Մահացել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը

մարտ 28, 2022 - 17:58        Viewed: 195211       

Այազ Մութալլիբովի չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցից մի հատված:

Հարց՝ Ինչ եք մտածում Խոցալուի դեպքերի մասին, որոնցից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուի բնակիչների դիակները գտնվել էին Աղդամից ոչ հեռու: Ինչ որ մեկը սկզբից կրակել էր նրանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան փախչել: Այնուհետև գործը ավարտին էր հասցրել կացնով: Փետրվարի 29-ին իմ գործընկեները նկարահանում էին դիակները: Սակայն մարտի 2-ին նոր նկարահանումների ժամանակ դիակների գանգամաշկերը հանած էին:
Շատ տարօրինակ մի խաղ էր…

Պատասխան՝ Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, ամեն ինչ կազմակերված է եղել իմ հրաժարականի առիթ ստեղծելու համար: Ինչ որ ուժ գործում էր  նախագահին հատուկ վարկաբեկելու ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ:

Եթե ես ասեմ, որ ամեն ինչում մեղավոր էր ընդդիմությունը, կասեն, որ ես բանբասում եմ: Սակայն հստակ կարելի է ասել, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից բացվել էր: Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին: Առավել ևս Աղդամի մոտակայքում բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց: Կամ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել:

Ինձ անընդհատ ասում էին, որ Խոջալուի բնակիչները դիմանում են, սակայն նրանց պետք է օգնել մարդկանցով, զենքով և սննդամթերքով: Ես կարգադրեցի հասցնել օգնությունը ուղղաթիռներով: Սակայն, ինչպես ինձ էին բացատրում, օդաչուները հրաժարվում էին թռնել այնտեղ, քանի որ նրանց մոտ ստինգերներից փախչելու համար հատուկ սարքավորումներ չկային: Այսպես անցավ մի ամբողջ շաբաթ: Այնտեղ մոտակայքում տեղակայված էր Աղդամի խմբավորումը, որը պետք է հետևեր իրադարձությունների զարգացմանը: Հենց որ ռազմական տեխնիկան պաշարեց Խոջալուն, պետք էր անմիջապես տեղահանել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հրաման էի տվել Շուշիի համար՝ տղամարդկանց պահել, իսկ կանանց և երեխաներին տեղահանել: Դա նույնպես պատերազմի օրենքներից է. պետք է փրկել նրանց: Իմ վարքը շատ օբյեկտիվ էր. ես տալիս էի նման հրամաններ, սակայն ինչու այդ հրամանները չկատարեցին Խոջալուում, ես չգիտեմ: Իմիջիայլոց այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. «Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնել նրանց դիակները»: Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ:

Հարց՝ Երբ Ձեզ տեղյակ պահեցին զոհվածների մասին:

Պատասխան՝ Մի օր հետո, երբ հաղորդեցին, որ Խոջալուում ընդհամենը մի քանի մարդ է զոհվել: Ինֆորմացիան եկավ ներքին գործերի նախարարից:

Հարց՝ Ով է պատասխանատու այդ ինֆորմացիայի համար:

Պատասխան՝ Ինքը նախարարը: Այդ ժամանակ արդեն ստեղծվել էր մամլո ծառայություն նաև պաշտպանության նախարարությունում: Ուղղաթիռի հետ կապված պատմությունից հետո մենք պայմանավորվեցինք, որ ոչ մեկ չի հաղորդի չճշտված ինֆորմացիա:

Հարց՝ Դուք համարում եք, որ վարչապետ Հասան Հասանովը նույնպես պատասխանատվության իր բաժինն ուներ:

Պատասխան՝ Կառավարության ղեկավարը, իհարկե, ամեն ինչի համար պատասխանատու է, չնայած որ նա դրանից հրաժարվում էր, ասելով, որ նա չի զբաղվում նման հարցերով: Սակայն կառավարությունը մնում է կառավարություն:

«Նեզավիսիմայա գազետա»,

02.04.92.

Օրացույց