ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

սեպտեմբեր 01, 2023 - 14:57        Viewed: 336       

Ադրբեջանը, հավատարիմ հայատյացության և մասնավորապես Արցախի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականությանը, 8 ամսից ավելի շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել արցախահայությանը` փակելով Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։ Չնայած Ադրբեջանի բռնապետական ռեժիմի կողմից ներկայացված տարատեսակ պատճառաբանություններին և կեղծ մարդասիրական առաջարկություններին` վերջինիս ռազմավարական նպատակը մեկն է՝ հարկադրել Արցախի բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը, այլապես՝ ենթարկել ցեղասպանության: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով` չկան հայեր՝ չկա խնդիր: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ադրբեջանի նկրտումները Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջանների նկատմամբ` ակնհայտ է, որ նա չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ:
Գիտակցելով Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ վերահաս վտանգը` ողջ աշխարհի հայությունը ոտքի է կանգնել և փորձում է իր ձայնը լսելի դարձնել տարբեր առաջադեմ երկրներում` հումանիտար այս աղետը կանխելու նպատակով:
Վրաստանը և վրաստանահայերը ևս բացառություն չեն, և մեր կողմից կազմակերպվել են տարբեր միջոցառումներ` մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա տեղի ունեցող ողբերգության վրա Վրաստանի քաղաքացիների և իշխանությունների ուշադրությունը գրավելու նպատակով:
Ցավոք, պետք է արձանագրենք, որ Վրաստանի իշխանությունները միշտ փորձել են պահպանել չեզոքություն այդ հարցում, սակայն ներկայումս խնդիրը ոչ միայն քաղաքական է, այլ նաեւ մարդասիրական:
Պետք է նշենք, որ վրացական մի շարք լրատվականներ կա´մ ընդհանրապես խուսափում են հումանիտար եւ ցեղասպանական այս աղետի մասին լուսաբանումից, կա´մ այն ներկայացնում են աղճատված: Այս առիթով կոչ ենք անում վրացական բոլոր լրատվականներին բարեխղճորեն կատարել լրագրողի իրենց պարտականությունը և վերջ դնել լռությանն ու ապատեղեկատվության տարածմանը, առավել ևս, որ թեման բազմիցս լուսաբանել են մի շարք աշխարհահռչակ լրատվականներ:
 
Կոչ ենք անում Վրաստանում գործող բոլոր հայկական կազմակերպություններին` անկախ իրենց քաղաքական հայացքներից, կանգնել Արցախի և արցախցու կողքին, որովհետև Արցախը հայության սիրտն է, առանց Արցախ չի լինելու ո´չ Հայաստան և ո´չ հայություն, իսկ Արցախի հայաթափումը կանրադառնա աշխարհում գտնվող բոլոր հայերի վրա, հատկապես` հարևանությամբ բնակվող վիրահայության վրա:
 
Կոչ ենք անում Թբիլիսիում գտնվող բոլոր հայերին` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, մի կողմ դնել բոլոր անձնական գործերը ու միասին աջակցել Արցախին և արցախցուն:

Օրացույց