Ծննդյանդ տարեդարձը շնորհավոր փառապանծ հերոս

հունվար 12, 2020 - 19:15        Viewed: 397       

    1895 թ. հոկտեմբերի մի օր Նիկոլ Դումանն առաջնորդում էր 50 հոգանոց խումբը դեպի Վան-Վասպուրական: Նրա անբաժան օգնականը Վազգեն Տերոյանն էր: Ճանապարհը դժվարին էր: Տարվա այդ ամսվա համար անսովոր ցրտաշունչ եղանակը լրացուցիչ դժվարություններ էր հարուցում: Արևմտյան Հայաստան չհասած` երկու հոգի ցրտից մահացան: Հազիվ ոտք դրած Վասպուրականի հողին` հայդուկների խումբը պաշարվեց քրդական 1500-անոց հրոսակախմբի կողմից: Երկօրյա համառ մարտերից հետո, ընդամենը մեկ զոհ տալով, հայդուկներին հաջողվում է ճեղքել քրդերի շղթան ու ապաստանել հայկական Բողազ-Քյոսան գյուղում: Սակայն նրանց կրնկակոխ հետապնդող քրդերը պաշարում են նաև գյուղի այն մարագները, ուր ապաստանել էին հայ ազատամարտիկները: Քրդերը, չկարողանալով գրավել մարագները, որոշում են կրակի տալ նրանց: Նրանք մարագի մոտ կուտակում են չոր փայտ ու խոտ: Անելանելի դրությունից ելք է գտնում խմբապետ Նիկոլը: Նրա հրամանով ֆիդայիները բացում են մարագի դռները և դիմահար կրակով առաջ շարժվելով ու տապալելով շատ քրդերի` ճեղքում են շղթան ու դուրս գալիս շրջապատումից: Քրդերը մեծ կորուստներ են ունենում. զոհվում է երկու ցեղապետ: Իսկ ֆիդայիներն այս կռվում զոհ չտվեցին: -Սա մարդ չէ, սա դուման է (փոթորիկ) է,- ասում են քրդերը` հիացած ֆիդայու համարձակությամբ ու արիությամբ և երգեր են հյուսում նրա մասին: Այդ օրվանից Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը դարձավ Նիկոլ Դուման:

    Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը ծնվել է 1867 թ. հունվարի 12-ին Արցախի Խաչեն գավառի Ղշլաղ գյուղում: Սովորել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ էլ անցել է հեղափոխության դարբնոցը: 1890-ական թթ. դասավանդել է Հյուսիսային Կովկասի հայկական դպրոցներում, ապա` Թավրիզի ու Սալմաստի վարժարաններում: Այստեղ դասավանդելու տարիներին Նիկոլը աշակերտների սիրելին էր: Դասերից զատ նա ակտիվ ու աչքի ընկնող աշակերտներին հայրենասիրության դասեր է տալիս, զինավարժություններ անցկացնում: Պատանի տարիքից հարել է ազատագրական շարժումներին: Մարտական մկրտությունը ստացել է 1894 թ. Դերիկում: Դերիկի վանքն այդ տարիներին հայ ազատամարտի զինանոցն էր: Այնտեղ էին հավաքվում զինյալ ֆիդայիները, վանքը նաև զինապահեստի դեր էր կատարում: Եվ ահա, Վանի փաշան փորձում է ծուղակ սարքել և ձերբակալել վանքում հավաքված 18 զինավառ հայ ֆիդայիներին: Շուրջ 500 հոգանոց ասկյարների զորաջոկատը պաշարում է վանքը: Սակայն հմուտ մարտավարությամբ հայ ֆիդայիներին հաջողվում է խույս տալ առանց կորուստների: 1895 թ. մեծաքանակ խմբով Նիկոլ Դումանն անցնում է Վան: Այստեղ նա հղացավ Խանասորի արշավանքի գաղափարը: Քրդական մազրիկ ցեղը, որ գործում էր Վասպուրական-Պարսկահայք սահմանագծին, հաճախ էր խոչընդոտում ֆիդայիների գործունեությունը և անհարկի կոտորածներ կազմակերպում հայության շրջանում: Հարկավոր էր պատժել մազրիկներին, ինչին էլ 1897 թ. ձեռնամուխ եղավ Նիկոլ Դումանը: Այս արշավանքի ժամանակ էլ առանձնացավ Նիկոլի ասպետական պահվածքը. «Տղե՛րք ջան, կանանց ու երեխաներին մի ձեռք տաք, բայց տղամարդկանց անխնա մորթոտեցեք»։

    Խանասորի արշավանքը Նիկոլի մտահղացումն էր: Սակայն նա արշավանքին մասնակցեց սոսկ որպես հիսնապետ: Այստեղ էլ ընդգծվեց Նիկոլ մարտիկի անվերապահ նվիրումն ու հավատարմությունը հայրենիքին: Նա որևէ անձնական շարժառիթ չուներ. նրա նախաձեռնությունը ՀՅԴ-ն հանձնեց Վարդանին, և անխոնջ մարտիկը Խանասորի գործողությանը մասնակցեց որպես հիսնապետ: Խանասորի արշավանքից հետո Նիկոլ Դումանն անցավ Կովկաս և հաստատվեց Բաքվում: Գերազանց ղեկավարելով Բաքվի հայության ինքնապաշտպանությունը` 1904 թ. նա հաստատվեց Երևանում: Մեծ էր նրա դերը 1904-1905 թթ. Երևանի հայության ինքնապաշտպանության գործում: Նիկոլը հայության առաջնորդն էր, ոգին ու հրամանատարը: Նրա հրամանատարությամբ հայությունը հուժկու հարված հասցրեց Արարատյան դաշտում բնակվող թուրքերին: Նա մի քանի պատժիչ արշավանքներ ձեռնարկեց թուրքական բնակավայրերի դեմ: Նույն թվականին Նիկոլի հրամանով Բաթումում պատուհասվեց Երևանի նահանգի հայերի ջարդերի կազմակերպիչներից փաստաբան Կենգերլինսկին: 1910 թ. Նիկոլ Դումանը ՀՅԴ-ի կողմից ընտրվում է պատգամավոր և մասնակցում Կոպենհագենում անցկացված երկրորդ միջազգայնական կոնգրեսին: 1910-ական թթ. նա դարձյալ Կովկասում էր, ապա անցավ Արևմտյան Հայաստան` մասնակցելով հայ ազատամարտին: Շուտով Նիկոլ Դումանն անցավ Պարսկաստան և մասնակցեց Իրանի հեղափոխական շարժումներին: Նիկոլն ազգի նվիրյալն էր, նրա համար միակ սրբությունը հայրենիքն էր:

 

     Նրա կարգախոսն էր. «Ինչ էլ լինի, թե՛ թշնամուն և թե՛ բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Եվ մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ. միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ` քաղաքական ցնցումների վայրկյաններում»:

 

    Նա հայ մարտիկի հավաքական կերպարն էր ու խիղճը: Առավել լավ է Նիկոլին նկարագրել ՀՅԴ պատմագիր Միքայել Վարանդյանը. «Բարձրահասակ, նիհար, ջղուտ ու ոսկրուտ, մեջքը փոքր-ինչ կորացած, սև, կայծկլտող աչքերով, ուժեղ, խուզարկու նայվածքով. պայծառ միտք, արագ ըմբռնող, ինքնավստահ ու կորովի, հանդուգն և ահեղ։ Հրամանատար մըն էր - սիրտը՝ պողպատ, խոսքը՝ կտրուկ, վճիռը՝ անդառնալի։ Երգեր հյուսեցին քյուրտերը անոր վարած կռիվներուն մասին - փայլուն ճակատամարտներու շարան մը։ Նիկոլ Դուման դաժան ու անխնա էր ամեն կարգի ոսոխներու դեմ, նաև՝ ներքին հակառակորդներու։ Խարազանն էր շանթաժիստներու, դասալիքներու, անկարգապահ զինվորներու»: Նիկոլ Դումանը հայ ազատամարտի պատմության մեջ հարձակողական մարտավարության հիմքը դրեց: Նա հիմնավորում էր, որ ոչ միշտ է պաշտպանվողականությունը խրախուսելի, և հարկ է մերթ ընդ մերթ կիրառել հարձակողական, պատժիչ գործողություններ: Եվ նա իր մարտավարությունը հաջողությամբ կիրառեց ամենուր, երբ հայտնվում էր պայքարի կիզակետում: 1914 թ. Նիկոլ Դումանը ծանր հիվանդ էր. նա տառապում էր թոքախտով: Եվ ջանք չէր խնայում անգամ այդ վիճակում ծառայելու հայրենիքին: Սակայն տեսնելով, որ ի զորու չէ ոչինչ փոխելու, սեպտեմբերի 27-ին Կիսլովոդսկում ինքնասպան եղավ` իր մաուզերով կրակելով քունքին: Մինչ այդ նա իր կյանքին վերջ տալու խնդրանքով դիմել էր ընկերոջը: Բայց ո՞վ իր ձեռքով կգնդակահարեր հերոսին: Նրա շիրիմն ամփոփում են սեպտեմբերի 28-ին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Բազմահազարանոց ամբոխն արցունքներով ճանապարհեց հպարտ հերոսին: ՀՅԴ ականավոր գործիչներից Տաշոն` Հովսեփ (Իշխան) Արղությանը, իր ճառի մեջ ասաց, որ հիրավի Սիմոն Զավարյանը դաշնակցության խիղճն էր, իսկ Նիկոլը` դաշնակցության մարտիկը: Նիկոլի աճյունն ամփոփվեց հենց Զավարյանի շիրիմի կողքին: Այսօր այն հազարավոր այլ արժանավոր հայերի շիրիմների հետ պղծվեց և ոչնչացվեց վրացական իշխանությունների կողմից:

Օրացույց