1921թ. Փետրվարի 18. Հայ ժողովրդի հերոսական ապստամբության անմար ոգին

փետրվար 17, 2014 - 11:29        Viewed: 4463       

 

Փետրվարի 18-ը խորհրդանշում է ամեն կարգի բռնակալությունների, անիրավությունների և անարդարությունների դեմ հայ ժողովրդի հերոսական ապստամբության անմար ոգին։
93 տարի առաջ, Փետրվարի 18-ին 1921թ.-ի այս օրը, իր անկախ հայրենիքն ու ազատ պետականությունը հազիվ նվաճած, բայց լենին և քեմալ սադրանքի հետևանքով դարձյալ գերության մատնված հայ ժողովուրդը, իր հերոսական զավակների վճռական ծառացումով, ապստամբեց Հայաստանի Հանրապետությանը պարտադրված խորհրդային իշխանության և համայնավար Հեղկոմի բռնատիրության դեմ:

Համաժողովրդային ապստամբության անմար այդ ոգին եղել է հայ ժողովրդի հազարամյակների պատմության շարժիչ ուժը։ Սկսելով Բելի դեմ Հայկ Նահապետի առասպելատիպ ծառացումից և անցնելով Վարդանանց սրբազնագույն ինքնահաստատման պատերազմից, Սասունցի Դավթի անհաշտ ու անտեղիտալի ծառացումից և Դավիթ Բեկի ազգային-ազատագրական պայքարից՝ հայ ժողովրդի ապստամբական այդ անմար ոգին մեր ժամանակների մեջ հառնեց Փետրվարյան համաժողովրդային ապստամբությամբ:

Նույն այդ ոգին էր, որ խորհրդային ամբողջատիրության շուրջ 70ամյա բռնակալության և նրա հովանու տակ ծվարած համաթուրքական անարգ լուծի դեմ իր ժայթքումը ունեցավ 1988թ.ի փետրվարի 20-ը, երբ Արցախի մեր ժողովրդի հետ ողջ հայությունը պայքարի դաշտ նետվեց՝ հանուն հայրենի հողի ազատագրության, հայոց անկախ պետականության վերականգնման և Հայաստանի ու հայության ամբողջական ազատագրման:

Ինչ որ պատահեց 1921թ.ի փետրվարի 18-ին, այս առումով, ամեն բանից առաջ և վեր ազգային ինքնահաստատման ու ինքնապաշտպանության հերոսական ապստամբություն էր: Հայ ժողովուրդը, ազգային¬ազատագրական պայքարի 30ամյա բովի մեջ թրծված ֆիդայիների հերոսական առաջնորդությամբ, պարզապես ապստամբեց իրեն պարտադրված խորհրդային բռնակալության դեմ, որովհետև համայնավար Հեղկոմի գործադրած խժդժությունների, հալածանքների և շահատակությունների դանակը արդեն հասել էր ոսկորին։ Ճիշտ է, դաշնակցական ֆիդայիների և խմբապետների սերունդը պարզեց փետրվարյան ապստամբության դրոշը, բայց էապես Ժողովրդայի՛ն ըմբոստացման և ոչ թե պետական հեղաշրջման մի քայլ եղավ Փետրվարի 18-ը։ Գաղափարական կամ քաղաքական հեղափոխութիւն չէր պատահածը։ Նաև թելադրված չէր Դաշնակցության ղեկավար մարմինների կամ գործիչների կողմից, որոնք երկու ամիս առաջ՝ 1920թ.ի դեկտեմբերի 2-ին ի տես Լենին-Քեմալ մեղսակցությամբ նորանկախ Հայաստանի ամբողջական պաշարմանը և պետական կործանման վտանգին, երկու չարյաց փոքրագույնը ընտրեց, իշխանությունը զիջեց խորհրդայինների լիազոր ներկայացուցիչ Լեգրանին և նրա միջոցով, Կրեմլում բազմած բոլշևիկների կողմից կյանքի կոչված Ս. Կասյանի, Ա. Նուրիջանյանի ու Լ. Աթարբեգյանի օրինակով հայանուն բոլշևիկների այսպես կոչված Հեղկոմին...

Ըստ ամենայնի համաժողովրդային ապստամբություն եղավ փետրվարի 18-ը, որովհետև բոլշևիկյան մի քանի շաբաթվա իշխանությունը բավարար էր, որպեսզի հորդի հայ ժողովրդի համբերության բաժակը:

Բառի ամենից ահավոր ու վայրագ իմաստով՝ գրավման բանակի պես վարվեցին հայ բոլշևիկները սեփական երկրի ու ժողովուրդի հետ։ Խորհրդային իշխանության և համայնավարական կարգերի հաստատման կարգախոսներով՝ բռնագրավեցին պարզ ժողովրդի ունեցած¬չունեցածը և ամեն կարգի խժդժությունների, հալածանքի ու բռնությունների կատաղի արշավ ծավալեցին ոչ միայն հայոց անկախությունն ու պետականությունը կերտած քաղաքական ու ռազմական ղեկավար գործիչներին, այլև բոլշևիկների կամայականություններին ընդդիմացող շարքային քաղաքացիների դեմ:

Այդպե՛ս՝ գրավման բանակի վերածված բոլշևիկյան իշխանությունների դեմ ուղղված ծառացումը խորհրդանշեց Փետրվարի 18-ի համաժողովրդային ապստամբությունը։ Եվ  փետրվարի 1921թ.ի 18-ին հայ ժողովուրդը մի անջնջելի էջ գումարեց իր հազարամեակների պատմության կարմիր մատյանին մեջ:

Հայոց Պատմության մեջ այն գրավեց իր նշանակալից տեղը, իբրև նախկին Ցարական Կայսրության տարածքի համաժողովրդային առաջին ըմբոստացումը, 1917թ.-ի հոկտեմբերին, բոլշևիկյան հեղաշրջումով հաստատված համայնավար բռնակալության և նրա գործած անիրավությունների ու անարդարությունների դեմ:

Աշխարհաքաղաքական ծանր ու օրհասական պայմանների մեջ կատարվեց Փետրվարյան ապստամբությունը, որ իբրև ազատության և արդարության ի խնդիր ծավալած համաժողովրդային ըմբոստացում՝ ոչ միայն արկածախնդրություն չէր, այլև՝ պատմական անհրաժեշտություն էր։ Այն անխուսափելի վիրահատման և փրկարար սրբագրումի նշանակություն ունեցավ Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի համար:

Հակառակ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ Լեգրանի կնքած Համաձայնագրի, որը նախատեսում էր Պաշտպանության նախարար Դրոյի հետ նորահաստատ Հեղկոմի գործակցությունը և  բացառում էր ինքնակամ հրաժարված կառավարության անդամների դեմ հալածանքը, Կասյանների Հեղկոմը լրիվ հակառակ ուղղությամբ գործեց  1920թ.-ի Դեկտեմբերի 4-ից իսկ Երևան գալով իշխանությանը ծաղրեց:

Դրոն հսկողության տակ առնվեց, Համո Օհանջանյանի և Համազասպի նման կառավարական և ազգային գործիչներ բանտ նետվեցին, Զօր. Նազարբեկյանի գլխավորությամբ Հայկական բանակի ամբողջ սպայակազմը, 1200 սպաներ, հետիոտն աքսորվեցան դեպի Ռուսաստան։ Իսկ Սիմոն Վրացյանի օրինակով պետական¬կուսակցական գործիչներ ընդհատակ անցան՝ խույս տալով նորակազմ Չեկայի՝ բոլշևիկների ստեղծած պետական ապահովության ոհմակների հետապնդումներից:

Ավելի՛ն. Նուրիջանյանների Հեղկոմը բնավ չհաշտվեց այն իրողության հետ, որ առանց քաղաքացիական արյունահեղ պատերազմի Հայաստանն ընտրել էր խորհրդայնացման ուղին... Նորելուկ բոլշևիկների համոզմամբ՝ հարկ էր լենինյան օրինաչափությունը կիրառել և ամեն գնով դասակարգային կռիվ... սկսել Հայաստանի մեջ։ Եվ թալանն ու հալածանքը մոլեգնեցին նույնինքն ժողովրդի դեմ՝ հատկապես գյուղական շրջանների մեջ դասակարգային շինծու պայքարի մթնոլորտ հրահրելով։ Սեփականազրկումի և ունեցվածքի բռնագրավման մի մեծ խրախճանք սկսեցին նորահաստատ իշխանությունների վերին և ստորին մակարդակի պաշտոնատարները։ Եվ ահա այդժամ  լցվեց  հայ ժողովրդի համբերության բաժակը:

Երբ  փետրվարի 16-ին ժողովրդային ըմբոստացման առաջին խմորումները սկսվեցին և շրջաններից ժողովուրդը, դաշնակցական երբեմնի խմբապետների գլխավորությամբ, սկսեց շարժվել դեպի Երևան, Հեղկոմը ավելի մոլեգնեց:

Նույն  փետրվարի 18-ի վաղ առավոտյան ժամերին, Երևանի բանտերում, բառացիորեն խոշտանգվելով՝ կացինահար սպանվեցին Համազասպի օրինակով ազգային հերոսներ...

Այս իմաստով պատմական անհրաժեշտություն եղավ 1921թ.-ի Փետրվարի 18-ին արևածագին Երևանում  հայ ժողովրդի իրագործած ապստամբությունը, որ ոչ միայն բանտերից ազատեց իր հերոսական զավակներին ու քաղաքական կամքի ներկայացուցիչներին, այլև՝ իշխանությունից խուճապահար փախուստի մղեց Կասյաններին...

Մինչև ապրիլ 2 ապստամբությունը Հայաստանի պետական ղեկից հեռու պահեց խորհրդայիններին, որոնք թեև ի վերջո վերատիրացան իշխանության, բայց արդեն Ալ. Միասնիկյանով փոխարինված մի Հեղկոմով  վերադարձան՝ ունենալով... Հայաստանում քաղաքացիական պատերազմի հրահրումից խուսափելու լենինյան հանձնարարականը:

93 տարի է անցել  Փետրվարի 18-ից այս կողմ, բայց հայ ժողովրդի ազգային հիշողության մեջ  շարունակում են վառ մնալ համաժողովրդային այն մեծ ապստամբության խորհուրդն ու ավանդը, որի շնորհիվ՝ «... Խաղաղությունը, օրհնության ցողի պես, իջավ Երևանի վրա։ Հայոց աշխարհը ազատագրված էր կարմիր պատուհասից։ Արևի առաջին ճառագայթների հետ ազատության դիցուհին ողջունում էր հայ ժողովրդի փրկությունը։ «Մեր Հայրենիք ազա՜տ, անկա՜խ՝ իւր քաջ որդւոց սուրբ արիւնով»... հնչում էր ամեն կողմից» (ինչպես որ տարիներ հետք պիտի վկայէր Յ. Իրազեկը):

Փետրվարի 18-ի տարեդարձի առիթով անպայման ու կարևորությամբ պետք է մերկացնել նենգափոխումն ու հետին միտքը խորհրդային գաղափարախոսության այն հանգերգին, թե փետրվարյան Ապստամբությունը իբր «դաշնակների ավանտյուրա» էր և թե հերոսական ըմբոստացման այդ անմար ոգին ներշնչվում էր, իբր թե, «դաշնակիզմի արկածախնդրությունից»...

Ամբողջ տասնամյակներ խորհրդայինները հետևողականորեն քարոզեցին և փորձեցին հայրենի հայության մեջ արմատավորել այն մտայնությունը, թե Հ.Յ.Դ. Փետրվար 18-ին զենք վերցրեց հայկական իշխանությունների դեմ՝ իբր թե կառավարության ղեկին վերադառնալու համար:

Այդ մտայնության վերապրուկները մինչև մեր օրերը նկատելի են հայրենաբնակ հայի մոտ, որ տակավին լրիվ չի թոթափել խորհրդային ժառանգության ժանգ կապած հետքերը: Խորհրդային գաղափարախոսությունը բնավ չուզեց և իր գաղափարական էութեամբ չէր կարող հաշտվել պատմական այն պարզ, նաև դաժան ճշմարտության հետ, որ փետրվարյան Ապստամբությունը իրագոործեց հայ ժողովրդի ինքնաբուխ և հերոսական ծառացումով:

Ընդունել այս ճշմարտությունը՝ խորհրդայինների աչքին  նշանակում էր ակամա խոստովանել, որ հայ ժողովուրդը էապես դաշնակցականացված էր երեսնամյա հայ ազգային¬ազատագրական պայքարի բովի մեջ ։ Փետրվարյան ապստամբությունը տեղի չունեցավ օրվա դաշնակցական ղեկավարության որոշումով կամ հրահանգով, այլ բռնկվեց Դաշնակցության մեջ իր մարտական ողնաշարը գտած մեր ժողովրդի ինքնաբուխ ըմբոստացումով, ինչպես որ նույնքան ինքնաբուխ եղավ ֆիդայական շարժման անողոք կռվի դպրոցից դաշնակցական խմբապետների ղեկավար դերակատարությունը ապստամբության համաժողովրդային ծավալման մեջ:

 

Օրացույց