Նախագահ Արմեն Սարգսյան. «Սևրի պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»

օգոստոս 10, 2020 - 19:50        Viewed: 238       

Սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթը հրապարակել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը.

ՀԱՐՑ- Պարոն նախագահ, օգոստոսին 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը, որն Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Փարիզի խաղաղության կոնֆերանսի ընթացքում ստորագրվել էր մի կողմից Անտանտի հաղթող 13 երկրի, մյուս կողմից պարտված Օսմանյան կայսրության միջև: Պայմանագիրը նախատեսում էր լուծել տասնամյակներով այնքան չարչրկված Հայկական հարցը և վերջ տալ հայոց տառապանքներին: Ի՞նչ կասեք այդ մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Սևրի պայմանագիրն իր բնույթով խաղաղության պայմանագիր էր, և այդ առումով, իրոք, այն կարող էր արմատապես լուծել մեր ռեգիոնի ամենախրթին հարցերից մեկը՝ Հայկական հարցը:

Սևրի պայմանագրին նախորդել էր 1920թ. փետրվար-ապրիլին Լոնդոնում կայացած առաջին համաժողովը, որտեղ ընդունվել էր քաղաքական որոշում առ այն, որ պետք ստեղծել է մեկ, միասնական հայկական պետություն: Ընդսմին, որպես հայոց պետականության խարիսխ ճանաչվել էր արդեն իսկ Փարիզի վեհաժողովի կողմից 1920թ. հունվարի 19-ին de facto ճանաչված Հայաստանի Հանրապետությունը, որին պիտի միացվեին Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի որոշ տարածքներ:

Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը (նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, որի 100-ամյակը նույնպես լրանում է առաջիկա նոյեմբերի 22-ին), և ընդունել ինչպես նրա որոշումն անմիջապես, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։

ՀԱՐՑ- Սակայն Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա...

ՊԱՏԱՍԽԱՆ- Ավելի շուտ, Սևրի պայմանագիրը չարժանացավ լիակատար վավերացման (հետևաբար մնում է անկատար (unperfected) և, ճիշտ է, Հայաստանի մասով որոշումները միջազգային քաղաքական իրադրության փոփոխության պատճառով չեն իրականացվել, սակայն այն նաև երբևէ չեղյալ չի հայտարարվել:

Սևրի պայմանագիրն օրինական, միջպետական, նաև de facto գործող փաստաթուղթ է, քանի որ այս փաստաթղթի վրա են խարսխված եղել կամ սրանից են ածանցվել Միջինարևելյան մի շարք երկրների Առաջին աշխարհամարտին հաջորդող որոշ ժամանակահատվածի կամ ներկայիս կարգավիճակները, մասնավորապես՝ Սիրիայի (ներկայումս՝ Սիրիա-Լիբանան) և Միջագետքի (ներկայումս՝ Իրաք-Քուվեյթ), Պաղեստինի (ներկայումս՝ Իսրայել և Պաղեստինի իշխանություններ), Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիա), Եգիպտոսի, Սուդանի, Կիպրոսի, Մարոկոյի, Թունիսի և Լիբիայի:

Այս շարքում Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդի համախմբմանը իր պատմական տարածքների վրա։

Այն կարող էր մասամբ դարմանել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված վնասները՝ դրանով պայմաններ ստեղծելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև տևական խաղաղության հաստատման:

Սակայն 1920թ. սեպտեմբերին քեմալականների սանձազերծած արշավանքը Հայաստանի Հանրապետության դեմ ավարտվեց Հայոց անկախ պետականության վերացմամբ և Հայաստանի խորհրդայնացմամբ:

Այսպիսով, հայ ժողովրդի դարավոր պայքարը՝ մեկ պետական կազմավորման մեջ միավորելու բաժանված Հայաստանի մասերը, չպսակվեց հաջողությամբ:

Բայց Հայաստանի Հանրապետությունը և աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովուրդը մնում է ժառանգը և տերը իր հազարամյակների պատմության և քաղաքակրթության: Ինչ էլ արել են և անեն, ինչքան էլ ժխտեն ակնհայտ փաստերը, ինչքան էլ պատմական Հայաստանի տարածքներում ոչնչացնեն և ջնջեն հայոց պատմության և քաղաքակրթության նյութական հուշարձանները և հայերի հետքերը, նրանք չեն կարող ոչնչացնել հայ ժողովրդի հիշողությունը:

Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին։

ՀԱՐՑ- Կա տարածված տեսակետ, թե իբր 1923թ. Լոզանի պայմանագիրը չեղարկել է Սևրի պայմանագիրը:

ՊԱՏԱՍԽԱՆ- Բնավ այդպես չէ և չէր կարող այդպես լինել: Լոզանի պայմանագրում ոչ միայն չկա նման չեղարկում, այլև անգամ Սևրի պայմանագրի մասին հիշատակում չկա: Հայաստանի Հանրապետությունը չի ստորագրել, հետևաբար մաս չէ Լոզանի պայմանագրին: Ըստ այդմ, այն որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: Այս իրավիճակում գործում է միջազգային իրավունքի Res inter alios acta (մասն չես, պարտավոր չես) սկզբունքը: Սևրի պայմանագիրը և Լոզանի պայմանագիրը երկու տարբեր իրավական փաստաթուղթ են:

ՀԱՐՑ- Վերադառնանք մեր օրերին: Մերձավոր Արևելքը, որի անմիջական հարևանությամբ գտնվում են Հարավային Կովկասի երկրները, կրկին եռում է. զինված ընդհարումներ, քաղաքացիական պատերազմներ, ահաբեկչության դեմ պայքար, տարածքային վեճեր: Հուլիսի կեսերին սահմանային ընդհարումներ գրանցվեցին հայ-ադրբեջանական շփման գոտում, որը խլեց մարդկային կյանքեր և ծայրահեղ լարվածություն առաջացրեց Երևանի և Բաքվի միջև:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, այս ընթացքում, երբ ողջ աշխարհն ու մենք պայքարում ենք մեկ ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի համավարակի դեմ, և չնայած այն հանգամանքին, որ ողջ աշխարհում հակամարտությունները դադարեցվել են, մեր հարևան երկիրը՝ Ադրբեջանը, փորձեց օգտվել այս իրավիճակից՝ օգտագործելով բացասական իմաստով այս «հնարավորության պատուհանը» հայ-ադրբեջանական սահմանին ագրեսիա հրահրելու համար: Դեռ լավ է, որ հայկական զինված ուժերը դրսևորեցին մարտական բարձր պատրաստականություն և բառացիորեն երկու-երեք օրվա ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները, այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածավալ ընդհարումների հրդեհից:

ՀԱՐՑ- Այս ծայրահեղ վտանգավոր զարգացումների մասին հայտարարություններով հանդես եկան ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ը, տարբեր մայրաքաղաքներ՝ կոչ անելով կողմերին հանդարտության և երկխոսության: Միայն Անկարայի տոնն էր ռազմատենչ, իր լիակատար աջակցությունը հայտնելով Բաքվին գործողություններին:

ՊԱՏԱՍԽԱՆ- Այո, միջազգային հանրությունը լայնորեն արձագանքեց իրադարձություններին: Խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի մասին է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տավուշի դեպքերը ցույց տվեցին, որ կան շատ լուրջ մտահոգություններ:

Իմ մտահոգության առաջին կետը վերաբերում է մեր հարավային հարևանի՝ Թուրքիայի կողմից բավականին ագրեսիվ հռետորաբանությանը: Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ: Եվ սա արվում է առանց որևէ հիմնավորման, անպատասխանատու կերպով: Չմոռանանք, որ սա այն երկիրն է, որը նաև մարդկային մեծ ողբերգության վայր է եղել, որտեղ 105 տարի առաջ ցեղասպանություն է իրականացվել մեր ժողովրդի նկատմամբ: Ու փոխանակ իր անցյալի սև էջերը ճանաչելու միջոցով կամուրջ ստեղծելու Հայաստանի հետ, նրանք օգտագործում են մի բառապաշար, որն իրականում ցույց է տալիս նրանց մտադրությունը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:

Երկրորդ մտահոգությունս այն է, որ Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում Ադրբեջանի տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել: Իմ ուղերձն այն է, որ Հայաստանը երբեք չի եղել, չէ և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար, քանի որ մենք նրա՛նց հետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանության միջով և վերապրել են: Այնպես որ մենք շատ լավ գիտենք, ինչ է նշանակում տառապել, գիտենք, ինչ են նշանակում մարդկային արժեքները: Ես մտահոգ եմ, որ երբ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դեմ, ոմանք անմարդկային գործողություններ են ծրագրում:

Հաջորդ մտահոգությունս վերաբերում է Ադրբեջանի կառավարությունից կամ համապատասխան գերատեսչություններից հնչող պաշտոնական հայտարարություններին, թե Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Ես ինքս ֆիզիկոս եմ ու շատ լավ պատկերացնում եմ այն իրական հետևանքները, որ կարող է լինել, եթե հանկարծ որոշեն հարվածել ատոմակայանին: Ուստի ես այս հայտարարությունն ընդունում եմ որպես ահաբեկչական գործողության մտադրություն, որը միջազգային հարաբերություններում բնորոշվում է որպես միջուկային ահաբեկչություն: Աստված մի արասցե, եթե դա հանկարծ տեղի ունենա, մենք կունենանք կովկասյան Չեռնոբիլ: Ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորն են տուժելու՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը...

Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի: 

 

president.am

Օրացույց