Զորավարժություններ Ադրբեջանում և Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ Արցախում

մարտ 18, 2019 - 09:43        Viewed: 249       

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստն առաջին անգամ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում, այն Ղարաբաղի Անվտանգության խորհրդի հետ համատեղ է անցկացվել։ Հայաստանի իշխանությունները չեն մեկնաբանում այս որոշման պատճառները։ Սակայն Հայաստանի բոլոր լրատվամիջոցներն ու փորձագետները նշել են, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը կայացել է Ադրբեջանում անցկացվող լայնածավալ զորավարժությունների ֆոնին։ Հայաստանում շատերն են կարծում, որ նման կերպ պաշտոնական Երևանը պատասխանել է Բաքվին։ Հայաստանի ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել են, որ զորավարժությունների նպատակը Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ Հայաստանի վրա ճնշում գործադրելն է։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպման մասին հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից։ Այն հրապարակվել է ԵՀԱԿ կայքում Երևան և Բաքու կատարած փետրվարյան այցերից հետո։ «Առաջնորդներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ մոտ ժամանակներս դրա հովանու ներքո հանդիպելու առաջարկը», -ասված է հայտարարությունում։

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն, ըստ էության, կգրանցի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը պետությունների ղեկավարների մակարդակոով վերականգնելու մեկնարկը։ Սա համանախագահների կողմից է անմիջականորեն կազմակերպված նրանց առաջին հանդիպումն է լինելու։

Մինչ այդ երկրների առաջնորդները հասցրել են մի քանի ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել, որոնց ընթացքում քննարկել են բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Այդ հանդիպումներից մեկի ժամանակ Ալիևն ու Փաշինյանը կարողացել էին պայմանավորվել շփման գծում լարվածության նվազեցման և օպերատիվ կապի հաստատման մասին։ Եվ համանախագահները դրական են գնահատում շփման գծում զոհերի բացակայությունն ու տարածաշրջանում տարվող աշխատանքը բնակչությանը խաղաղության պատրաստելու ուղղությամբ։

Հայտարարությունը Հայաստանում սուր արձագանք է առաջացրել, քանի որ դրա տեքստում խոսք է գնում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու մասին։ Խոսելով հակամարտության արդար ու երկարաժամկետ կարգավորման մասին՝ համանախագահները հետագա հիմնական սկզբունքներն են ընդգծել. «Դա պետք է ներառի նաև լրացուցիչ տարրեր, որոնք առաջարկվել են համանախագահող երկրների կողմից 2009-2012թթ-ին․ Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելը, ժամանակավոր կարգավիճակի որոշումն՝ անվտանգության և ինքնակառավարման ապահովմամբ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցքի ապահովումը, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը»։

Բացի այդ, համանախագահները կոչ են արել զերծ մնալ միակողմանի կարգով բանակցությունների ձևաչափը փոխելու պահանջներից առանց մյուս կողմի համաձայնության։ Խոսքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին է, որը պնդում է, որ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ըթնացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով համանախագահների հայտարարություններին, հաստատել է իր մոտեցման անփոփոխ լինելը. «Մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են և ներդնում են կարգավորման գործընթացում: Բայց գլխավոր հարցը հետևյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին․․․: Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որևէ ներկայացուցիչ չկա, որովհետև բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որևէ սուբյեկտ։ Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել․․․ Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլև միջպետական և միջազգային հարաբերություններում: Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը և այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա: ․․․Հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա և կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը և կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում»։

Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն համամիտ է Հայաստանի վարչապետի դիրքորոշմանը։ «Արդեն 1993 թ. Մինսկի գործընթացի շրջանակներում քննարկվող փաստաթղթերում Լեռնային Ղարաբաղը նշվում է որպես հակամարտության լիարժեք կողմ։ Տվյալ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ/ԵԱՀԽ գագաթաժողովի ժամանակ։ Համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում հրադադարի մասին 1994 թ. մայիսի 12-ին ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատած կողմերը։ Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին այդ համաձայնագիրը ստորագրվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև», – հայտարարել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը։

Նախագահ Բակո Սահակյանն Անվտանգության խորհուրդների նիստին ունեցած ելույթի ժամանակ նույնպես անդրադարձել է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցին. «Արցախը պատրաստ է շարունակելու իր կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացում, որն ուղղղված է տարածաշրջանում հարատև և ամուր խաղաղության հաստատմանը»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, նշել է. «Այդ խումբը միջնորդական առաքելություն չէ, որ իրականցնում է հարցը կարգավորելու համար, այդ խումբը վաղուց արդեն իրականացնում է յուրօրինակ արբիտրաժ և փորձում է կառավարել քաղաքական գործընթացը։ Եվ այս հայտարաությունն էլ հերթական անգամ, առանցքային հարցը, որ կարող է մեզ համար հետաքրքիր լինել դնում է տողատակում․ բուն խնդիրը լուծվում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմաքաղաքական մրցակցությամբ, ներառյալ նաև տնտեսական հնարավորությունները։ Եվ Մինսկի խումբը, մեծ հաշվով, ճանաչելու է այն ստատուս-քվոն, որը ձևավորվում է այդ մրցակցության արդյունքում… Եվ մեր խնդիրն է որպես հանրություն, որպես պետություն շարունակել ապահովել մեր այն մրցունակությունը, թույլ չտալ, որ Ադրբեջանն այնպես առաջ անցնի, ինչպես թույլ տվեցինք նախորդ երկու տասնամյակում, և թույլ չտալ բալանսի խախտում՝ թե ռազմական, ռազմա-տեխնիկական կարողությունների, թե տնտեսական, թե նաև քաղաքական դիվանագիտական հարաբերությունների տեսանկյունից ուժային կենտրոնների հետ»։

Հակոբ Բադալյանը մեկնաբանել է նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացման փաստը Լեռնային Ղարաբաղի սահմանին Ադրբեջանի Զինված ուժերի կողմից անցկացվող լայնամասշտաբ հարձակողական զորավարժություններին զուգահեռ. «Առաջին անգամ պաշտոնապես հայտարարվում է, որ Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստը կայանալու է Լեռնային Ղարաբաղում… Իհարկե, ռազմաքաղաքական ղեկավարությունն այստեղ առաջին անգամ չէ հավաքվում և հարցեր քննարկում։ Սակայն առաջին անգամ է հայտարարվում Ղարաբաղում Հայաստանի Անվտանգության խորհրդի արտագնա նիստի մասին։ Սա քաղաքական քայլ է և ազդակ, որը խոսում է այն մասին, որ Հայաստանի հետ շանտաժի լեզվով խոսել չի ստացվի։ Եվ սա ճիշտ ռազմավարություն է։ Բաքուն խոսում էր շանտաժի լեզվով և առանց պատասխան մնում։ Եվ դա հանգեցրեց նրան, որ Ադրբեջանը պատերազմի, թեև բլից-պատերազմի իրավունք ստացավ [խոսում է 2016թ-ի ապրիլին տեղի ունեցած քառօրյա պատերազմի մասին]։ Բարեբախտաբար, հայկական Զինված ուժերն ու հասարակական կամավորական շարժումը թույլ չտվեց Ադրբեջանին այդ իրավունքն արդյունքի վերածել»։

Օրացույց