Լեզուն ուսումնասիրեք այն մակարդակով, որ կարողանաք այդ փոքրիկ թեստը հանձնել...

ապրիլ 15, 2019 - 11:29        Viewed: 107       

«...Considering that the right to use a regional or minority language in private and public life is an inalienable right conforming to the principles embodied in the United Nations International Covenant on Civil and Political Rights, and according to the spirit of the Council of Europe Convention for the Protection of Human Rights and Fundamental Freedoms» (European Charter for Regional or Minority Languages -Strasbourg, 5.XI.1992)

Այց ձկնաբուծարան, վրացերենի իմացության կարևորության և Վրաստանի քաղաքացիությունը Հայաստանի քաղաքացիության հետ համատեղելու մասին քննարկում, դաս՝ արվեստի դպրոցում, աղոթք՝ Սուրբ խաչ եկեղեցում և կանանց մենաստանում․ սրանք Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնական կանգառներն են, որ նա արել է երկրի բարձրադիր Ջավախքի շրջան կատարած իր երկօրյա այցի ժամանակ։

Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալալքի և Նինոծմինդայի շրջաններ, որոնք բնակեցված են հայերով, դա նրա առաջին այցն էր այդ շրջան նախագահ ընտրվելուց հետո։

Նախորդ անգամ Սալոմե Զուրաբիշվիլին այստեղ էր եկել 2018թ-ի հոկտեմբերին որպես նախագահի թեկնածու։ Այն ժամանակ հայկական բնակչության հետ հանդիպման ընթացքում նրա արած հայտարարությունները Թբիլիսիում մեծ վրդովմունք էին առաջացրել։

Սալոմե Զուրաբիշվիլին իր այցը սկսել էր՝ ապրիլի 13-ին շրջանում հայտնի «Իշխան» ձկնաբուծարան այցելությունից։ Դրա տերը՝ գործարար Արմեն Խաչատրյանը նախագահին ցույց էր տվել, թե ինչպես է ձուկն աճեցվում, և նրան ու բոլոր հյուրերին հրավիրել էր իշխանի և ձկնկիթի համտեսի։

Այցի հաջորդ օրը նվիրված էր վրացերենին։ Զուրաբիշվիլին այցելել է տեղի վրացական դպրոց և արվեստի դպրոց, որտեղ խոսել է շրջանի բնակիչների համար վրացերենի՝ որպես պետական լեզվի իմացության կարևորության մասին։

«Լեզուն դեպի հարաբերություններ, մշակույթ, պետության ուժեղացում գլխավոր դուռն է։ Ես պատասխանատու եմ այն բանի համար, որ վրացերենն այս երկրում իսկական պետական լեզու դառնա, Վրաստանի բոլոր քաղաքացիների լեզուն», -ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նախագահը հիշատակել է 2018թ-ի ամռանն օրենսդրությունում ընդունված կարևոր փոփոխությունների մասին, որոնք իրավունք են տալիս վերականգնելու Վրաստանի կորցրած քաղաքացիությունը, և ասել է, որ «պետությունն ընդառաջ է գնացել բնակչության խնդրանքներին և այժմ բնակչությունից է պատասխան քայլեր սպասում, մասնավորապես, վրացերենի առնչությամբ»։

Հազարավոր բնակիչների համար այդ փոփոխությունները ելք են շատ բարդ իրավիճակից։ Գործազրկության բարձր մակարդակը տեղացիներին ստիպում է Ռուսաստան մեկնել՝ գումար վաստակելու, որտեղ նրանք ռուսական քաղաքացիություն են ստանում։ Շատերը նաև Հայաստանի՝ որպես պատմական հայրենիքի քաղաքացիություն են ստանում։

Սակայն Վրաստանում արգելված է կրկնակի քաղաքացիությունը․ հետևաբար բոլոր այդ մարդիկ կորցրել են Վրաստանի քաղաքացիությունը։

Օրենքի փոփոխությունը թույլ է տալիս վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը՝ միաժամանակ չկորցնելով մյուս երկրինը։ Դրա պայմաններից մեկը պետական լեզվի՝ վրացերենի իմացության թեստ հանձնելն է։

«Ես մեծ ցանկություն ունեմ այնպես անելու, որ բոլորը [Ջավաքի բնակիչները] դառնան Վրաստանի լիարժեք քաղաքացի։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի․․․ դուք էլ անեք այդ քայլը․․․ լեզուն ուսումնասիրեք այն մակարդակով, որ կարողանաք այդ փոքրիկ թեստը հանձնել, որն անհրաժեշտ է քաղաքացիության վերականգնման համար։ Դա մեծ մասամբ խորհրդանշական թեստ է, սակայն մեծ նշանակություն ունի», -ասել է Զուրաբիշվիլին։

Նախագահը նշել է, որ «պետությունը ջանքեր չի խնայում և աշխատելու է վրացերենն ավելի հասանելի դարձնել, նախևառաջ, երեխաների համար»։ Քայլերից մեկն, ասել է նա, Ախալքալաքում վրացերենի ուսուցմամբ մանկապարտեզ բացելն է։

Աղունիկ Այվազյան

Օրացույց