1983 թվականի հուլիսի 27-ը բեկումնային եղավ հայ ժողովրդի պահանջատիրական պայքարի մեջ:
5 հայ երիտասարդներ` Սարգիս, Արա, Սեդրակ, Սիմոն, Վաչե, հայրենազուրկ ապրելու դառնության պոռթկումը պսակեցին մարտիրոսությամբ հանուն Հայ Դատի: Լիսաբոնում թուրքական դեսպանատան շենքը պայթեցնելը անշուշտ սոսկ ահաբեկչություն չէր, այլ սփյուռքում ծնված սերունդի հայրենազուրկ ապրելու ցավի, պապենական հողի վրա ազատ ու լիարժեք ապրելու, մի ողջ ազգի անարդարության դեմ հավաքական պոռթկում էր:
«Շատ հպարտ եմ որ հայ ծնված եմ, որովհետև հայ պիտի մեռնիմ: Շատ ուրախ եմ այս գործողությամբ: Հիմա մեր ապրած կյանքը իսկապես, որ կյանք է զատ ամեն ինչ կնմանի:» Սիմոն Յահնեյան
«Մենք ալ ազգ ենք, հին ազգ ենք, և մեր իրավունքն է ապրել մեր հողերուն վրա: Մենք ալ կուզենք ժողովուրդը խաղաղ, հանգիստ իր հայրենիքին մեջ և մտահոգ իր հայրենիքով, ապագա հայ սերունդը պատրաստելով:» Վաչե Տաղլյան
«Կուզիմ, որ իմ ընկերները, որոնք ինձ հետ մեծցած են, նույն միջավայրին մեջ մեծցած են, համոզումին այս մեկ կետին և չըսեն ընտանիքը, ապագան. առանց մեր հողերու ոչ ապագա կա, ոչ կյանք »: Արա Քըրճըլյան
1983 թվական, հուլիս 26-ը՝ երկու երիտասարդ փորձում են մտնել Լիսաբոնի թուրքական դեսպանատունը, դժվարության են հանդիպում: «Ֆորդ-էսքորթ» մակնիշի մեքենայով հեռանում են: Ոստիկանությունը հավելյալ ուժ է տրամադրում դեսպանատանը:
1983 թվական, հուլիս 27-ը՝ առավոտյան ժամը 10:30-ին վարձված երկու մեքենայով հինգ երիտասարդ դանդաղ մոտենում են դեսպանատանը, ապա դուրս են ցատկում, գնդացիրներից կրակ բացելով՝ փորձում են դեսպանատուն մտնել: Պահակների հետ փոխանակած կրակոցների ընթացքում 10:45-ին տղաներից մեկը՝ Սիմոն Եահնյանը, զոհվում է: Վնասվում է նաև ոստիկաններից մեկի ոտքը: Պահակներին հաջողվում է փակել դեսպանատան դուռը:
Չկարողանալով դեսպանատան գլխավոր մուտքից ներս մտնել՝ մյուս չորսը ներխուժում են մյուս շենքի մասը կազմող փոխդեսպանի բնակարանը:
Բնակարանում էին նաև դեսպանի կինն ու զավակը:
Ժամը 11:00-ին հզոր պայթյունի ու հրաձգության ձայներ են լսվում գրավված շենքից:
Կես ժամ անց ոստիկանություն է զանգահարում մի անծանոթ և հայտնում, որ շենքը օդ կբարձրանա, եթե ոստիկանական միջամտություն կատարվի:
Ժամը 12:00 հրդեհվում է շենքի վերևվի հարկը, քիչ անց՝ նաև ողջ շենքը:
12:15-ին ոստիկանությունը, շրջապատելով թաղը, իր «մասնավոր ուժերով» փակում է դեսպանատան երթևեկելի ուղիները:
Շենքում գտնվողները՝ կցորդի վիրավոր կինն ու զավակը, փախչում են: 12:30-ին մամուլի զանազան գործակալություններին են հանձնվում գործողության ստանձնման նամակ և հաղորդագրություն «Հայ Յեղափոխական Բանակ»-ի կողմից, որում մասնավորապես ասված էր.
«Բոլոր կառավարություններին, համաշխարհային կարծիքին և մամուլին.
- Գիտե՞ք, թե ինչ ենք անում: Ազատատենչ հայ երիտասարդությունը որոշել է... երբեք հանգիստ չմնալ: Մենք ամեն ինչ կորցրել ենք: Որոշել ենք օդ հանել այս շենքը և մնալ նրա փլատակների տակ:
- Սա անձնասպանություն չէ, ոչ էլ խելագարություն, այլ գերագույն զոհաբերում ազատության բագինին:
- Թող համաշխարհային հանրային կարծիքը մեզ արկածախնդիր, ոճրագործման կամ ահաբեկիչներ կոչի, հոգ չէ:
- Բռնի ուժին դիմելու մեր որոշումը հետևանքն է թուրք պետության և նրա պաշտպան պետությունների մերժումին՝ գոհացում տալու հայ ժողովրդի արդար ու խաղաղասեր իրավունքներին:
- Հայ Ժողովուրդը տասնամյակներ շարունակ համբերեց, որ միջազգային արդարությունը լուծի իր հարցը:
- Մեր Ժողովրդի ինքնորոշման ձեռքբերման միակ միջոցը զինյալ պայքարն է:
Հայերի իրավունքն է ապրել ու բարգավաճել իրենց նախահայրերի Հայրենիքում՝ ազատ ու անկախ...»
13:00՝ Շենքի վերին հարկը ամբողջովին մոխրանում է: Ապա լսվում են նոր պայթյունների ձայներ, և հրդեհվում է ողջ շենքը:
Մինչ այդ դեսպանատունը պաշարած 80 (ուրիշ աղբյուրներում նաև 170) հատուկ ոստիկաններ ժամը 13:45-ին հարձակվում են շենքի վրա: Մի քանի րոպե հրաձգությունից հետո լսվում են ուժեղ պայթյուններ:
14:00-ին առանց դիմադրության հանդիպելու ոստիկանությանը հաջողվում է ներս մտնել և չորս երիտասարդների ու մեկ ոստիկանի այրված դիակները գտնել:
14:45-ին պետական աղբյուրները պաշտոնապես հայտարարեցին գործողության ավարտը՝ հայտարարելով՝ «Խմբի անդամները ռումբի պայթյունով ինքնասպան դարձան»:
Դեսպանի տեղակալի կինը մահանում է հիվանդանոցի ճանապարհին: Մի քանիսն էլ վիրավորվում են:
Երիտասարդների խոստումը կատարված էր...
19 սեպտեմբեր, 1983թ.՝ 5 հայ հերոսների մարմինները տեղափոխվեցին Լիբանան: Այդ օրը Բեյրությում հավաքված հազարավոր հայերի ներկայությամբ Արայի մայրը ասաց. «Ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս ծնած եմ: Բայց կցավիմ, որ շատ զավակներ չեմ ունեցած, ուրիշ զինվորներ ալ տրամադրելու ազգիս:»
Անցել է 37 տարի...
Այդ հինգի անուններն են՝ Արա Քրճըլյան, Սարգիս Աբրահամյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Եահնյան և Վաչէ Թեղլյան:
Փա՜ռք նրանց անմոռաց հիշատակին:
Փա՜ռք նրանց հերոսածին ընտանիքներին: