Ճանաչենք մեր ՄԵԾԵՐԻՆ: Վիկտոր Համբարձումյան – Մեծ թիֆլիսեցին: Հիշելով Վիկտոր Համբարձումյանին

սեպտեմբեր 18, 2019 - 16:57        Viewed: 185       

111 տարի առաջ, 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում ծնվել է ապագա մեծ գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր, Հայաստանի Ազգային Հերոս, Հայաստանի ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:

Հայաստանի կառավարության որոշումով, 2009 թվականից սկսած, այս օրը երկրում նշվում է ինչպես Աստղագիտության օր: Ակադեմիկոս Համբարձումյանի անունն է կրում Բյուրականի աստղադիտարանը, որի հիմնադիրն է մեծ գիտնականը: Նրա անունն է տրվել նաև փոքր մոլորակներից մեկին:

Վիկտոր Համբարձումյանը աշխատել է աստղրի և աստղային միգամածությունների ֆիզիկայի, աստեղային աստղագիտության և աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի ու գալակտիկաների կոսմոգոնիայի բնագավառներում: Գիտնականի բազմաթիվ նվաճումների թվին են պատկանում՝ պղտոր միջավայրերում լույսի ցրման տեսությունը, աստղային միավորումներն ու աստղերի էվոլյուցիան, աստղային թաղանթների ֆիզիկան և արտագալակտիկ աստղագիտությունը:

Վիկտոր Համբարձումյանը գիտական աշխատանքը համատեղում էր մանկավարժական ու ստեղծագործական գործունեության հետ: Նա հեղինակել է ԽՍՀՄ առաջին դասագիրք «Տեսական աստղաֆիզիկա»-ն (1939) և համահեղինակն է «Տեսական աստղաֆիզիկա» (1952) դասըթացի, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Նա նաև հեղինակ է բազմաթիվ աշխատությունների՝ նվիրված աստղագիտության փիլիսոփայության հարցերին և բազմաթիվ գրքերի ու հոդվածների՝ նվիրված աստղաֆիզիկայի տարբեր խնդիրներին:

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը մահացել է Երևանում 1996թ. օգոստոսի 12-ին և հուղարկավորված է իր անունը կրող Բյուրականի աստղադիտարանի տարածքում՝ մեծ աստղադիտակի մոտակայքում:

Արտակ Բարսեղյան

Օրացույց