«Բաց հասարակություն․ Վրաստան» հիմնադրամը հրապարակել է նոր սոցիոլոգիական հետազոտություն` ժողովրդավարության վիճակի վերաբերյալ` ուղղված պետական ինստիտուտներին, քաղաքական կուսակցություններին, կոռուպցիային, կրոնին, կրթությանն ու աշխատանքի իրավունքին։ Ստացված տվյալների համաձայն՝ քաղաքացիների մեծ մասը կարծում է, որ իշխանությունները կոռումպացված են, չի վստահում ոչ մի քաղաքական կուսակցության, և բոլորից շատ հարգում է պատրիարքին։
Հետազոտությունն անցկացվել է 2018թ-ի նոյեմբերի 16-27-ը Թբիլիսիում և շրջաններում, հարցվել է 1786 մարդ։ Վրաստանի բնակչության 68,8%-ը կարծում է, որ պաշտոնատար անձինք օգտագործում են իրենց լիազորություններն անձնական նպատակով։ 59%-ը կարծում է, որ պաշտոնյաները փողի դիմաց բիզնեսի համար «թիկունք» են լինում։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 60%-ը համոզված է, որ ազդեցիկ պաշտոնյաներն իրենց լիազորություններն օգտագործում են ապօրինի հարստացման համար։
Բնակչության 77%-ը կարծում է, որ բարձրաստիճան պետական ծառայողները հիմնական աշխատանքին զուգահեռ իրենց բիզնեսն ունեն։ Նրանց 41%-ը դա լուրջ խնդիր է համարում։
Հետազոտության տվյալների համաձայն՝ հարցվածների 62%-ը կարծում է, որ եթե մեծ կորպորացիան սկսի ֆինանսավորել ընդդիմությանը, իշխանությունը նրա համար լուրջ խնդիրներ կառաջացնի։
Հարցվածների 80,1%-ը կարծում է, որ լավ կրթություն ստանալու համար լավ ֆինանսական դրություն է պետք։ Գրեթե նույն թվով հարցվածներ համոզված են, որ առանց լավ հմտությունների լավ կրթություն չես ստանա։
Վրաստանի բնակչության 31%-ը բարձրագույն կրթություն ունի, ամենամեծ ցուցանիշը՝ մարդկանց 37%-ը, սահմանափակվել է միջնակակարգ կրթությամբ։ Հարցման արդյունքները բացահայտել են կրոնական անիրավահավասարություն․ շրջանների միայն 24%-ը բարձրագույն կրթություն ունի այն դեպքում, երբ Թբիլսիում այդ ցուցանիշը կազմել է 50,2%։
Այն հարցին, թե ովքեր աշխատանք ստանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ հմուտ մա՞րդը, թե՞ նախարարի պակաս ունակություններ ունեցող ազգականը, հարցվածների մոտ 69%-ը երկրորդ տարբերակն է ընտրել։
Բնակչության միայն 9%-ն է «շատ գոհ» Վրաստանի առողջապահական համակարգից, 40,6%-ն ավելի շատ դժգոհ է, քան գոհ։ Հարցվածների 72%-ն օգտվում է ապահովագրական բժշկության ծառայություններից, 11%-ը՝ մասնավոր ապահովագրությունից։ Բնակչության մեծ մասը մոտ 50 լարի (25 դոլարից պակաս) է ծախսում դեղորայքի վրա։ Անհրաժեշտության դեպքում երկրի բնակիչներն առավել հաճախ դիմում են ընտանեկան բժիշկների խորհրդատվությանը։
Հարցման տվյալների համաձայն՝ աշխատանքի իրավունքի խախտման առավել հաճախ հանդիպող տեսակը ոչ բավարար վարձատրությունն է և անվտանգության չափանիշների խախտումը։ Հարցվածների 17%-ը կարծում է, որ աշխատավայրում սեռական խտրականության փաստեր են լինում։ Գրեթե ոչ ոք չի հավատում, որ աշխատանքի իրավունքի խախտման դեպքում դատարան դիմելը կարող է արդյունավետ լինել։
Հարցվածների 55,2%-ը կարծում է, որ Վրաստանում չկա քաղաքական կուսակցություն, որն ունակ է կարգավորելու իրենց խնդիրները։ Ընդ որում, 66%-ը խոստովանել է, որ երբեք չի կարդացել որևէ կուսակցության նախընտրական ծրագիր։ Բնակչության մեծ մասը խոստովանել է նաև, որ ընտրությունների ժամանակ քվեարկում է ոչ թե կուսակցության և դրա ծրագրի օգտին, այլ այս կամ այն առաջնորդի։
Հարցվածների 60,7%-ը կարծում է, որ տղամարդն ընտրություններին մասնակցելիս հաջողության հասնելու ավելի մեծ շանսեր ունի, քան կինը։ 52%-ը համոզված է, որ մարդիկ քաղաքականություն են մտնում բացառապես սեփական բարեկեցության նկատառումներով։
Հարցվածների 82,5%-ն ուղղափառ քրիստոնյաներ են եղել։ 5,9%-ը՝ Հայ Առաքելական եկեղեցու ծխականներ, 3,4%-ը սունի իսլամ է դավանում։
Իրենց կրոնականությունը հարցվածները բացատրում են հետևյալ արտահայտություններով․«Եկեղեցին լսում է ինձ պես մարդկանց», «Եկեղեցում ինձ պես մարդկանց եմ հանդիպում», «Եկեղեցում ինձ պաշտպանված եմ զգում», «Եկեղեցին դժվար իրավիճակում սատարում է», «Անդադար փոխվող աշխարհում եկեղեցին շարունակում է կայուն և ամուր հիմք լինել»։
Բնակչության 66%-ն ամբողջությամբ վստահում է պատրիարքին։ Միաժամանակ պատրիարքարանի հանդեպ վստահության մակարդակը բարձր չէ։