլին կանգնեցնի «Երազանքի» մյուս անդամներին, որոնք մտածում են կուսակցությունը լքելու մասին։

Ծայրահեղ կասկածելի է, որ նա անհրաժեշտ է չարաբաստիկ դատական «կլանի» հետ դիմակայության մեջ մտնելու համար։ Եվ ընդհանրապես, որքանո՞վ է Իվանիշվիլին վստահում իր վեզիրին, որին երեք տարի առաջ էր հեռացրել։

Գարիբաշվիլիի վերադարձն ավելի շատ հիշեցնում է առաջնորդի անխոհեմ հուսահատություն, որը փորձության է ենթարկվում և դժվարանում է նոր ելքեր գտնել; Հնարավոր է, որ Գարիբաշվիլիի վերադարձը ժամանակավորապես հանգստացնի Իվանիշվիլիի որոշ խանդոտ կողմնակիցների, սակայն երկարաժամկետ հեռանկարում չի ուժեղացնի նրա՝ որպես առաջնորդի հանդեպ հավատը։

Գիա Նոդիա

Օրացույց