Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում, դադար եղել է միայն գիշերը 03։30-ից 05։30-ը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ դիպուկահարների կրակով եւ լռեցվում: Ըստ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ հակառակորդը զգալի կորուստներ ունի։ Հայկական կողմից զոհեր չկան, հայտարարվել է 2 ոստիկանի ու 3 պայմանագրայինի վիրավորման մասին, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը հայտնել է 4 զոհի ու 4 վիրավորի մասին:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաեւ 82 եւ 120 մմ-անոց ականանետերից համապատասխանաբար 7 ու 3-ական արկ է արձակել Չինարիի ուղղությամբ: Տուժածներ չկան, բայց արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։
Ավելի վաղ փորձագետ, ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական կողմը, բացի մարդկային կորուստներից, ունեցել է նաեւ անօդաչու թռչող սարքի եւ դիրքային կորուստ։
Հուլիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի իր գործընկերոջ` Դավիդ Զալկալիանիի հետ։
ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի մի հատվածում իրավիճակի լարվածությունը։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց տարածաշրջանում իրադրության ապակայունացմանն ու անվտանգության խաթարմանն ուղղված Ադրբեջանի կողմից գործողությունների անթույլատրելիությունը։
Աղբյուր՝ www.panarmenian.net, www.yerkir.am