1992թ.-ի Մայիս 8-9-ը պատմական հիշարժան թվական դարձավ և փառավոր իր տեղը գրավեց հայոց հուշատետրում, երբ Արցախ աշխարհի հինավուրց բերդաքաղաք Շուշին ազատագրվեց հայ ժողովրդի հերոսական զավակների ռազմաքաղաքական բացառիկ սխրանքով:
Արցախի Հանրապետությունը պաշտոնապես Մայիսի 9-ին է մեծարում «Շուշիի ազատագրման և հաղթանակի» պետական տոնը։ Իսկ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տոնացույցով Մայիս 9-ը հռչակված է «Հաղթանակի Օր»:
Թե՛ իբրև ազգային-ազատագրական պայքարի հանդուգն նախաձեռնություն և թե´, մանավանդ, իբրև ռազմական փայլուն գործողություն, Շուշիի ազատագրման մեկօրյա հաղթական գրոհը, որ սկսվեց 1992թ.ի Մայիսի 8-ին, ազգային-քաղաքական իր նշանակությամբ կարևորագույն մի դարձակետ խորհրդանշեց հայ ժողովրդի բազմադարյան պատմության համար:
Դրվեց Արցախի ազատագրության հաղթարշավի իրական սկիզբը:
Ավելի՛ն. Շուշիի ազատագրումով հայ ժողովուրդը ոչ միայն Արցախի վերատիրացման պայքարի հաղթական հիմքը դրեց, ալյև՝ ռազմաքաղաքականորեն ապահովեց վերանկախացյալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը:
Բարձրանիստ բերդաքաղաքի անառիկ իր դիրքով հատկանշվող Շուշին ոչ միայն վերջին երեք տասնամյակին, այլև հայ ժողովրդի հազարամյակների պատմության բոլոր թեժ պահերին, բայց հատկապես 17-րդ դարից սկսած թափ առած հայոց ազգային-ազատագրական պայքարի բախտորոշ բոլոր վայրիվերումների ընթացքում, խորհրդանշել է հայկական ինքնության, ինքնուրույնության և ազատ ու անկախ ապրելու ազգային կամքի բարձունքներից մեկը՝ անառիկ և հերոսական:
Իսկ 1992թ.ի Մայիսի 8-9-ը Շուշիի ազատագրության հաղթական թռիչքով՝ համայն հայ ժողովուրդը նվաճեց հավաքական իր անպարտելիության անկորուստ ուժի և ազգային միասնական ուժի խորհրդանիշը:
Միջին դարերի Շիկաքար բերդաքաղաք անունով հռչակված Շուշին մեր ժամանակները թևակոխեց իբրև հայկական լեռնաշխարհի եզակի արծվաբույններից մեկը։ Հակառակ դարերի ընթացքում բռնագրավող ուժերի կողմից նախաձեռնված և կատարված այլացեղ ասպատակություններին՝ հայկական այս հինավուրց ոստանը օտարամուտ տարրերով բնակեցնելու և հայաթափման ենթարկելու փորձերին, Շուշին և՛ պահպանեց հայկական իր ազգային դիմագիծը, և՛ դարձավ հայ մշակույթի ու դպրության, նաև հայ քաղաքական մտքի ու ռազմական տաղանդի զարգացման կարևորագույն բնօրրաններից մեկը:
1895թ.-ին Շուշին անդրկովկասյան հայտնի գյուղաքաղաք էր 30 հազար բնակչությամբ, որի 21 հազարը հայ էին։ Շուշիի Թեմական դպրոցը, 19-րդ դարավերջին, ողջ հայաշարհի կրթական հինգ կարևոր կրթօջախներից մեկն էր, ուր թրծվեցին հայ ազգային-ազատագրական շարժման գլխավոր դեմքերից շատերը:
Հայաստանի անկախության կերտման և Հայաստանի Հանրապետության հիմնավորման տարիներին, 1918-1921 թվականներին, Շուշին Հայկական Դիմադրության առաջավոր դիրքը եղավ ՝ արևելքից և հյուսիս-արևելքից Հայաստանի ու հայության գոյատևմանը սպառնացող թուրք-թաթար ազերիական վտանգին և ներխուժման փորձերի դեմ։ Արցախի հայության ազգային-ազատագրական պայքարը ղեկավարելով՝ Շուշին հերոսաբար դիմադրեց համաթուրքական գրավման վտանգին և տեղի տվեց միայն Հայաստանի խորհրդայնացումից հետո, երբ Ստալինյան կամայականությամբ պարտադրաբար կցվեց Խորհրդային Ադրբեջանին իբրև Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ:
Խորհրդային լծի տակ Շուշին հետևողականորեն ենթարկվեց Ադրբեջանի կիրառած հայաթափումի քաղաքականության, բայց արցախահայությունը երբեք չհամակերպվեց իրեն պարտադրված անարդարությանը։ Իսկ երբ 1988թ.-ին արցախայությունը բարձրացրեց Հայաստանի հետ Միացման դրոշը, ազերիական բանակի անառիկ հենակետ դարձած Շուշին պատուհաս դարձավ ողջ Արցախի գլխին, հատկապես իր անմիջական ստորոտը գտնվող Լ.Ղ.Ի.Մ.ի մայրաքաղաք Ստեփանակերտը մնայուն ռմբակոծումի տակ առնելով:
Այս բոլոր առումներով հայկական հերոսության ու դյուցազնական խոյանքի փառահեղ մարմնավորումը եղավ 1992թ.-ի Մայիս 8-9-ի Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը, որը պատմական նշանակություն ունեցավ նաև իր առաջացրած ազգային միասնականությամբ:
Հայկական գրոհը սկսվեց բոլոր ուղղություններով՝ Արցախյան Ազատամարտին զինվորագրված հայ մարտիկների բոլոր միավորների մասնակցությամբ, կանոնավոր բանակայիններ լինեին նրանք, թե Հայաստանի տարբեր շրջաններից և սփյուռքյան հայօջախներից Արցախ փութացած նորօրյա ֆիդայիներ։ Դաշնակցության դրոշի տակ համախմբված ազատամարտիկներ լինեին նրանք, թե 1988թ.-ի համաժողովրդական շարժման ալիքի հետ կյանք առած ջոկատների անդամ «մահապարտներ» կամ «երկրապահ կամավորականներ»:
Անշուշտ, հանդուգն այդ գրոհի ընթացքում, առասպելատիպ հայ հերոսների արյունից ծանրագույն գին վճարեցինք անառիկ Շուշին ազատագրելու համար։ Բայց ազատության և հաղթանակի ուղին միշտ էլ արյամբ է ներկված և կռվի դաշտի վրա ընկած նույն այդ հերոսների արյան գնով, թանկագին իր արժեքն ու նշանակությունը նվաճված է ազատագրական պայքարի յուրաքանչյուր հաղթանակ ոչ միայն հայ ժողովրդի, այլև՝ բոլոր ժողովուրդների պատմության մեջ:
Հայոց հուշատետրի 1992թ.-ի Մայիս 8-9 էջով՝ Շուշիի ազատագրության այս փառապանծ հաղթանակի մեջ, ամեն բանից առաջ և վեր նախ արժևորում ենք մեր ժողովրդի արի այրերի միասնական հանդգնությունն ու հերոսությունը:
Հայ ժողովրդի հավաքական կամքի և միասնական ուժի Հաղթանակը խորհրդանշող անխորտակելի ամրոցը դարձավ ազատագրված Շուշին:
Շուշիի ազատագրությամբ հայ ժողովուրդը նվաճեց ոչ միայն հայրենի հողի ազատագրումը, այլև՝ պատմության քառուղիների վրա արժանի իր տեղը ունենալու և լիարժեք ազատությամբ ու անկախությամբ օժտված հայրենի պետականություն կառուցելու անբռնաբարելի իր իրավունքը:
1992թ.-ի Մայիսի 8-9-ի հերոսական գրոհով և հաղթանակով՝ իրավատեր հայությունը նվաճեց իր դարավոր երազը և ճամփան հարթեց Հայաստանի ու աշխարհասփյուռ հայ ժողովրդի առջև՝ ինքնավստահ և հաստատակամ քայլերով մուտք գործելու նոր դարաշրջան:
Արցախի իրողական ազատագրումի և Հայաստանի հետ միացումի ամրակուռ անկյունաքարը հանդիսացող Շուշիի վերատիրացումից անցել է 28 տարի։ Արցախի հետ բովանդակ հայությունը շարունակում է քաղաքական իր պայքարը, որպեսզի նորօրյա հայ ֆիդայիների արյամբ նվաճված Արցախի իրողական ազատագրությունը նաև իրավականորեն ամրագրվի և միջազգային ճանաչումի արժանանա:
Ավելի քան քսան տարի է, որ իր բոլոր հոսանքներով՝ համայն հայությունը պայքարում է ի խնդիր ազատագրված Շուշիի պահպանման, վերաշինության և բարգավաճման:
Իրական ազատագրության այդ 28 տարիների ընթացքում փորձության և ընկրկումի պահեր շատ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Վերանկախացյալ Հայաստանի Հանրապետությունը վարակած իշխանապետության պառակտիչ ախտանշանները անպակաս են եղել նաև Արցախի հայության կյանքից։ Բայց իր հերոսական զավակների նկատմամբ Ազգային Պարտքի խոր գիտակցությունը բնավ չլքեց Արցախահայությանը։ Ընդհակառա՛կն. փորձության և ընկրկումի այդ պահերից ավելի ուժեղ ու միակամ վերականգնվեց հայոց մերօրյա արծվաբույնը:
Հանուն հայրենի ազատագրված հողի վերաշինության, վերաբնակեցման ու բազմակողմանի զարգացման՝ ոչ միայն Արցախի քաղաքական ուժերը, այլև հայ քաղաքական մտքի բոլոր հոսանքները աչքի լույսի պես գուրգուրացին Մեծ Երազը իրականություն դարձրած Արցախի զավակներին, նաև համայն հայ ժողովրդի Հավաքական Կամքի և Միասնական Ուժի զորաշարժի անփոխարինելի երաշխիքի վրա:
Շուշիի ազատագրության տարեդարձը, իբրև հուշարարը հայ ազգային-ազատագրական շարունակվող պայքարի, գաղափարական ա՛յս դասերով լուսավորում է պահանջատեր հայության դժվարին ուղին:
Կապ: + (995 32) 292-21-63, Հասցե: Ածկուրի 4ա, Թբիլիսի, 0144, Վրաստան, Էլ-փոստ: info@armenian-community.ge