ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի նախագիծը և այն ուղարկեց քվեարկության: (Համար 296 բանաձևի տեքստը)

հոկտեմբեր 30, 2019 - 00:27        Viewed: 97       

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը փակ ընթացակարգով օրակարգ մտցնելու հարցը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ Ըստ ընթացակարգի, բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։

 «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» (Affirming the United States record on the Armenian Genocide) վերնագիրը կրող փաստաթղթում ասված է.

«Քանի որ Միացյալ Նահանգները կարող է հպարտանալ 1915 - 1923 թթ. Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի սպանությունը՝ Հայոց ցեղասպանությունը, ճանաչելու և դատապարտելու, ինչպես նաև հայերին, հույներին, ասորիներին, քաղդեացիներին, սիրիացիներին, արամեացիներին, մարոնիտներին և ցեղասպանությունը վերապրած այլ քրիստոնյաներին փրկություն ցուցաբերելու իր պատմական անցյալի համար,

Քանի որ 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն կազմակերպել և առաջնորդել է բազմաթիվ երկրների պաշտոնատար անձանց բողոքի գործողություններն ընդդեմ այն, ինչը նա բնութագրել է որպես կայսրության կողմից «ազգի ոչնչացմանն ուղղված արշավ», և 1915 թ. հուլիսի 16-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռոբերտ Լանսինգի կողմից նա հրահանգ է ստացել, որ «Պետքարտուղարությունը հավանություն է տալիս հայկական հետապնդումների դադարեցմանն ուղղված ...ձեր գործողություններին»,

Քանի որ նախագահ Վուդրո Վիլսոնը խրախուսել է «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության ձևավորումը, որը հաստատվել է Կոնգրեսի ակտով և որը 1915-1930 թթ. ընթացքում հավաքել է 116,000,000 դոլար (2019 թ. արժեքով՝ ավելի քան 2,500,000,000 ԱՄՆ դոլար) և Սենատն ընդունել է այս կոտորածները դատապարտող բանաձևեր,

Քանի որ Ռաֆայել Լեմկինը, որը 1944 թ. սահմանեց «ցեղասպանություն» եզրույթը և որը կանգնած էր ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ակունքներում, հայկական դեպքը վկայակոչում էր որպես 20-րդ դարի ցեղասպանության ակնառու օրինակ,

Քանի որ, ինչպես ներկայացված է Միացյալ Նահանգների Հոլոքոստի թանգարանում, Ադոլֆ Հիտլերը 1939 թ. իր հրամանատարներին առանց որևէ դրդապատճառի Լեհաստանի վրա հարձակումը հրահանգելու ժամանակ ի չիք դարձրեց բոլոր առարկություններն՝ ասելով. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»՝ հիմք դնելով հրեաների Ողջակիզման համար,

Քանի որ Միացյալ Նահանգները պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1951 թ. մայիսի 28-ին Միացյալ Նահանգների Կառավարության կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարան ուղարկված գրավոր հայտարարության, նախագահ Ռոնալդ Ռեյգանի՝ 1981 թ. Ապրիլի 22-ի №4838 հայտարարության և ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ 1975 թ. ապրիլի 8-ի №148 և 1984 թ. սեպտեմբերի 10-ի №247 համատեղ բանաձևերի միջոցով,

Քանի որ «Էլի Վիզելի Ցեղասպանության և վայրագությունների կանխարգելման մասին» 2018 թ. օրենքով վայրագությունների կանխարգելումը սահմանվում է որպես Միացյալ Նահանգների ազգային շահ, ինչպես նաև հաստատվում է, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է Միացյալ Նահանգների կառավարության մակարդակով իրականացնել ռազմավարություն, որն ուղղված է հնարավոր վայրագությունների բացահայտմանը, կանխմանն ու արձագանքմանը՝ «դիվանագիտական արձագանքի և արտաքին օգնության արդյունավետ օգտագործումն ուժեղացնելու միջոցով՝ համապատասխան անցումային արդարադատության միջոցառումներին աջակցելու, ներառյալ նախկին ոճրագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով»:

Արձանագրելով վերոնշյալը՝ հաստատում ենք, որ Ներկայացուցիչների պալատի կարծիքով Միացյալ Նահանգների քաղաքականությունն է՝

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը` այն պաշտոնապես ճանաչելու և հիշատակելու միջոցով,

2) մերժել Միացյալ Նահանգների կառավարությանը՝ Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման մեջ ներգրավելու, ներառելու կամ որևէ այլ կերպ առնչելու փորձերը, և

3) խրախուսել Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ մարդասիրական օգնության գործում Միացյալ Նահանգների դերի և մարդկության դեմ ներկայումս իրականացվող հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկվածությունը»:

Բանաձևի անգլերեն բնագրից (ոչ պաշտոնական) թարգմանությունը` ՀՑԹԻ ավագ գիտաշխատող, պ.գ.թ. Ռոբերտ Թաթոյանի

Օրացույց