30 տարի է անցել ապրիլի 9-ի թբիլիսյան ողբերգական իրադարձություններից

ապրիլ 08, 2019 - 11:36        Viewed: 54       

Այդ օրը Թբիլիսիում սովետական բանակը տանկերով և թունավոր գազով դաժանաբար ցրեց Վրաստանի անկախության համար փողոց դուրս եկած հազարավոր ցուցարարներին: Ապրիլի 9-ին Ռուսթավելի պողոտայում զոհվեց 21 մարդ, հարյուրավոր մարդիկ ստացան տարբեր տեսակի վնասվածքներ և թունավորում:

Հատուկ նշանակության զորքերը հայտնվեցին Ռուսթավելի պողոտայում լուսաբացին՝ 3:56-ին: Այդ պահին խորհրդարանի ներկայիս շենքի դիմաց հավաքվել էին հազարավոր մարդիկ:

Լուրը այն մասին, որ սովետական բանակը պատրաստ է ճնշել ցույցը, ավելի վաղ էր հասել: Բախումներից մի քանի րոպե առաջ արյունահեղությունից խուսափելու համար Համայն վրաց պատրիարք Իլիա Երկրորդը կոչ էր արել ժողովրդին եկեղեցիներ գնալ աղոթելու: Սակայն ցուցարարները չդադարեցրին ակցիան: Լուսաբացին Ռուսթավելի պողոտայում երգում ու պարում էին, սակայն հետո վրա հասավ չարագուշակ լռությունը. բոլորը սպասում էին ուժայինների հարձակմանը:

Պատրիարքի ելույթից մի քանի րոպե անց խորհրդարանի դիմաց հայտնվեցին զինված ստորաբաժանումները:

Մահակներով և սակրավոր բահերով զինված զինվորականները գեներալ-գնդապետ Ռոդիոնովի հրամանատարությամբ սկսեցին դաժանաբար ցրել ցուցարարներին: Հատուկ նշանակության ջոկատը օգտագործում էր քիմիական գազ: Հենց տեղում զոհվեց 16 մարդ: Հաջորդող օրերին զոհերի թիվը հասավ 21-ի: Զոհերի մեծ մասը կանայք էին (այդ թվում նաև դպրոցական աղջիկներ): Սպանվածների մեծամասնության վրա կային բահով հարվածի հետքեր: Ապրիլի 9-ի գիշերը 3500 մարդ թունավորվել էր քիմիական գազից: Այսպիսին էր լուսաբացը Թբիլիսիում:

Ողբերգությունից հետո պարետային ժամ հայտարարվեց: Սովետական մամուլը լռում էր թունավոր գազի օգտագործման մասին, ոչ մի տեղ չէր ասվում նաև այն մասին, թե ինչպես էին զինվորները բահերով և մահակներով դաժանաբար ցրում ցուցարարներին: Սպանվածներին հայտարարեցին առաջացած հրմշտուքի զոհեր: «Կոմունիստ» թերթը գրեց, որ տեղի ունեցածը անկարգությունների արդյունք էր:

Միակ թերթը, որը համարձակվեց ցույց տալ տեղի ունեցածի իրական պատկերը, վրացական ռուսալեզու «Վրաստանի երիտասարդությունն» էր, որը տեքստի հետ միասին հրատապարակեց լրագրող Յուրի Ռոստի ֆոտոռեպորտաժը: Այդ համարի ամբողջ տպաքանակի վրա կալանք դրվեց և ոչնչացվեց, իսկ թերթի լրագրողները և խմբագիր Վախթանգ Աբաշիձեն լուրջ խնդիրներ ունեցան:

Հետագայում կալանքը հանվեց, և այդ համարը, այնուամենայնիվ, կրկին տպագրվեց և հասավ ընթերցողներին: Իհարկե, խորհրդային զորքերի առանձնահատուկ դաժանությունը պատկերող երկու լուսանկար գրաքննությունը թույլ չտվեց հրապարակել: Եվ էջում մնաց 2 դատարկ տեղ, սակայն 10 լուսանկարն ու տեքստը հրապարակվեցին:

Ուղիղ երկու տարի անց՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, անցկացված հանրաքվեի արդյունքներով Վրաստանը անկախ հռչակվեց: Գերագույն խորհուրդը Զվիադ Գամսախուրդիայի նախաձեռնությամբ ընդունեց Վրաստանի պետական ինքնիշխանության մասին հռչակագիրը:

Օրացույց