Ճանաչենք մեր մեծերին
Ապրիլի 4-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 125-րդ կաթողիկոս, հասարակական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ, Մկրտիչ Խրիմյան ) ծննդյան օրն է:
Մկրտիչ Խրիմյանը ծնվել է 1820 թվականի ապրիլի 4-ին Վանում, սովորել է Վասպուրականի Լիմ և Կտուց անապատների վանական դպրոցներում։
1842 թվականին հաստատվել է Կ. Պոլսում, որտեղ 1848-1850 թվականներին ուսուցչություն է արել Խասգյուղ թաղամասի իգական դպրոցում։ 1851 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի հանձնարարությամբ մեկնել է Կիլիկիա՝ կրթական գործի զարգացմանը նպաստելու և տեղի հայության կյանքն ուսումնասիրելու նպատակով։ 1854 թվականին ձեռնադրվել է վարդապետ։
1855 թվականի հունիսից մինչև 1856 թվականի հունիս Խրիմյանը Կ. Պոլսում հրատարակել է «Արծվի Վասպուրական» ամսագիրը։ 1856 թվականի հունիսին վերադառնալով Վան՝ սուլթանի ֆերմանով և Կ. Պոլսի հայոց պատրիարքի կոնդակով ստանձնել է Վարագավանքի վանահայրությունը։ 1857 թվականին վանքում հիմնադրել է հոգևոր ժառանգավորաց վարժարան, իսկ 1858 թվականին վերսկսել «Արծվի Վասպուրական»-ի հրատարակությունը։ 1860 թվականին մեկնել է Արևելյան Հայաստան, եղել Երևանում, Էջմիածնում, Սյունյաց աշխարհում, Արցախում, Թիֆլիսում։
1862 թվականին Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը Խրիմյանին է հանձնել Տարոնի հոգևոր առաջնորդի պաշտոնը և Ս. Կարապետ վանքի վանահայրությունը։ Տարոնում հիմնադրել է նոր հոգևոր ժառանգավորաց վարժարան և հրատարակել (1863-1865) «Արծվիկ Տարոնո» երկշաբաթաթերթը՝ Գարեգին Սրվանձտյանի խմբագրությամբ։
Խրիմյանը ծավալել է եռանդուն գործունեություն հայ գյուղացու ծանր վիճակը թեթևացնելու, թուրք և քուրդ աղաների, պետական պաշտոնյաների հարստահարությունները սահմանափակելու ուղղությամբ։ Ժողովուրդը Մկրտիչ Խրիմյանին մեծարել է «Հայրիկ» պատվանունով։ Ժողովրդանվեր գործունեության համար թուրքական կառավարությունը նրան համարել է քաղաքականապես անբարեհույս հոգևորական և փակել դպրոցն ու տպարանը։
1868 թվականին Էջմիածնում օծվել է եպիսկոպոս, 1869 թվականին Կ. Պոլսի Ազգային ժողովի կողմից ընտրվել է Կ. Պոլսի հայոց պատրիարք։
Իբրև պատրիարք Ազգային ժողովի քննարկմանն է դրել Ազգային սահմանադրության վերանայման, գավառի հայության հարստահարությունների, հոգևոր առաջնորդների ընտրության հարցերը։ Պայքարել է ողջ արևմտահայության շահերը Ազգային ժողովում ներկայացնելու, գավառական երեսփոխանների թիվը ավելացնելու համար։
Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է գավառի հայության հարստահարությունները քննող հանձնաժողով, որի կազմած տեղեկագիրը Ազգային ժողովը 1872 թվականին ներկայացրել է Բ. Դռանը։ Այդ գործունեությունը հարուցել է թուրքական կառավարության և Կ. Պոլսի հայ մեծահարուստների դժգոհությունը, որոնց գործադրած սադրանքների պատճառով Խրիմյանը 1873 թվականի օգոստոսին հրաժարվել է պատրիարքությունից։
Իբրև 1878 թվականի Բեռլինի վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար նախապես այցելել է եվրոպական մեծ տերությունների (Իտալիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա) պետական պաշտոնյաներին, պատրիարքարանի կազմած տեղեկագիրը ներկայացրել Բեռլինի վեհաժողովին՝ հույս ունենալով դիվանագիտական ճանապարհով լուծել Հայկական հարցը։
Հիասթափված նրա արդյունքներից՝ շրջադարձ է կատարել դեպի ազգային-ազատագրական պայքարը։
1879 թվականին ընտրվել է Վասպուրականի հոգևոր առաջնորդ, եռանդուն գործունեություն ծավալել այդ նահանգում, օժանդակել Վանի «Սև խաչ» և Կարինի «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունների ստեղծմանն ու գործունեությանը։ Նրա անվան հետ կապելով արևմտահայ գավառների ժողովրդական հուզումները՝ 1885-ին Բ. Դուռը նրան կանչել է Կ. Պոլիս։
Չնայած խիստ հսկողությանը, Խրիմյան Հայրիկը այդտեղ ևս ծավալել է հասարակական գործունեություն։
Կրոնական ժողովի ատենապետ Մկրտիչ Խրիմյանը Համագումար ժողովի անունից բողոքագիր է ներկայացրել Բ. Դռանը։ 1890 թվականի Կ. Պոլսի Գում գափուի ցույցից հետո թուրքական կառավարությունը նրան աքսորել է Երուսաղեմ։
1892-ի մայիսին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, սակայն սուլթանը չի համաձայնել նրան թուրքահպատակությունից ազատել, և միայն 13 ամիս անց ռուսական ցարի միջնորդությամբ նրան թույլատրվել է ժամանել Էջմիածին։
1893-ի սեպտեմբերի 26-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս։ Հայկական հարցը ռուսական արքունիքում ներկայացնելու նպատակով Մկրտիչ Ա Վանեցին 1895 թվականին մեկնել է Պետերբուրգ։ Բողոքել է 1894-1896 թվականների համիդյան ջարդերի դեմ, ցարական արքունիքին հղած տարբեր խնդրագրերով ապահովել հանգանակությունների իրականացումը ռուսական կայսրության հայաբնակ տարածքներում։
Նա մեծ ջանքեր է ներդրել կոտորածներից մազապուրծ գաղթականության ֆիզիկական գոյությունն ապահովելու և վերստին երկիր վերադարձնելու համար։ Եռանդուն պայքար է մղել հայ եկեղեցապատկան կալվածքները բռնագրավելու մասին ցարական կառավարության 1903 թվականի հունիսի 12-ի օրենքի կենսագործման դեմ, հրամայել հոգևոր թեմակալ առաջնորդներին՝ չենթարկվել այդ որոշմանը և խոչընդոտել նրա կիրառությանը։
Մկրտիչ Ա Վանեցին ի պաշտոնե ձեռնամուխ է եղել հայ հոգևորականության դաստիարակության, կրթված հոգևորականների նոր սերունդ ստեղծելու խնդրին։ Նրա օրոք Էջմիածնում կառուցվել են նոր հյուրանոց, Սինոդի նոր շենք, թանգարան, նոր մատենադարան։ Նորացել և հարդարվել են Սուրբ Հռիփսիմե և Սուրբ Գայանե եկեղեցիները։
Խրիմյան Հայրիկը մահացել է 1907 թվականի հոկտեմբերի 29-ին Երուսաղեմում:
Մտքեր Հայոց Հայրիկի գրածներից՝
***
Ներքին անհամերաշխութիւնը աւելի շատ է հայրենիքը կորստեան մատնում, քան եկած թշնամին։
***
Մարդուս ազնւութեան ամենափայլուն փաստը նրա մեծահոգութիւնն է և ոչ թէ` ունեցած հարստութիւնը:
***
Նա է իսկական ազնիւ անձ, որ դէպի ժողովուրդը ունեցած սիրոյ մէջ է փնտրում իւր փառքը:
***
Մարդս ծնւում է իւր մեծ պարտքը կատարելու համար, ուստի քանի նա կենդանի է, պետք է գործի, որովհետև մահը և գերեզմանը բերում են նրա համար գիշեր, երբ գործելը անկարելի է:
***
Մի՞թէ կարելի է մերձաւորից խլած հացով կշտանալ: Ոչ, գողացւած և ուժի զօրութեամբ ձեռք բերած հացը շուտ է վերջանում: Անհատնելի և արդար է այն հացը, որ ձեռք է բերւում ճակատի քրտինքով: Ով այս սկզբունքը ոտնատակ տալով է հացուտում, նա քանդում է Աստծու պատւիրանը:
***
Իշխանությիւնը ժողովրդի և ժողովուրդը իշխանութեան համար է, երկուսն էլ փոխադարձ անհրաժեշտութիւն են. մէկի կամ միւսի բացակայութիւնը կտրում կամ այլանդակում է մեր սօցիալական կեանքը:
***
Ընտանիքը և օջախը փոքրիկ թագաւորութիւն է երկրիս վրայ, որի գահի վերայ բազմած են հայրը` իբրև թագաւոր և մայրը` իբրև թագուհի ու կառավարում են իրանց իշխանութեան տակ եղած ընտանիքը: Այսպիսի ընտանեկան թագաւորութեան մէջ չկայ ոչ պօլիցիական, ոչ նիզակ, ոչ փայտ, և ոչ անկարգութիւն, այլ միայն հայրական սէր և մայրական փաղաքշանք. կրթիչ և ուսուցանող օրինակ է ծառայում ծնողական օրինակը:
***
Ժողովուրդը այն աստիճան վարժւել է մարդոց ձեռքից թշւառութիւն ներկրելուն, որ եթէ նրան ոչխարի նման տանենք սպանդանոց, ոչինչ չզգալով կասեն` որ իրանց ճակատագիրն է այդ: Եւ այդ ճշմարտութիւնը ավելի յատուկ է արևելեան ժողովուրդին, որի պատճառը ոչ այլ ինչ է, եթէ ոչ նրանց ստրկացած, անպատւած և ճնշւած ոգի ունենալը, որ ծածկւած է անթափանցելի խաւարով և տգիտութեամբ:
***
Դուք մարդ եք, ձեռք ուբազուկ ունիք: Մի՞թե դուք ցանկալի ազատություն առանց զոհի և արյունի ձրիս տանալ կուզեք:
***
Այնտեղ, ուր զենքն է խոսողը, ուր սուր երկշողշողան, այնտեղ ի՞նչ գործ ունին խնդիրք ու աղերսաթուղթք…
***
Ժողովո՛ւրդ, ամենեն առաջ քո ազատության հույսը քո վրա դիր, քոխելքին ուբազուկին ուժ տուր, մարդ ինքն իրմե պիտի աշխատի, որ փրկվի…
***
«Մարդիկ հաւասար կըծնւեն, անհաւասար կապրեն, հաւասար էլ կըմեռնեն»
***
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հայկական նոր ասպետութիւնն է։ Ելե"ք, ելե"ք հայ ժողովուրդ, արձանագրուեցեք հայ նոր ասպետութեան, թեւ ու թիկունք տվեք անոր, զի խաչին ու մաճին հետ, փրկարար է նաեւ ասպետին սուրը։
***
Ժողովուրդ հայոց, անշուշտ լավ հասկցաք, թե զենքն ինչ կրնար գործել և կգործե: Ուրեմն, սիրելի և օրհնյալ հայաստանցիներ, գավառացիներ, երբ հայրենիք վերադառնալու լինիք, ձերբարեկամաց և ազգականաց իբրև պարգև մեկ-մեկ զենք տարեք, զենք առեք և դարձյալ զենք…
***
Կապ: + (995 32) 292-21-63, Հասցե: Ածկուրի 4ա, Թբիլիսի, 0144, Վրաստան, Էլ-փոստ: info@armenian-community.ge