Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբերի 26, 1869, Քյոթահիա - հոկտեմբերի 22, 1935, Փարիզ, Ֆրանսիա), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881-1893 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1894 թվականին ձեռնադրվել է աբեղա և ստացել Կոմիտաս անունը։ 1895 թվականին Կոմիտասին շնորհվել է վարդապետի հոգևոր աստիճան։ 1895-1896 թվականներին Թիֆլիսում կոմպոզիտոր Մակար Եկմալյանի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտական տեսական առարկաներ, որից հետո՝ 1896-1899 թվականներին, ուսումը շարունակել է Բեռլինի Ֆրիդրիխ Վիլհելմ արքունի համալսարանում (ներկայումս Հումբոլդտ համալսարան) և Ռիչարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում:
Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր: Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]:
Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ: Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը: Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ: Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար: Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար:
Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում: Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ: Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում:
Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում: Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում: Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ: Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ:
«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, ամբողջ կրծքով շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա գեղեցկությունն առինքնում է ինձ տիրաբար և անսանձ։ Երբ լսում եմ Կոմիտասի երաժշտությունը, շոգից ծարաված ճամփորդ եմ դառնում, որ պապակած շուրթերով խմում ու խմում է կարկաչահոս աղբյուրից։ Կոմիտասի երաժշտությունն էլ հենց այդ աղբյուրի պես է. կենարար, մաքուր ու բանաստեղծական։ Կոմիտասը եղել է, կա ու կմնա իմ ամենամեծ ուսուցիչը» - Արամ Խաչատրյան:
«Կոմիտասը մեզ է փոխանցել հայ ժողովրդի ներքին աշխարհի ամենասուրբ, վեհ, առողջ ու հզոր բանականության կնիքը կրող շարժումները։ Կոմիտասյան պարզ ու խորը երգերի մեջ են թաքնված մեր ժողովրդի հոգու ամենաբարդ ծալքերը» - կոմիասագետ Արթուր Շահնազարյան:
«Կոմիտասը տվեց մեզ մեր ինքնաճանաչողության բանալին: Եկավ ասելու, որ մենք մենք ենք » - մաեստրո Տիգրան Մանսուրյան: