ԿՈՉ

հուլիս 16, 2020 - 20:45        Viewed: 20215       

Հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ընթացող ռազմական գործողությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն հակամարտող երկրների բնակչության, այլև ողջ տարածաշրջանի, նրա զարգացման և բարգավաճման համար:

Աշխարհի առաջատար պետությունները և կազմակերպությունները դատապարտում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքից առաջացած լուրջ լարվածությունը և կողմերին կոչ են անում խաղաղություն հաստատել: Չնայած այդ կոչերին, վերջին օրերին Ադրբեջանի գրեթե բոլոր բնակավայրերում բազմամարդ ցույցերի ընթացքում հնչում են ռազմատենչ կոչեր և բաց սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և առհասարակ հայ ազգի դեմ:

Ելնելով նրանից, որ հարևան Ադրբեջանը և այնտեղ գործող ռազմատենչ քաղաքացիները կամ կազմակերպությունները բավականին սերտ կապեր ունեն Վրաստանում ապրող որոշ հայրենակիցների հետ, մենք չենք կարող բացառել, որ Ադրբեջանի իշխանությունն ու նրա հովանու ներքո գտնվող խմբավորումները կփորձեն ռազմատենչ և կտրուկ հայատյաց տրամադրությունները արտահանել նաև մեր երկիր:

Կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքացիներին՝ անկախ իրենց ազգայն կամ այլ պատկանելությունից, հատկապես այս բարդ օրերին, ցուցաբերել քաղաքացիական խոհեմություն, զգոնություն և չտրվել սադրանքների:

Վրաստանում և ամբողջ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումը մեր պարտքն է: 

Վրաստանի Հայ Համայնք

Օրացույց