150 տարի առաջ ծնվել է ՍԵՎՔԱՐԵՑԻ ՍԱՔՈՆ (1870-1908)
Սևքարեցի Սաքո, Անմեղ, Անմեղյան (Ծովանյան Սարգիս Սարիբեկի) (14 հունվարի 1870 գյուղ Սևքար (ՀՀ Տավուշի մարզում) – 13 նոյեմբերի 1908), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։
Ազգային-ազատագրական գաղափարների ձևավորմանը մեծապես նպաստել է 1890 թվականին Սարգիս Կուկունյանի հետ ծանոթությունը և ՀՅԴ հիմնադիր-անդամներ Քրիստափոր Միքայելյանի, Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ համագործակցությունը։ 1892 թվականին որպես զինատար հայդուկ հաստատվել է պարսկա-թուրքական սահմանին՝ Դերիկի վանքում: Մասնակցել քրդերի դեմ մղված կռիվներին, նպաստել զինատար խմբերի անցմանը Արևմտյան Հայաստան, ուղեկցել Պարսկաստան անցնող հայդուկներին։ Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ Սևքարեցի Սաքոն 1897 թվականի հուլիսին մասնակցել է Խանասորի արշավանքին։ Այնուհետև անցել է Վաղարշապատ: 1898 թվականին մասնակցել է Թիֆլիսում կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին: 1898 թվականին մի քանի ուղեկիցներով, Կարսից անցել է Արևմտյան Հայաստան, սակայն, Մշո դաշտի Ղզլաղաճ գյուղում ձերբակալվել է թուրքական իշխանությունների կողմից։ Սևքարեցի Սաքոն սկզբում տեղափոխվել է Մուշի, այնուհետև՝ Կարինի բանտ: Որպես Սուրբ Կարապետ վանքի ուխտավոր ներկայանալու Սաքոյի բոլոր ճիգերն անցել են ապարդյուն։ Հայդուկային գործունեության, Աղբյուր Սերոբի և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ունեցած նամակագրական կապերի և այլնի համար թուրքական դատարանի կողմից դատապարտվել է նախ 101 տարվա բանտարկության, ապա՝ մահվան։ Սակայն, 1901 թվականին ռուսական հյուպատոսարանի ճնշման տակ, Սևքարեցի Սաքոն, որպես ռուսահպատակ, հանձնվել է ռուսական իշխանությունների դատին, որոնք նրան շուտով ազատ են արձակել։
1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումների ժամանակ կազմակերպել է Ղազախ-Շամշադինի ինքնապաշտպանությունը՝ միաժամանակ ակտիվորեն երկու կողմերում հանդես է եկել համերաշխության կոչերով։ 1907 թվականին մասնակցել է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին, որտեղ որոշվել է օգնել 1905 թվականից Իրանում սկսված հեղափոխությանը։ Որպես հեծյալ խմբի հրամանատար՝ ուղևորվել է Պարսկաստան, սակայն ռուս-պարսկական սահմանին հիվանդացել է խոլերայով և տեղափոխվել Երևան, ուր և շուտով կնքել է իր մահկանացուն։
Սևքարեցի Սաքոն թաղվել է Երևանում՝ ներկայիս Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում։ 1938 թվականին խորհրդային իշխանության կողմից Սևքարեցի Սաքոյի գերեզմանը ավերվել է, իսկ սպիտակ մարմարից կերտված գերեզմանաքարը փոխադրվել և դրվել է հայ նշանավոր բոլշևիկյան հասարակական-քաղաքական գործիչ Ասքանազ Մռավյանի շիրմին։
Նա իր ժողովրդի բարեկամներին դիմավորում էր իր աննման սազով ու տաղով, իսկ թշնամուն՝ իր անբաժան «Մոսինով» ու դիպուկ կրակոցներով:
Նրա մասին պատմում են՝ «Սև Քարեցի ռանչպար Սարիբէկի որդին գնում է Գոշավանք` օրհնութիւն ստանալու: Նայելով խաչուած Քրիստոսի պատկերին, նա շշնջում է՝ «Եթէ զօրու ես, ինձ Արաբոյի հայդուկ դարձրու: Արժանի արա նպատակիս, որն է` մինչեւ կեանքիս վերջը կռուել Ավետեաց Երկրի ազաութեան համար: Անձիս պահպանութիւն չեմ խնդրում քեզնից, տէ՛ր: Թող մեռնեմ, եթէ դա հարկաւոր է, միայն թէ ինձ չդարձնես պարզապէս մեռել, ես նահատակ եմ ուզում դառնալ, թող որ յաւիտեանս բոլորին անյայտ, բայց նահատակ: Օգնիր ինձ կեանքս մատաղ անելու իմ ժողովրդին»: Վանքի քահանան ընդունում է Սաքոյի երդումը եւ օրհնում նրա սուրբ նպատակը»:
Սևքարեցի Սաքոյի մասին հիացմունքով են արտահայտվել մեր ժողովրդի մեծերը՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը, ազգային հերոս Անդրանիկը: 1905-1906 թվականներին՝ Անդրկովկասում բռնկված ազգամիջյան կռիվների ժամանակ, խաղաղության և բարեկամության կոչով Սաքոն հայ մեծ բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի հորդորով և նրա հետ շրջագայել է հայկական ու ադրբեջանական գյուղերով, աշխատել կանխել կոտորածները:
Պատմում են, որ Անդրանիկը, երբ Լոռվա սարերից իջնելով Դիլիջան, զգացել է, որ ժողովրդի տրամադրությունն ընկած է, հրավիրում է Դիլիջանի և մերձակա գյուղերի համայնքների ներկայացուցիչներին, ոգեշունչ խոսք է ասում ու հորդորում վանել կամքի թուլությունն ու ընկճվածությունը. «Ո՛չ, ես չեմ հավատում, որ ստրկաբար ընկճվել է Սևքարեցի Սաքո ծնող ժողովրդի ոգին: Ո՛չ, չեմ հավատում: Եվ փառք Աստծո, որ խոսքերիս ապացույց էլ կա»: Այնուհետև, դիմելով Վանից եկած զինվոր Ներսեսին, Զորավարն ասել է. «Կանցնիս Սևքար, բարևս փոխանցիր Սաքոյի հարազատներին: Աստված կամենա խաղաղությունը տիրե աշխարհիս, կերթամ անոնց խոնարհվելու, որոնք Սաքո են ծնել ու կերտել»:
«Սաքոն իր ազգի և աշխարհի բոլոր հալածվածների համար գլուխը դրած մի խենթ էր, դարդիման մի դերվիշ, որ կռվի դաշտում զենք էր բանեցնում, իսկ բանտի մեջ` սազ»,- գրում է Խաչիկ Դաշտենցը «Ռանչպարների կանչը» վեպում:
Սևքարեցի Սաքոյի հիշատակին է նվիրված բանաստեղծ Ավետիք Իսահակյանի «Սաքոյի գեղեցիկ հիշատակին» բանաստեղծությունը: Սևքարեցի Սաքոյի կյանքն ու գործունեությունն իր արտացոլումն է գտել արձակագիր Իգնատ Մամյանի «Մեթերհեմ բանտի կալանավորը» վիպակում (Երևան, 1989) և Իլյիչ Բեգլարյանի «Մահկանաբերդի արծիվը՝ Սևքարեցի Սաքո» փաստագրական վեպում: Սևքարեցի Սաքոյի անունով փողոց է անվանակոչվել Երևանի Նոր Արաբկիր թաղամասում:
Կապ: + (995 32) 292-21-63, Հասցե: Ածկուրի 4ա, Թբիլիսի, 0144, Վրաստան, Էլ-փոստ: info@armenian-community.ge