Վրաստանի Հայ Համայնքի նախագահ Սամվել Մկրտչյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

ապրիլ 24, 2020 - 07:26        Viewed: 442       

Սիրելի հայրենակիցներ,

այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության (Մեծ Եղեռնի) 105-րդ տարելիցը: Հայ ազգը, ինչպես քաղաքակիրթ աշխարհի բոլոր այլ ազգերը, հիշում և դատապարտում է այդ հրեշավոր հանցագործությունը: Դա ցեղասպանություն էր, մարդկայնության հանդեպ հանցագործություն, որը ծրագրել և գործադրել էր Թուրքիան պետական մակարդակով: Այդ ոճրագործության հետևանքով սպանվեց շուրջ երկու միլիոն հայ:  Այդ ոճրի հետևանքով տասնյակ միլիոնավոր հայեր չեն ծնվել: Մեծագույն կորուստ ունեցավ մեր ազգի մշակույթը, մեզանից խլվեցին, յուրացվեցին կամ ոչնչացվեցին անհամար նյութական ու հոգևոր արժեքներ: Ամենսարսափելին նա է, որ այդ ամենը կատարվեց եկվոր քոչվորների կողմից մեր իսկ հայրենիքում, մեր ազգի բնօրրանում՝ Հայքում: Դրա հետևանքում մեզանից խլեցին և մինչ օրս ապօրինի պահում են մեր սուրբ հայրենիքի մեծագույն մասը: Դա ոչ միայն ցեղասպանություն էր՝ գենոցիդ, այլ նաև հայրենազրկում՝ պատրիցիդ:

Վրաստնի հայ համայնքը դատապարտում է այդ ոճրագործությունը և ամեն տարի տարբեր միջոցառումներ կազմակերպում ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Այս տարի ևս ծրագրված էր անցկացնել արդեն ավանդական դարձած 23 ապրիլի ջահերով երթը և 24 ապրիլի ցույցը Վրաստանում թուրքական դեսպանատան մոտ:

Սակայն, ելնելով երկրում թագաժահրի (նոր տեսակի կորոնավիրուսի) համաճարակի հետ կապված արտակարգ իրավիճակից, Վրաստանի Հայ Համայնքը որոշել է չեղարկել այդ երկու բազմամարդ միջոցառումները:

Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք դադարելու ենք պայքարել:

Ապրիլ 24-ը վաղուց է արդեն ինչ մեզ համար խորհրդանշում է ոչ միայն Հայոց ցեղասպանության սուրբ զոհերի հիշատակը, այլ նաև պայքար, առաջին հերթին հենց պայքար մեր ոտնահարված իրավունքների վերականգնման համար, պայքար հանուն արդարության, պայքար հանուն մեր հայրենիքի՝ ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի – Հայքի: Պայքարը տևելու է այնքան, մինչև չհասնենք հաղթանակի: Ոճրագործը, նրա իրավահաջորդը, աջակիցները և այդ ոճրագործության շահառուները պիտի պատասխան տան դատարանի առաջ, պիտի հատուցեն:

Պայքարը ունի տարբեր ձևեր և միջոցներ ՝ իրավական, դիվանագիտական, քաղաքական, արվեստի միջոցով, կրթության, տեղեկատվական և այլն: Սիրելի հայրենակիցներ, մենք ամեն մեկս պիտի մասնակցենք այդ պայքարին, ամեն օր, ամեն ժամ: Ցեղասպանությունը այսօր էլ է շարունակվում: Հայ ազգի և հայկական պետականության հետ կապված շատ խնդիրներ այսօր էլ կապված են և հետևանք են Հայոց ցեղասպանության, ինչպես օրինակ արցախյան խնդիրը, Հայաստանի կիսաշրջափակված վիճակը և այլն:

Այսօր էլ տարբեր ուժեր պայքարում են մեր ինքնության պահպանման դեմ՝ մեր լեզվի, պատմության, եկեղեցու, մշակույթի:

Լուծել Հայկական հարցը, Հայ Դատի հարցը, նշանակում է վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները:

Դրա համար մենք պետք է լինենք ուժեղ, խելամիտ, կազմակերպված, կարողանանք ազատվել ազգի ներքին տականքի ազդեցությունից, լինել միասնական: Պետք է մեր երեխաներին, երիտասարդությանը տանք լավ կրթություն, գիտելիքներ, հայրենասիրական դաստիարակություն: Բոլորս պիտի ձգտենք լինել լավագույնը մեր տեղում՝ լավագույն մասնագետը մեր գործի մեջ, լավագույն ուսանողը, լավագույն աշակերտը:

Սիրելի հայրենակիցներ, լինենք առողջ, խելամիտ, կազմակերպված, միասնական և անպայման կհաղթահարենք ցանկացած մարտահրավեր, բարձր պահելով մեր ազգի պատվը: Առանձնահատուկ հույսեր եմ կապում մեր հրաշալի երիտասարդության հետ:

Միայն առաջ, դեպի հաղթանակ: Հիշում ենք և պահանջում ենք հատուցում:

 

 Վրաստանի Հայ Համայնքի նախագահ՝                Սամվել Մկրտչյան

Օրացույց