Մենք միասին շատ բան կարող ենք անել, և շատ համատեղ գործեր ունենք

մարտ 15, 2019 - 11:54        Viewed: 217       

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով։ Սա նրա առաջին այցն է Հայաստան նախագահի կարգավիճակով։ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան է ժամանել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով։ Դրանից առաջ Զուրաբիշվիլին Ադրբեջան էր այցելել։ Բաքվում իր ելույթի ժամանակ նա Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությունը դասել է Վրաստանի աբխազական և օսական հակամարտությունների շարքին․ «Վերջին տարիներին մենք միանման ողբերգություններ ենք վերապրել։ Մենք այժմ էլ վերապրում ենք այն, ինչ երկրի համար նշանակում են օկուպացված տարածքները, երբ սեփական երկրիդ տարածքային ամբողջականությունը խախտված է»։ 

Նախկինում Վրաստանի իշխանությունները խուսափում էին նման ձևակերպումներից՝ չեզոքություն պահպանելով ղարաբաղյան հակամարտությունը որակելիս։ Շատերը հետաքրքրությամբ սպասում էին, թե ինչ է ասելու Վրաստանի նախագահը Երևանում։

«Հայաստանն ու Վրաստանը ոչ միայն հարևաններ են, այլև բարեկամներ։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որի համար վճռորոշ դեր ունեն խաղաղությունն ու կայունությունը։ Սրանք ենք դրա զարգացման և մեր երկրների տնտեսությունների զարգացման պայմանները․․․ Տարածաշրջանում շատ են մարտահրավերները և անհրաժեշտ է հիշել, որ գլխավոր ճանապարհը հակամարտությունների խաղաղ լուծումն է միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։ Հակամարտությունները դանդաղեցնում են մեր զարգացումը, որոնք պետք է լուծել երկխոսության և բանակցությունների ճանպարհով․․․ Անհրաժեշտ է նշել, որ Վրաստանիհամար շատ կարևոր է, որ [ղարաբաղյան] հակամարտությունը չտեղափոխվի Վրաստանի տարածք, իսկ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ ապրեն», -ասել է Զուրաբիշվիլին։

Նրա հայ գործընկերը մամուլի առջև ունեցած ելույթի ընթացքում նույնպես անդրադարձավ ղարաբաղյան հակամարտությանը։ Նա ընդգծեց, որ դրա կարգավորման հիմքում ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Արմեն Սարգսյան անուղղակիորեն անդրադարձավ նաև Բաքվում Զուրաբիշվիլիի հայտարարությանը․ «Տարածաշրջանում հակամարտություններն ու խնդիրները միանման չեն, հետևաբար, միանման չեն դրանց կարգավորման հիմքերը»։

Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է Վրաստանում ապրող հայերի կողմից վրացերենի ուսումնասիրման կարևորությունը։ Նրա կարծիքով՝ դա նրանց թույլ կտա լինել երկրի լիարժեք քաղաքացիներ և դրա զարգացման մասնակիցներ։ Այս թեզը հաճախ է բարձրաձայնվում Վրաստանի իշխանությունների կողմից, սակայն հայաբնակ Ջավախքի շրջանում վրացերենի դասավանդման մակարդակի բարելավման համար իրական քայլեր չեն ձեռնարկվում։ Եվ Զուրաբիշվիլին նույնպես չի խոսել խնդրի լուծման համար նախատեսվող հստակ քայլերի մասին։

Նախագահները քննարկել են նաև տարածաշրջանի ներուժը։ Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է Եվրամիության հետ Վրաստանի համագործակցության մասին․ «Կարևոր փուլ է լինելու Բաթումի համաժողովը, որտեղ ներկայացվելու է ԵՄ հետ հարաբերությունների նոր փուլի տեսլականը, որը կբերի վերջնական ինտեգրման», -նշել է Զուրաբիշվիլին։

Վրաստան-Եվրամիություն կոնֆերանսին հրավիրված է նաև նախագահ Արմեն Սարգսյանը, որպեսզի հնչի Հայաստանի դիրքորոշումը։ «Այս կոնֆերանսը նվիրված է Եվրամիության հետ մեր գործընկերության տասնամյակին… Մենք այստեղ կարող ենք ներկայացնել մեր ընդհանուր հայացքները», -ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահն անդրադարձել է նաև երկու երկրների միջև սահմանի դելիմիտացիայի հարցին․ «Մեր երկրների համար ժամանակն է սահմանների դելիմիտացիան ավարտելը։ Երկու բարեկամների միջև դելիմիտացիան չպետք է այսքան երկար տևի»։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ այս հարցի նորմատիվային բազան ամբողջությամբ նախապատրաստվել է դեռ այն ժամանակ, երբ ինքն արտգործնախարար էր։ «Մենք մեծ ապագա ունենք, և մենք լավատես ենք։ Մտադիր ենք շարունակել շատ հարցերի քննարկումն ու մտադիր չենք սահմանափակվել հայտարարություններով», -ամփոփել է իր խոսքը Սալոմե Զուրաբիշվիլին։

Իր այցի առաջին իսկ օրը Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս խոսել է երկու երկրների միջև հարաբերությունները նոր մակարդակը բարձրացնելու և երկկողմ հարաբերություններում ընդհանուր ռազմավարական շահերի վրա հիմնվելու մասին․ «Ես որպես վարչապետ իմ առաջին պաշտոնական այցը կատարեցի Վրաստան, և դա ընդգծում է մեր կառավարության, անձամբ իմ առանձնահատուկ ուշադրությունը և հայ-վրացական հարաբերությունների կարևորության գիտակցումը»։

Վրաստանի նախագահը կարծում է նաև, որ երկրներն «ապագայի ընդհանուր տեսլական ունեն»։ Ընդ որում, Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկում էր օգտագործել համագործակցության՝ Եվրամիության հետ կապված հնարավորությունները․ «Մենք միասին շատ բան կարող ենք անել, և շատ համատեղ գործեր ունենք»։

Օրացույց