Ո՞վ է մեր հերոսը կամ ինչպես դիմակայել ցեղասպանությանն այսօր

դեկտեմբեր 29, 2019 - 16:11        Viewed: 216995       

Ի՞նչ է նշանակում լինել հերոս:   Հերոսի մասին պատկերացումները կապված են տվյալ ազգի հավաքական բարոյական կերպարի հետ, որը, մեր դեպքում, ունի հազարամյակների ընթացքում ձևավորված իր կայուն պատկերը: Ահա այս պատկերացումներն են մեր համար որոշիչ, թե ու՞մ  կարող ենք համարել հերոս կամ ի՞նչ բնութագիր ու հատկանիշեր է կրում մարդը, որին կարող ենք անվանել հերոս և որը օրինակ պետք է ծառայի մեզ բոլորիս՝ առանձապես մեր մատաղ սերնդին: Հերոսը նա է, ով լինելով բարձր բարոյական հատկանիշերի կրող, իր առանձնահատուկ, ակնառու գործողությունների շնորհիվ արժանացել է ժողովրդի սիրուն, համակրանքին և պատվին՝ օրինակ ծառայել մեր երեխաների դաստիարակության գործում: Շատ հաճախ հերոսի իրական մեծությունը ի հայտ է գալիս իր գործելու ժամանակահատվածից բավականին ուշ՝ անցնելով ժամանակի փորձություն:             Ինչու՞ ենք այսքան հաճախ կրկնում բարոյականություն բառը: Այդ բառը չունի նյութական դրսևորում, սակայն այդ բառն է արտահայտում թերևս այն միակ հասկացությունը, որը մարդուն տարբերում է մնացած կենդանի արարածներից: Այդ են հաստատում մարդկության մեծագույն հանճարները: Զուր չէ մեծ փիլիսոփա Իմանուիլ Կանտը իր հանրահայտ արտահայտութան մեջ անսահման հիացմունք արտահայտել երկու երևույթի հանդեպ՝ աստեղազարդ երկնքի՝ մեր գլխավերևում և բարոյական օրենքի՝ մեր մեջ: Հենց այդ բարոյական օրենքն է պայմանավորում  մեր վարքը, ապրելակերպը, էութունը:

Հասկանալի է, թե ինչն է պատճառը նրա, որ այսօր ով ասես ջանք չի խնայում ազդելու, փոխելու մեր բարոյական օրենքը, մեր արժեհամակարգը՝ փորձելով մեր վզին փաթաթել դրսից ներմուծված, մեզ համար խորթ հասկացություններ և արժեքներ, տարբեր կարգի շեղումներն ու խանգարումները հրամցնել մեզ իբրև նորմա, դեռ ավելին՝ իբրև նախընտրելի, խրախուսելի և օրինակելի վարքագիծ: Պարզ է արտաքին ուժերի նպատակը՝ խաթարել մեր արժեհամակարգը, կոտրել մեզ ներսից, հեշտացնել և արագացնել առանց այդ էլ ընթացող ուծացումը, առանց բիրտ ուժ գործածելու ոչնչացնել մեզ որպես ազգ: Դա ոչ այլ ինչ է քան ցեղասպանություն: Թյուր է կարծիքը, թե ցեղասպանությունը միայն ծրագրված ֆիզիկական բնաջնջում է: Ցեղասպանությունը կարող է իրագործվել նաև անարյուն եղանակներով: Դարեր շարունակ այդպիսի վարքագիծ են դրսևորել մեր հանդեպ բոլոր նվաճողներն ու զավթիչները՝ սկզբում փորձելով զավթել բիրտ ուժի միջոցով, կործանելով անկախ պետականությունը, գլխատելով ազգի սերուցքը, վերնախավը, մտավորականությունը, ազնվական, զինվորական, հոգևոր դասը, այնուհետ անցնելով հաջորդ փուլին՝ պետականազուրկ, անառաջնորդ մնացած ժողովրդին ստիպելով ուծացվել՝ արգելելով կամ խոչնդոտներ ստեղծելով հաղորդակից լինել իր ազգային մշակույթին՝ լեզվին, կրոնին, պատմությանը, երգին, պարին, ծեսին ու ավանդույթներին, արժեհամակարգին: Փոխարինելով դրանք խորթ ու օտարով: Փորձելով մոռացության մատնել մեր իրական հերոսներին՝ հալածելով նրանց, մահից հետո էլ աղճատելով, մրոտելով նրանց կերպարը: Իսկ փոխարենը մեզ հրամցնում են դավաճանների, ճիվաղների ու այլազան այլանդակների՝ ներկայացնելով նրանց իբրև հերոս:

Օրերս Վրաստանի Հայ Համայնքի Կանանց Միությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված հայ հերոս կանանց, նպատակ ունենալով  պատասխանել հարցին, թե ո՞վ է իրական հերոսը, ումի՞ց պետք է օրինակ վերցնի հայ պատանին, երիտասարդը: Միջոցառումը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Հերոս հայ կանայք»: Ինչպիսի՞ն է հայ կինը, ի՞նչ որակներով և արժանիքներով է օժտված իսկական հայ կինը, հերոս հայ կինը: Ահա այս հարցերին էին փորձում պատասխանել միջոցառման մասնակիցները՝ վերհիշելով մեր հարուստ պատմությունը, ավանդույթները, որոնք մեզ են  հասել հազարամյակների խորքից: Նշվեց, որ ավանդական հայկական ընտանիքում հայ կինն է պահել օջախի կրակը, հայ կինն է մայրենի լեզուն փոխանցել իր երեխաներին, հայ կինն է եղել իր ամուսնուն ոգևորողը և մղողը դեպի  հաղթանակներ, իսկ օրհասական պահերին, երբ վտանգվել է ազգը և հայրենիքը, հայ կինը նաև զենք է վերցրել իր ձեռքը և տղամարդուն հավասար պաշտպանել իր ընտանիքը, պատիվն ու  հայրենիքը:

Այդպես է եղել սկսած հեթանոսական ժամանակներից մինչև մեր օրերը: Առանձնահատուկ սիրո և պաշտամունքի է արժանացել հայոց մեջ մոր կերպարը: Այդ սերն ու հարգանքը արտացոլվել են մեր նախաքրիստոնեական դիցարանում, իսկ հետագայում՝ աստվածամոր պաշտամունքի մեջ: Մեր երկար պատմության ընթացքում ունեցել ենք հերոս անձնուրաց կանանց բազում օրինակներ: Այդ միջոցառման ընթացքում վերհիշվեցին մի քանի անուններ՝ ինչպես Փառանձեմ թագուհին, Շուշանիկ Մամիկոնյանը, Ջալալ իշխանի դուստր Ռուզանը, Ռուբինյան Հեթում սպարապետի կին Զարմանուհին, Այծեմնիկ Անեցին և առանձնակի ուշադրություն հրավիրվեց 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ֆիդայական շարժումների մասնակից և առաջին հանրապետության կին-գործիչների վրա՝ Թամարա Ադամյանի, Սաթենիկ Մատինյան-Արղությանի, Դիանա Աբգարի, Կատարինե Զալյան-Մանուկյանի, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի, Վարվառա Սահակյանի, Սոսե Մայրիկի, Իսկուհի Թիրեքեանի կերպարների վրա: Ինչպես նաև արդեն մեր օրերին՝ արցախյան հերոսամարտի մասնակից հայ հերոս կանանց վրա:

Ահա նման հերոսների կերպարները պետք է լինեն հարգանքի ու պաշտամունքի առարկա և օրինակ ծառայեն մեր նոր սերնդի համար: Մինչդեռ այսօր որոշ դրսի ուժեր, ներսի իրենց գործակալների միջոցով, մեզ փորձում են «խելք սովորեցնել»՝ ցանկանալով փոխել մեր բարոյական արժեհամակարգը: Ուզում են մեզ համոզել, որ մեր հազարամյակների ընթացքում ձևավորված կայուն բնական արժեհամակարգը, որի վրա է հիմնված մեր աշխարհայացքը՝ մասնավորապես մեր պատկերացումները ընտանիքի, կնոջ, ամուսնու, ծնողների, երեխայի, պատվի, ազգի, հայրենիքի, արդարության վերաբերայալ սխալ են կամ թերի և պետք ունեն անխտիր  ու անհապաղ վերանայելու: Օրինակ՝ ուզում են համոզել, որ ընտանիքը դա ոչ միայն տղամարդու  և կնոջ միությունն է, այլ կարող է ընտանիք կոչվել նույն սեռի երկու անհատի միությունը՝ երեխա որդեգրելու և դաստիարակելու իրավունքով: Ավելին՝ հենց սեռ հասկացությունն է դրվում հարցականի տակ: Պարզվում է, որ սեռը չի սահմանափակվում արականով և իգականով և մեզ պարտադրում են ընդունել «գենդեր» կոչված եզրույթը, որը ըստ մեր նորօրյա «ուսուցիչների» եկել է փոխարինելու սեռ հասկացությունը: Այդ «գենդերը» շատ ավելի բազմազան է և մարդ ինքը պետք է իր համար ընտրի և ցանկության դեպքում այն փոխի: Փորձեր են արվում համոզելու, որ մեր ընտանիքներում տիրում է անհանդուժողականությունը ու բռնությունը կանանց ու երեխաների հանդեպ: Հովանավորվում և ֆինանսավորվորվում են կասկածելի միջոցառումներ՝ ինչպես օրինակ սեռափոխ կասկածելի անձի մասին ֆիլմ՝ նպատակ ունենալով ներկայացնել նրան որպես օրինակելի հերոս: Նման օրինակները, ցավոք սրտի, կարելի է շարունակել, սակայն կանգ առնենք այսքանի վրա:

Խելքի  գանք, սթափվենք քանի դեռ ուշ չէ, բարձր պահենք մեր ազգային ու մարդկային արժանապատվությունը, աչքի լույսի պես պահպանենք մեր ազգայինը՝ լեզուն, մշակույթը, հավատամքը, արժեհամակարգը, պետությունը և օրինակ վերցնենք մեր ազգի նվիրյալներից և իրական հերոսներից, որոնք իրենց պայքարն ու կյանքը նվիրել են այս արժեքների պաշտպանությանը: 

Օրացույց