Շնորհավոր տոնդ, հա՛յ ժողովուրդ, շնորհավոր տոնդ, Մա՛յր Հայաստան

սեպտեմբեր 21, 2019 - 05:46        Viewed: 220       

28 տարի առաջ Խորհրդային Հայաստանի բնակչությունը իրացրեց իր ինքնորոշման իրավունքը՝ կայացնելով պատմական որոշում: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց ԽՍՀՄ–ից դուրս գալու հարցով հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ մասնակիցների ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու՝ հայ ժողովրդի երազանքին:

Հանրապետության հրապարակում 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տոն էր՝ ինքնաբուխ, համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը սպասել էր երկար:

Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

Պետք է ասել, որ շատերը սխալ են մեկնաբանում այս կարևորագույն գործողությունը, ներկայացնելով այն իբրև առաջին անկախության ձեռքբերում: Լինենք ճշգրիտ թե՛  պատմական և թե՛  իրավական առումով: Ի տարբերություն որոշ մեր հարևանների, Հայաստանը ունեցել է պետականություն և եղել է անկախ դեռևս հազարամյակներ առաջ, անհիշելի ժամանակներից: Պատմության ընթացքում Հայաստանը շատ անգամ ժամանակավորապես կորցրել է իր ինքնիշխանությունը, բայց երբեք չի հաշտվել դրա հետ, այլ պայքարել է ու վերականգնել անկախությունը: Դա տեղի ունեցավ նաև 101 տարի առաջ, երբ Ռուսաստանի Կայսրության փլուզումից հետո 1918 թ. մայիսին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը, որը, ցավոք սրտի, երկուս և կես տարի անց բռնազավթվեց բոլշևիկյան Ռուսաստանի և իր դաշնակից քեմալական Թուրքիայի կողմից մինչև 1991թ.:

28 տարի առաջ տեղի ունեցածը Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնումը, վերահաստատումն է:

Շնորհավոր տոնդ,  հա՛յ ժողովուրդ, շնորհավոր տոնդ, Մա՛յր Հայաստան

Եվ հիշենք, որ անպայման գալու է այն օրը, երբ մենք կտոնենք ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի – Հայքի անկախության տոնը:

Օրացույց