Վրաստանն ու ՆԱՏՕ-ն միասին կորոշեն, թե երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

մարտ 27, 2019 - 12:54        Viewed: 165       

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգը Վրաստան է այցելել մարտի 25-ին և հանդիպել երկրի վարչապետի, արտգործնախարարի, խորհրդարանի խոսնակի և նախագահի հետ։ Ստոլենբերգը ներկա է գտնվել համատեղ զորավարժություններին, որոնք կազմակերպվել էին ՆԱՏՕ-ի ուսուցման և գնահատման կենտրոնի կողմից։ Մամուլի ասուլիսին նա խոսել է Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների, ապագա համագործակցության մասին։

Յենս Ստոլենբերգի գլխավոր ուղերձները` «Վրաստանը դաշինքի անդամ չէ, սակայն մեծ ներդրում է կատարում դրա գործունեության մեջ», -Թբիլիսիում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն կապակցությամբ, որ Վրաստանն անպայման դաշինքին անդամակցելու է, չի փոխվել, ասել է Ստոլենբերգը։ Վրաստանը կարևոր դաշնակից և գործընկեր է, ինչը ևս մեկ անգամ հաստատում են անցկացված համատեղ զորավարժություններն, ընդգծել է նա։

Ստոլենբերգի այցը Վրաստան համընկավ ՆԱՏՕ-ի զորավարժությունների հետ, որոնց մասնակցում են դաշինքի գործընկերներն ու անդամները։ Այս զորավարժությունների կարևորությունն ընդգծել է նաև գլխավոր քարտուղարը։ Նա ասել է, որ դեռևս 2008թ-ին ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել, որի համաձայն՝ Վրաստանն անպայման դառնալու է դաշինքի անդամ։ «Վրաստանն ու ՆԱՏՕ-ն միասին կորոշեն, թե երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Եվ ոչ մի այլ կողմ իրավունք չունի միջամտել», -հայտարարել է Յենս Ստոլենբերգը։

Նրա խոսքով՝ Վրաստանն ինքնիշխան երկիր է, և ոչ ոք չի կարող նրա փոխարեն որոշումներ կայացնել։

Յենս Ստոլենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Վրաստանը պետք է բարեփոխումներ իրականացնի, այդ թվում՝ դատական համակարգում և պաշտպանության ոլորտում։

«ՆԱՏՕ-ն հաստատակամորեն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», -հայտարարել է Ստոլենբերգը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսին։

ՆԱՏՕ-ի անունից Ստոլենբերգը Ռուսաստանին կոչ է արել հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումն ու դուրս բերել իր զորքերն այդ տարածքներից։

«Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել», -հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Նա հիշեցրել է, որ սահմանադրության համապատասխան հոդվածը հաստատում է, որ Վրաստանի ընտրությունը ՆԱՏՕ-ին անդամակցելն է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլենբերգի այցը Վրաստան առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այցը կայացել է ՆԱՏՕ-ի հոբելյանական մինիստերիալից առաջ, ասել է արտգործնախարար Դավիթ Զալկալիանին։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո ասել է, որ Յենս Ստոլենբերգի հետ իր հանդիպման գլխավոր ուղարձը վերաբերում էր օկուպացված տարածքներին։

Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի գործողությունների պատճառով օկուպացիոն գծում իրավիճակը սրվել է․ առևանգումներ են տեղի ունենում, սպառնալիքներ հնչում ՆԱՏՕ-ի զորավարժությունների առնչությամբ։

«Չնայած դրան՝ Վրաստանը չի փոխում իր խաղաղ ուղերձները։ Եվ սա նշանակում է, որ պետք է ակտիվանա ժնևյան բանակցությունների ձևաչափը։ Իրականում այս հարցի խաղաղ լուծման մեջ առաջընթաց չկա և չի լինելու, եթե մեր գործընկերներն ամեն օր Ռուսաստանին չհիշեցնեն, որ նա պետք է կատարի գոյություն ունեցող պարտականությունները», -հայտարարել է Վրաստանի նախագահը։

Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են, որ Ստոլենբերգի այցը կարևոր ուղերձ է Ռուսաստանի համար, քանի որ այն ցույց է տալիս դաշինքի համար Վրաստանի նշանակությունը։

Ընդդիմությունը քննադատում է ՆԱՏՕ-ի հետ իշխող թիմի համագործակցության մեխանիզմն ու հայտարարում, որ Վրաստանի և դաշինքի միջև հարաբերությունների խորացման համար ավելի գործուն քայլեր պետք է ձեռնարկել։ «Այցը կարևոր է անցկացված զորավարժությունները՝ նույնպես, սակայն ավելի շատ ատիվություն է անհրաժեշտ, քանի որ այս իշխանությունները ՆԱՏՕ-ին անդամակցությունը մի թեթև հետին պլան են մղել», -ասում է «Եվրոպական Վրաստանի» անդամ Էլենե Խոշտարիան։

Ընդդիմությունն առանձնահատուկ ուշադրություն է հրավիրում դատական բարեփոխումների և ընտրությունների վրա։ Հենց այս թեմաների առնչությամբ Ստոլենբերգին է դիմել «Ռուսթավի-2» ընդդիմադիր հեռուստաընկերությունը։ Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ծանոթ է վերջին նախագահական ընտրություններին միջազգային կազմակերպությունների տված գնահատականներին և կարծում է, որ բարփոխումները երկրում պետք է անդադար լինեն, որպեսզի համապատասխանեն ամենաբարձր չափանիշներին։ «Մենք շատ ենք ուզում էլ ավելի մեծ առաջընթաց տեսնել այդ բարեփոխումների շրջանակում և ձեր ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացում տեսնել ընտրությունների անցկացման առումով», -հայտարարել է Ստոլենբերգը։

Օրացույց