Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանի հարցազրույցը ՝ «Միություն» թերթին

փետրվար 19, 2020 - 02:04        Viewed: 1773       

-Պ-ն Բայանդուրյան, խնդրում ենք պատմել թատրոնի ներկա վիճակի և ապագայի տեսլականի մասին:

-Ինչպես գիտեք, արդեն 11 տարի է թատրոնը, թատրոնի կոլեկտիվը չի գործում իր սեփական շենքում: Մոտ 10 տարի առաջ շենքում ճեղքեր երևացին, թատրոնի ղեկավարությունը ստիպված դիմեց Վրաստանի սեյսմիկ կենտրոնին, եկան ստուգեցին, ասացին վտանգավոր է, շենքը լիովին վթարային է և ուղղակի, գործել շենքում չի կարելի:  Եվ ստիպված, թատրոնի ղեկավարությունը դիմեց երկրի ղեկավարությանը: Ուրեմն, անընդհատ ինչքան վարչապետ էր փոխվում, այդ նոր վարչապետին թատրոնը դիմում էր,  ինչքան նախագահ էր փոխվում, նախագահին դիմում էր,  և սա տևեց մոտ  10 տարի: Բայց այս 10 տարվա ընթացքում մենք բոլոր ներկայցումները պատրաստում էինք շենքում, բայց խաղալու իրավունք չունեինք:

Թատոնը մեկ րոպե կանգ չի առել, այսինքն անընդհատ եղել է գործողության մեջ, ստեղծագործության մեջ: Մեկ տարի երեք ամիս է արդեն, ինչ սկսվել է թատրոնի վերակառուցումը, փաստորեն զերոից է կառուցվում շենքը: Դիմել էինք նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին, որը փաստորեն վերցրեց իր վրա շենքը կառուցելու հարցը: Արդեն տասերորդ ամիսն է, ինչ աշխատանքներ են կատարվում և դուք տեսնում եք, որ դրսից փաստորեն ամեն ինչ վերջացրած է: Հազարավոր բամբասանք, ինչ ասես ասում են շենքի մասին՝ որ շենքը այլևս հայկական թատրոն չի լինի, որ սյուները չեն լինի (7 սյունը), որ այդ շենքի փոխարեն լինելու է, չգիտեմ, մի այլ բան: Հիմա ես հազարմեկերորդ անգամ ուզում եմ ասել, որ շենքը պատրաստ կլինի 2020 թվականի դեկտեմբերին և Թիֆլիսի հայկական թատրոնը, որը արդեն 165 տարեկան է, կմտնի նոր շենք և բացմանը անպայման կհրավիրենք նաև ձեզ:

-Ի՞նչ է փոխվել շենքից: Ի՞նչ տարբերություն կա նախկին շենքի և այսօրվա շենքի միջև, որն արդեն փաստորեն ունենք:

-Թատրոնը ձեռք է բերել փոքր դահլիճ, որը 140 տեղանոց է լինելու՝ դա կլինի մոնոներկայացումների համար, դա կլինի էքսպերիմենտալ ներկայացումների համար, դա կլինի մեր 7 ապագա ռեժիսորների համար, որոնք ուսանում են այսօր Երևանի թատերական ինստիտուտում՝ ամեն մեկը իր հերթական բեմադրությունը կանի: Այստեղ կգործի նաև թատրոնին կից թատերական ստուդիան:

Մեծ դահլիճը բաղկացած է լինելու 420 տեղից: Մենք նաև ունենալու ենք 12 օթյակ, որ առաջ գոյություն չուներ թատրոնում: Թատրոնը ունեցել է օթյակներ 60-ական թվերին, բայց վերանորոգումից հետո, եթե չեմ սխալվում 1969 թվականից, օթյակները վերացրեցին: Հիմա այդ օթյակները փաստորեն մենք նորից վերականգնում ենք: Թատրոնը կունենա ժամանակակից ձայն, ժամանակակից լույս: Բոլոր հարմարություններով շենքը կջեռուցվի: Այնպես որ մենք կունենանք ժամանակակից թատրոնի շենք և ես կասեմ, որ Վրաստանի անկախության  օրոք դեռ ոչ մի թատերական շենք զերոից չի կառուցվել, սա առաջին շենքն է: Թբիլիսիի հայկական թատրոնի կոլեկտիվը 2020 թվականի դեկտեմբերին կմտնի շենք:

Բայց ի՞նչ ենք արել այս 10 տարվա ընթացքում առանց շենքի: 10 տարվա ընթացքում մենք տարին մոտավորապես միջին թվով բեմադրել ենք 5 նոր ներկայացում, խաղացել ենք ամեն տարի 70-80 ներկայացում: Եղել են տարիներ, որ ավելի քիչ ենք խաղացել 40-50 ներկայացում: Քիչ է նրա համար, որ մենք ստացիոնար չենք կարողանում գործել և «դրսում» խաղալու համար դա մեծ ծախսերի հետ է կապված: Այսինքն, ինչպես դուք գիտեք, խաղում ենք և Ռուսթավելիի անվան թատրոնում և Մարջանիշվիլիի անվան թատրոնում և ռուսական թատրոնում, որը մեծ ծախսերի հետ է կապված: Դրա համար թատրոնը հաճախակի է լինում դրսում: Այսինքն մենք այս 10 տարվա ընթացքում, ինչպես նախկինում թատրոնները, որոնք շենք չունեին, նրանց կոչում էին թատրոն անիվների վրա, ինչպես ժամանակին Համո Խարազյանի թատրոնն էր անիվների վրա, մենք էլ հաճախակի ենք դրսում ներկայացումներ խաղում: Վերջերս ավարտվեց  մեր Նոր Տարվա ներկայացումը Քվեմո Քարթլիում, որտեղ մենք հանդես ենք եկել 7 գյուղում այն երեխաների համար, որոնք ընդհանրապես Ձմեռ Պապի ու Ձյունանուշիկ չեն տեսնում: Չնայած նրան, որ գյուղերում չունեն հնարավորություն՝ բեմ, ակումբներ, ցավոք սրտի, դեռ այն մակարդակի վրա չեն գյուղի ակումբները, բայց բոլոր դեպքերում մեզ շատ կարոր է շփվել երեխաների հետ, մանկավարժների հետ, նաև ծնողների հետ: Ինչո՞ւ: Սա վաղվա մեր հանդիսատեսն է, որովհետև այստեղից 40 կիլոմետրի վրա մենք հարյուրավոր աշակերտներ ունենք, որոնք վաղը՝ երբ թատրոնը բացվի, դառնալու են մեր հանդիսատեսը:

Մեր հանդիսատեսն է նաև Սամցխե-Ջավախեթին, որտեղ հաճախ ենք լինում՝ լինում ենք Նինոծմինդայում, Ախալքալաքում, Ախալցիխեում, բայց ավելի շատ լինում ենք Ախալցիխեում, ես ուզում եմ սրա մասին բարձրաձայնել և գիտեմ, համոզված եմ, որ կարդալու են նաև Նինոծմինդացիները և Ախալքալաքցիները: Ախալցիխացիները ավելի շատ են սիրում ներկայացում, քան, ասենք, Ախալքալաք կամ Նինոծմինդան և դրա համար մենք հաճախակի լինում ենք Ախալցիխեում:

Այս ընթացքում թատրոնը եղել է Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Իրանում, Ռուսաստանում: Ապրիլի սկզբին թատրոնը մեկնում է Եգիպտոս: Կահիրե ենք մեկնում 3 ներկայացումով, մեկ շաբաթով: Թատրոնը հաճախակի մասնակցել է թատերական փառատոնների և այն փառատոնները, որոնք եղել են մրցանակային, այնտեղից անպայման մրցանակ է բերվել, ինչպես 3 տարի առաջ Հունաստանից թատրոնը 4 մրցանակ բերեց՝ լավագույն դրամատուրգ, լավագույն ռեժիսուրա և այլն: Թարտոնը հաճախակի է մասնակցում նաև Վրաստանում բոլոր թատերական փառատոններին՝ Ախալցխայում կայացող փառատոնին, որը վրաց դրամատուրգիայի փառատոն է կոչվում, մասնակցում է Օզուրգեթում կայացող Դումբաձեի անվան թատերական փառատոնին: Մասնակցում է Հայաստանյան բոլոր փառատոներին՝ Լոռվա փառատոնին, «Արտավազդ» ամենամյա փառատոնին, որին այս տարի ևս մարտ ամսին մասնակցելու ենք:

Ի՞նչն է թատրոնի գերխնդիրը: Եթե մենք մոտ մեկ տարի հետո մտնում ենք թատրոնի նոր շենք, այսօր պիտի պատրաստվենք դրա համար՝ այսինքն հզորացնենք խաղացանկը: Իսկ խաղացանկը հզորացնելու համար մեր գերխնդիրն է ունենալ լավ ներկայացումներ: Եվ լավ ներկայացումներ անում են միայն լավ ռեժիսորները, սա ընդունված բան է: Ունենալով թատրոնում երկու գործող ռեժիսոր՝ Ռոման Մաթեիշվիլին ու Լևոն Ուզունյանը, մենք սկսել ենք արդեն հրավիրել և առաջատար վրաց ռեժիսորներին, որոնք արդեն իրենց երկու հերթական ներկայացումները արել են: Դա «Պատանի հադիսատեսի թատրոնի» գեղարվեստական ղեկավարն է և Լեվան Սվանաձեն՝ ազատ ռեժիսոր, որոնք իրենց հերթական ներկայացումներն են արել՝ Էդուարդ Օլբիի «Ինչ պատահեց գազանանոցում» և վրաց դրամատուրգի «Գլխավոր դեր» ներկայացումը: Հիմա, հենց այս օրերին արդեն ընթանում են փորձեր մեր դերասանների հետ, որը բեմադրում է Աֆթո Վարսիմաշվիլին՝ Գրիբոյեդովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Բեմադրում է իր պիեսը, որը կոչվում է «Հրեշտակն ու երեք փողկապավորները»: Այս տարի նաև երկու ռեժիսոր ենք հրավիրել Հայաստանից՝ Վահե Շահվերդյանը և Սուրեն Շահվերդյանը: Վահե Շահվերդյանը բեմադրելու է Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որով երևի թե կբացենք թատերաշրջանը իսկ Սուրեն Շահվերդյանը երիտասարդների հետ բեմադրելու է մի բեմադրություն, որը լինելու է առանց տեքստի՝ պլաստիկայի վրա ստեղծված ներկայացում:

Ի՞նչ է այսօր անում թատրոնը իր ստեղծագործությամբ: Թատրոնը այսօր միայն հայերին չէ որ պիտի ծառայի: Այսինքն, համայնքային հասկացողությունից թատոնը պիտի աշխատի ոչ թե դուրս գալ, այլ լինել ոչ միայն համայնքի համար: Մեր գերխնդիրն է, որ մեր ներկայացումներին ներկա լինեն ոչ միայն հայեր, այլ նաև հանդիսատես, որը չի տիրապետում հայերենին և մեր բոլոր ներկայացումները շենքում թարգմանվելու են մի քանի լեզուներով՝ վրացերեն, անգլերեն և ռուսերեն: Այսօր մենք խաղացանկում ունենք մոտ 40 ներկայացում: Այս 40 ներկայացումը վերականգնելու համար մեզ հարկավոր է ժամանակ, որպեսզի մեր հանդիսատեսը լիովին կարողանա տեսնել, դիտել այն ներկայացումները, որոնք իրենք ուղղակի դեռ չեն դիտել:

Ինչպես դուք գիտեք, թատրոնը ֆինանսավորվում է Վրաստանի մշակույթի նախարարության կողմից և Հայաստանն է գումար հատկացնում՝ ամեն տարի 14 միլիոն դրամ: Այդ գումարը օգտագործվում է հյուրախաղերի համար, բեմադրող ռեժիսորների համար և նաև տարվա վերջին մնացած գումարը հատկացնում ենք դերասաններին, այսինքն թատրոնի կոլեկտիվին, որովհետև նրանց աշխատավարձը փաստորեն շատ ցածր է: Այս աշխատավարձի առումով պիտի ասենք, որ մենք արդեն դիմել ենք մշակույթի նախարարությանը, որ շենք մտնելուց հետո աշխատավարձը պիտի կրկնապատկվի, որովհետև թատրոնի աշխատողի միջին աշխատավարձը այսօր 295 լարի է: Դա շատ ցածր աշխատավարձ է և մեզ խոսատացել են, որ մեր աշխատավարձը կբարձրանա, դրա համար պետք է թատրոնի բյուջեն բարձրանա:

-Ազա՞տ է արդյոք թատրոնը ստեղծագործական առումով:

-Այո, թատրոնը այսօր ստեղծագործական առումով ազատ է: Ի՞նչ է նշանակում ազատ: Մեզ ոչ ոք չի թելադրում՝ ինչ բեմադրենք, մեզ ոչ ոք չի թելադրում՝ ինչպես խաղանք, որտեղ խաղանք, մեզ ոչ ոք չի ասում, թե այս գործը պիտի անպայման բեմադրես: Էսպիսի բաներից ոչ միայն մեր թատրոնն է ազատ, այլ ազատ են վրացական բոլոր թատրոնները, այսինքն՝ ստեղծագործական ազատություն է տրված բոլոր թատրոններին:

Հիմա ի՞նչն է մեզ մտահոգում և անհանգստացնում ընդհանրապես նոր շենք մտնելուց հետո:  Մենք 10 տարի է չենք շոշափել մեր հանդիսատեսի զարկերակը: Մենք չգիտենք ովքե՞ր են նրանք: Որովհետև երբ դու քաղաքում խաղում ես շատ քիչ, դու չես կարողանում հասկանալ թե քո հանդիսատեսը ի՞նչ է ուզում, ովքե՞ր են նրանք, ի՞նչ սերունդ է եկել: Օրինակ, հիմա ձեզ հետ խոսում եմ, ես չգիտեմ թե դուք ի՞նչ կուզենայիք տեսնել, ինչպիսի՞ մտավորականություն է գալիս, քանզի մեր մտավորականության մեծ մասը գնաց այստեղից: Մենք հիմա շատ լուրջ պրոբլեմ ունենք մտավորականության, իսկ թատրոնը՝ դա ոչ բոլորի համար է, ինչպես և երաժշտությունը ոչ բոլորի համար է, նկարչությունը ոչ բոլորի համար է: Որովհետև թատրոնը ընտրյալ մարդկանց համար է, որոնք կարողանում են տարբերել սևը սպիտակից՝ այսինքն թատրոնը սերտորեն կապված է գրականության, պոէզիայի, երաժշտության հետ: Այսինքն դու պիտի ունենաս դահլիճում այնպիսի հանդիսատես, որ կարողանա նա քեզ հուշել, թե ի՞նչ է ուզում տեսնել, ինչպիսի ներկայացում է ուզում տեսնել:

Այսօր մենք ունենք մոտ 30 երիտասարդ դերասան, որոնք համարվում են շնորհաշատ մարդիկ՝ այդ գնահատականը ոչ միայն մենք ենք տալիս, այլ նաև վրաց թատերական աշխարհը: Ունենք նաև երիտասարդներ, որոնք այսօր ուսանում են: Այսօր հասել ենք նրան, որ կոլեկտիվի 98 տոկոսը ունի թատերական կրթություն, որը ժամանակին պակասել է թատրոնին: Եղել են տաղանդավոր, հանճարեղ մարդիկ թատրոնում, բայց ունեցել ենք նաև դերասաններ, որոնք, ցավոք սրտի, թատերական կրթություն չեն ունեցել: Բացի դրանից մենք ունենք 6 ուսանող, որոնք երկու տարի հետո կստանան ռեժիսորական կրթություն, այսինքն վաղը գալու է թատրոնի այդ երիտասարդությունը, որը շփվելու է ձեզ հետ՝ նոր երիտասարդություն է գալիս, նոր ռեժիսուրա:

Թատրոնի ղեկավարությունը ևս պիտի թարմանա՝ սա ընդունված օրենք է: Այնպես որ, վաղը թատրոնին նոր շունչ է սպասում, նոր ստեղծագործական քայլ է սպասում, նոր մտածելակերպ է սպասում: Բայց «նոր» ասելով ես անպայման մի բան ուզում եմ շեշտել՝ թատրոնի համար ամենակարևորն է, որ բեմից հնչի լավ գրականություն, բարձր մակարդակի գրականություն: Եվ այդ բարձր մակարդակի գրականությունը հնչեցնելու համար քեզ հարկավոր է դահլիճում նույն մակարդակի հանդիսատես՝ ինչի համար մենք մի քիչ վախ ունենք: Թատրոնը այսօր պահում է հանդիսատեսը՝ ոչ միայն քանակով այլ նաև մտածելակերպով: Առանց մտածելակերպ ունեցող հանդիսատեսի դու թատրոն ունենալ չես կարող:

-Դուք ասացիք այդ մասին ձեր խոսքում, բայց  մեկ անգամ ևս կուզենայի հստակեցնել մի հարց: Անկեղծ ասած, այս հարցազրույցի հիմնական դրդապատճառներից մեկ էր այն շրջանառվող խոսակցությունները, որ թատրոնը չի ծառայելու համայնքին, որ թատրոնի տարծքում ընդհանրապես ուրիշ օբյեկտներ են լինելու: Մենք ուզում ենք իմանալ՝ արդյոք դա իրականության հետ որևէ աղերս ունի՞:

-Իհարկե, ոչ: Ուղղակի շատ ծիծաղելի է և սրան ուղղակի ուշադրություն դարձնել չի կարելի: Թատրոնը, 165 տարեկան թատրոնը, լինելու է հայկական թատրոն, կառուցվող շենքը հայկական թատրոն է, շենքում գործող խումբը հայկական խումբ է, որը կոչվում է   Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոն և այլ բան լինել ուղղակի չի կարող:

-Անվանման մեջ «հայկական» բառի հետ կապված՝ պատահական չի երևի, որ թատրոնը հայկական է կոչվում: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ խնդիրներ է լուծելու թատրոնը իր ռեպերտուարով (խաղացանկով), նպաստելո՞ւ  է արդյոք հայապահպանությանը, այնպիսի հասկացությունների պահպանությանը ինչպիսիք են՝ ազգ, կրոն, մայրենի լեզու...

-Նախ և առաջ պիտի անպայման ճշտենք, որ հայկական թատրոն՝ դա նշանակում է հայալեզու թատրոն, դա նշանակում է լեզու պահպանելու թատրոն, զարգացնելու մշակույթը և անպայման ընդգրկել խաղացանկում հայ դրամատուրգների՝ սկսած ժամանակակից դրամատուրգներից, մինչև հայ դասական դրամատուրգներ: Հիմա տեսեք՝ մեզ Եգիպտոս են հրավիրել առանց իմանալու, որ մենք Պարոնյան ունենք: Այնտեղից ասում են՝ իսկ Պարոնյան ունե՞նք խաղացանկում: Ասում ենք՝ իհարկե ունենք: Մենք այսօր խաղացանկում ունենք Պարոնյան, Շիրվանզադե, Մովսեսյան, Սունդուկյան, ունենք ժամանակակից հայ դրամատուրգներ՝ Գուրգեն Խանջյան, Կարինե Խոդիկյան, Արմենուհի Սիսյան: Այսօր Հայաստանում կան առաջատար դրամատուրգներ, որոնց առաջինը մենք ենք բացել, ինչպես՝ Գուրգեն Խանջյանը: Այսինքն մենք սերտորեն կապված ենք Հայաստանի հետ, չկա մի գործ, դրամատուրգ Հայաստանում, որի մասին մենք տեղյակ չլինենք: Բացի դրանից, թատրոնը միշտ պիտի փնտրի լավ գրականություն իսկ լավ գրականություն նշանակում է լավ դրամատուրգ: Մենք չենք կարող հանդիսատես ձեռք բերելու համար (խոսքը քանակի մասին է) գնալ էժանագին ներկայացումներ բեմադրելու ետևից: Դրա համար քիչ առաջ ասացի՝ մեզ շատ հարկավոր է մտածող, թատրոն հասկացող հանդիսատես: Բայց թատրոնում կլինեն նաև այնպիսի ներկայացումներ, որոնք կլինեն միջին մակարդակի հանդիսատեսի համար: Ես զարմանում եմ, օրինակ, երբ գնում ես շրջաններ և տեսնում ես թե ինչ մտածող հանդիսատես մենք ունենք շրջաններում, բաց, ցավոք սրտի, մենք չունենք այդ հնարավորությունը և նրանք չունեն այդ հնարավորությունը գյուղում և հնարավոր չի մասշտաբային ներկայացում տանել և խաղալ գյուղում: Դրա համար, շենքը բացվելուց հետո մենք աշխատելու ենք այդ հանդիսատեսին բերել քաղաք, նոր շենք, որ տեղում նրանք շփվեն լուրջ հանդիսատեսի հետ:

-Մեկ ճշգրտում ևս: Ասվեց, որ շենքը ծառայելու է միայն թատրոնին: Բայց հնարավո՞ր է, որ թատրոնի տարածքում գործի ինչ որ հայկական համայնքային կառույց կամ հասարակական կազմակերպություն՝ ասենք որպես օֆիս:

-Պատասխանեմ ՝ ոչ: Թատրոնը ունի օրենք, որտեղ կոնկրետ կա նշված, որ թատրոնում չի կարող գործել որևէ մի այլ կազմակերպություն, որևէ մի այլ խումբ՝ ասենք պարի խումբ, երգի խումբ: Ոչ: Թատրոնը ծառայելու է միայն թատրոնին:

Այլ բան է, երբ որևէ կազմակերպություն ունի միջոցառում անցկացնելու կամ որևէ մի համույթ ուզում է ելույթ ունենալ, օրինակ հայկական ավանդական տոների կամ միջոցառումների հետ կապած: Այդ դեպքում պայմանագիր ենք կնքում ցանկացած կազմակերպության կամ համույթների հետ և նրանք կարող են գալ իրենց հերթական համերգը կամ հավաքը անցկացնել: Սա այլ բան է, շենքում մշտական գործող որևէ կազմակերպություն, համույթ կամ խմբակ չի կարող լինել:

-Եվս մեկ պարզաբանում կխնդրեինք: Կուզենայինք ճշտել շինարաության ֆինանսավորման հարցը: Մասնակցու՞մ է արդյոք Հայաստանը:

-Կրկնեմ՝ շինարարությունը ֆինանսավորում է Իվանիշվիլու միջազգային բարեգործական «Քարթու ջգուփ» կազմակերպությունը և բոլոր ծախսերը իրենք վերցրել են իրենց վրա: Այստեղ Հայաստանին դիմելու առիթ եղել է, բայց կարիք չի եղել, որովհետև շատ կոնկրետ ասում են և ճիշտ են ասում, որ սա մեր թատրոնն է, մեր պետության հայկական թատրոնն է և մենք կառուցում ենք մեր հայկական թատրոնը: Եվ սա ինձ թվում է՝ ճիշտ է:

Եղել է մի այսպիսի բան, երբ Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը ասաց՝ ինչո՞վ կարող ենք օգնել: Պատրաստ էին օգնել լույսի հարցով, ձայնի հարցով: Մենք դա տեղեկացրել ենք, բայց Իվանիշվիլու գլխավորությամբ ասել են ոչ, սա մեր շենքն է և մենք կկառուցենք մեր թատրոնի համար: Օգտվելով առիթից, ուզում եմ ուղղակի շնորհակալություն հայտնել, որ նրանք այդ շենքը, որը վթարային էր, ուղղակի վերանորոգելու ոչ մի հնար չկար, որովհետև սարսափելի ճեղքեր ուներ, զերոից կառուցում են: Ինը ամսվա ընթացքում շենքը փաստորեն դրսից պատրաստ է:

-Պ-ն Բայանդուրյան դուք նշեցիք, որ ներկայացումները թարգմանվելու են: Ինչպե՞ս է դա իրագործվելու:

-Բոլոր ներկայացումները գնալու են հայալեզու: Թարգմանությունները լսելու են ականջակալներով: Մենք խաղացանկում մի ներկայացում ունենք՝ Դումբաձեի «Մեղադրական եզրակացությունը», որը նվիրել ենք Դումբաձեին: Հրավիրել էինք, դրա մասին ամբողջ Վրաստանը գիտի, Ռուսթավելու անվան թատրոնի դերասան Սոսո Լաղիձեին, որը մեր դերասանների հետ խաղում էր: Այդ միակ ներկայացումը, որը նվիրել էինք Դումբաձեին, խաղացել ենք վրացերեն լեզվով, մնացածը, իհարկե, միայն և միայն հայերեն:

Եվ այս թատրոնը անվերջ է լինելու՝ մինչև վերջին հայը գոյություն ունի Վրաստանում, իսկ հայ Վրաստանում միշտ էլ լինելու է:

-Խնդրում ենք ևս մեկ անգամ ձեր ծրագրերի մասին հակիրճ, ի՞նչ եք ակնկալում արդեն նոր հանդիսատեսից: Ձեր ուղերձը հանդիսատեսին:

-Դրա մասին ես ասացի, բայց մի բան եմ ես հանդիսատեսից խնդրում՝ որ չսպասեն միայն բացմանը, չգան միայն բացումը տեսնեն, տեսնեն ճեմասրահը, տեսնեն դահլիճը, մեծ դահլիճը, փոքր դահլիճը, լույսերը տեսնեն ու այլևս իրենց չհետաքրքրի թատրոնը: Այստեղ թատրոնը ևս պատասխանատվություն ունի: Մենք պիտի շատ սերտ կապի մեջ լինենք հանդիսատեսի հետ, հաճախ հանդիպումներ պիտի անենք հադիսատեսի հետ, մեր երիտասարդները պիտի անպայման հադիպեն երիտասարդ հանդիսատեսի հետ: Այսօր դրա հնարավորությունը չունենք: Մենք կիսվելու, խոսելու շատ բան ունենք՝ ի՞նչ եք ուզում դուք, ինչո՞վ կարող ենք բավարարել այսօրվա քո սերունդը բեմից: Եվ շատ կարևոր է, որ այսօր բեմից կերպար մատուցող դերասանը պատրաստ լինի, մի քիչ էլ հզոր լինի ավելի, քան դահլիճում նստածը: Այսօրվա դերասանը հազար անգամ ավելի գիտուն ու զարգացած պիտի լինի քան դահլիճում նստածը: Որովհետև երբ դահլիճում նստած հանդիսատեսը քեզնից խելոք է, դերերը փոխվում են:

Այսօր մեր երիտասարդությունը ի՞նչ առավելություն ունի: Առավելություն ունի մի բանում՝ որ իրենք 30 երիտասարդ են և իրենց շուրջ պիտի հավաքեն վաղվա թատրոնի հանդիսատեսին:  Մենք, մեր սերունդը, մի քիչ «անցած» ենք, դրա համար դուք, ձեզ նման երիտասարդները, ուսանողները, ոչ ուսանողները պիտի հավաքվեն թատրոնի շուրջ: Վաղը դուք պիտի պահեք թատրոնը:

-Պիտի հետադարձ կապ լինի, պիտի թատրոնն էլ նպաստի երիտասարդության դաստիարակությանը:

-Անպայման, հենց դրա մասին եմ ես ասում: Որ ոչ միայն ներկայցումներով մենք պիտի կարողանանք խոսել, կիսվել ձեզ հետ, այլև բաց դռների օր անենք, հանդիպենք երիտասարդների հետ, չգիտեմ..., մեկ հանդիպումը թող նվիրված լինի ձեզ՝ ի՞նչ եք դուք ուզում, ի՞նչ եք մտածում, ինչպիսի՞ պահանջներ ունեք դուք: Մի օրը նվիրվի, ասենք, Գաբրիել Սունդուկյանին, մի օրը Չմշկյանին, մի օրը Իսահակ Ալիխանյանին: Թատրոնը պիտի լինի կենտրոնական տուն: Ես որ ասում եմ ներկայացումներ պիտի լինեն, դա չի նշանակում, որ ներկայացումները վերջանալուն պես դերասանը պիտի գնա տուն և ամեն ինչ վերջացած համարի: Ընդհանրապես մենք շփման մեջ պետք է լինենք, անընդհատ:

Հրավիրելու ենք նաև առաջատար դերասանների Հայաստանից: Արդեն 4-5 առաջատար դերասան գալու են մեզ մոտ աշխատելու՝ դա Ալբերտ Սաֆարյանն է, Աիդա Բաբաջանյանն է, Վեներա Թարզյանն է, Գագիկ Ադելխանյանն է նաև Գևորգ Հովակիմյանն է: Զուգահեռ, նրանք կլինեն մեր խաղացանկում զբաղված, ներկայացման օրերին կգան՝ կխաղան: Մենք պիտի կարողանաք այս ամուր կապը պահպանել:

Ի՞նչ է նշանակում թատրոն պահել: Չի կարելի դրսում թատրոն պահել և այդ թատրոնը լինի թույլ, միայն գրված լինի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական թատրոն, եկանք կարդացինք, ուրախացանք: Ոչ, նա հզոր պիտի լինի՝ հզոր պիտի լինի իր ստեղծագործությամբ, հզոր պիտի լինի դերասանական կազմով, հզոր պիտի լինի իր հանդիսատեսով՝ ամենակարևոր բաներից մեկով: Իսկ ո՞վ է լինելու լուրջ հանդիսատեսը: Լուրջ հանդիսատեսը լինելու է ձեզ նման երիտասարդը: Միտքս ուզում եմ պարզաբանել՝ երիտասարդը միայն տարիքով չէ որ պիտի երիտասարդ լինի, որ կարողանա պահել թատրոնը: Նորից եմ կրկնում՝ երաժշտության, նկարչության, պոեզիաի, գրականության մարդ պիտի լինի: Էս դաշտից պիտի կարողանան թատրոնը պահել: Թե չե էն մարդիկ, որոնք դրսում կանգնած ասում են՝ «սա մեր շենքը չի լինի», սրանք թատրոն պահողներ չեն, սրանք թատրոն կորցնողներն են: Եվ շատ կարևոր է այսօր մեր միաբանությունը՝ որ մենք թիմերի չբաժանվենք, մենք տարբեր կարգերի չբաժանվենք, մենք չբաժանվենք սկզբունքով՝ դու իմն ես իսկ դու իմը չես: Թատրոնը բոլորինն է: Էս ա:

-Պ-ն Բայանդուրյան համայնքային տարբեր կառույցներում հաճախ տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ ցերեկույթներ, երեկոներ, որոնց ներգրավվում են դպրոցականներ, երիտասարդներ և երբեմն փոքրիկ սիրողական բեմադրություններ են դրվում, որոնցում զգացվում է պրոֆեսիոնալների օգնության կարիք: Կարո՞ղ ենք ակնկալել ձեր թիմի օգնությունը այդ փոքրիկ բեմադրությունների մեջ կամ հնարավո՞ր է, որ եթե այդ բեմադրությունը հաջող լինի՝ հետո բեմադրվի թատրոնի շենքում:

-Եթե նույնիսկ հաջող չլինի, մենք պատրաստ ենք օգնելու: Դեռ ոչ մեկը ոչ մի անգամ մեզ չի դիմել: Ընդհակառակը, ինքներս ենք ասում: Եվ ինչքան շատ լինեն այդպիսի խմբերը, այնքան հզոր կլինի թատրոնը: Երբ սիրողական խումբ կա՝ թատերական, երգի, պարի, սրանք բոլոր դեպքերում արվեստի մարդիկ են, սրանք ինչ որ թելերով անպայման կապված են բեմի հետ: Դա միայն և միայն օգուտ է բերում պետական թատրոնին: Մենք եթե ոչինչ էլ չունենանք, արդեն կունենանք լուրջ հանդիսատես: Թատրոնը այս առումով պատրաստ է օգնել: Կան խմբեր, որտեղ մեր դերասաններից մի քանիսը զբաղված են ներկայացումների մեջ: Օրինակ՝ Կիրակոզովի և Այդինովի թատրոնում մեր դերասաններից մեկը զբաղված է: Մենք պատրաստ ենք նույնիսկ օգնել դեկորներով, զգեստներով, ռեժիսուրայի առումով, նկարչական և երաժշտական ձևավորմամբ, եթե դրա կարիքը կա: Մենք երբեք ոչ մեկի առջև դռներ չենք փակում:

-Շնորհակալոթյուն հարցազրույցի համար:

-Ձեզանից եմ շնորհակալ:

 

«Միություն»

Օրացույց