«Ամենայն Հայոց Բանաստեղծ»-ի ծննդյան տարեդարձը

փետրվար 19, 2014 - 10:20        Viewed: 2846       

 

Այսօր փետրվարի 19-ին, հայ ժողովուրդը նշում է  իր հանճարեղ զավակներից մեկի` Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձը, որն իր կենդանության օրոք արժանացավ «Ամենայն Հայոց Բանաստեղծ»ի պատվանդանին:

Մեծն Եղիշե Չարենցն իրավամբ թարգմանը հանդիսացավ հանուր հայության՝ թե՛ Արևմտահայաստանի, թե՛ Արևելահայաստանի և թե´ աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդին, երբ հայ գրականության «հանճարեղ Լոռեցին» հռչակեց Թումանյանին:

Բառի բոլոր առումներով լոռեցի էր Թադեոս Թումանյանի որդի Հովհաննեսը։ ծնվել է  1869թ.ի փետրվարի 7-ին (հին տոմարով), Դսեղ գյուղում , հոգևորական ընտանիքի հարկի տակ։ Նախնական կրթությունը գյուղի դպրոցում  ստանալուց հետո, հաճախել է Ջալալօղլուի (այժմվա Ստեփանավան) դպրոցը, հետո որպես շրջանավարտ՝ 1883թ.-ին անցել է Թիֆլիս, «Ներսիսյան» Ճեմարանում ուսումը շարունակելու համար։ Սակայն նյութական ծանր պայմանների ճնշման տակ, 1887թ.ին, ակամա լքեց ուսումը և նետվեց կյանքի ասպարեզ՝ աշխատանք գտնելով նախ Թիֆլիսի հայոց Ազգային Դատաստանական Խորհրդի, ապա՝ Հայ Հրատարակչական Միության գրասենյակներում:

Ամենայն հայոց բանաստեղծի կազմավորման շըրջանը հատկորոշող կենսագրական այս ուրվագծային ամփոփ տեղեկանքի պաստառի վրա իրենց տեղն ու նշանակություն են գտնում Հովհաննես Թումանյան մարդու, հայի, գրողի և ազգային-հասարակական գործչի տիրական հատկանիշները.

- Անսահման բարությամբ և միշտ լավատեսությամբ՝ անհուն ժպիտով կյանքին նայող մարդը եղավ Թումանյանը:

- Սեփական ազգի բազմաչարչար պատմությամբ տառապող, հայի սեփական սխալները սրտցավորեն քննդատող, ինքնաքննադատության և ինքնամաքրման առաջապահ դիրքերի վրա կանգնող և, մանավա՛նդ, հայ ժողովրդի ու Հայաստանի վաղվա պայծառ օրվան հավատացող ու պայքարող հաստատակամ հայը եղավ Թումանյանը:

- Հայոց աշխարհի բնական գեղեցկություններով ու հայ ժողովրդի տոհմիկ բարքերով գինովցած գրողը եղավ Թումանյանը, որ այդ ամենի հանճարեղ երգիչը դառնալով՝ անմահացավ ու իրեն հետ անմահացրեց Հայաստանն ու հայությունը:

- Հայ ժողովրդի ազգային զարթոնքի և ազատագրական պայքարի անձնվեր դրոշակակիրը եղավ Թումանյանը՝ ազգային¬հասարակական իր գործունեությամբ ու մտածողությամբ, հավատավոր ջատագովը դառնալով ինչպես հայ ժողովրդին մեծամասնությունը վարակած անբուժելի ռուսասիրության, նույնպէս և վրացի ու թուրք-թաթար հարևանների հետ անկեղծ բարեկամության:

Այս բոլորին ինքնատիպ և ճառագայթող համադրումը մարմնավորեց Հովհաննես Թումանյանը:

Բազմազավակ իր ընտանիքով և նահապետական նիստուկացով՝ արժանացավ հայոց նոր դարաշրջանի ժողովրդային բանաստեղծի արդար փառքին։ Եվ պատահական չէ, որ իր դյուցազներգությամբ, վիպերգներով, հեքիաթներով, առակներով և մանավանդ խորախորհուրդ քերթվածներով՝ Թումանյանը դարձավ հայ իրականության ամենից շատ սիրված ու կարդացված գրողներից մեկը:

Հայ ժողովրդի հոգեմտավոր ժառանգության ջերմեռանդ պահապանի և հանճարեղ վերանորոգողի իր գրական ստեղծագործությամբ, նաև ու մանավա՛նդ իր բնակարանի վերնահարկի մեջ հյուրընկալած այն ժամանակվա հայ մտավորականության սերուցքի «Վերնատան հանդիպումներով»՝ Թումանյանը 1900ականներին իրագործեց հոգեկան-գաղափարական միասնության ոգեշնչող մի մթնոլորտ, որը մինչև մեր ժամանակները պահպանում է օրինակելի ավանդի և ներշնչման աղբյուրի իր այժմեականությունն ու թելադրականությունը։

Երբ այն ժամանակվա մեծապետական սադրանքների և ծավալապաշտական նենգ հաշիվների հետևանքով Անդրկովկասի գլխավոր երեք ազգությունների՝ հայերի, վրացիների և թաթար-թուրքերի միջև արյունալի ընդհարումներ հրահրվեցին 1905թ.ին, հատկապես Թումանյանը բարձրահասակ կանգնեց հաշտարար խառն հանձնախմբերի առաջին դիրքերի վրա, ազգամիջյան ներքին համերաշխությանն ի սպաս հավատավոր աշխատանք ծավալելով:

Թումանյան ազգային գործչի կերպարը իր առավելագույն հնչեղությունը ստացավ Առաջին Աշխարհամարտի տարիներին, երբ Հայ Կամավորական Շարժման կազմակերպման իր աշխույժ մասնակցությունը բերեց։ Հատկապես մեծ եղավ Թումանյանի ներդրումը թուրքական պետության գործադրած Հայոց Ցեղասպանությունից ճողոպրած հարյուր-հազարավոր հայ գաղթականների պատսպարման, բուժ-ապահովման և սննդավորման դժվարին գործում։ Այդ ժամանակ էր, որ Ս. Էջմիածնի վերանորոգված վեհարանը գաղթականների առջև իբրև պատսպարան բացելու Ամենայն Հայոց Կաթողիկոսի դժկամությանն  ի պատասխան՝ Թումանյանը հայտարարեց, թե ինքն էլ «Ամենայն Հայոց Բանաստեղծ»ն է և, գաղթական իր ժողովրդին տեր կանգնելու իր այդ կոչումով, բացել տվեց վեհարանը:

Հովհաննես Թումանյան ազգային-հասարակական գործչի վերջին առաքելությունը եղա Թիֆլիսից Հայաստան ժամանումը 1921թ.ի մարտին, բելշևիկների խժդժությունների դեմ բռնկած Փետրվարյան համաժողովրդային ապստամբությունից անմիջապես հետո, որպեսզի Սիմոն Վրացյանի «Հայրենիքի Փրկության Կոմիտե» ի և խորհրդայինների միջև հաշտեցման եզրեր գտնի:

Այդ առաքելությունը սպասված արդյունքը չտվեց, իսկ Թումանյանը բռնվեց դեղնախտով։ Անմիջապես վիրահատման պէտք է ենթարկվեր և նա ճամփա ելավ դեպի Մոսկվա՝ Բեռլին անցնելու և այնտեղ մասնագիտական գործողությամբ բուժվելու համար։ Բայց խլիրդը խոր բույն էր դրել մեջը և հայ գրականության փառքը կազմող «Հանճարեղ Լոռեցին» վախճանվեց Մոսկվայում՝ 1923թ.ի մարտի 23ին:

Իսկ Ամենայն Հայոց Բանաստեղծին նվիրված իւրաքանչյուր անդրադարձ ոչ միայն հաղորդության առիթ է հայ ժողովրդի մեծանուն այս զավակի ազգային մտածողությանև շնչավորած արժեքների հետ, այլև անպայման գրական-գեղարվեստական խրախճանքի պահ է, որովհետև Թումանյանն իր երկնած յուրաքանչյուր տողի մեջ  խտացնում է մեր ժողովրդին հոգեխառնությունից, հայոց հողի ջերմությունից և հայ հոգու կախարդանքից մի լույս,մի ձայն, մի երանգ, մի խաղ:

Թումանյանի ստեղծած աշխարհը բանաստեղծական վկայությունն է հազարամյակների ուղի կտրած, նաև հավերժի ուղևորի իր ինքնատիպ դրոշմով ողջ մարդկությունը ավելի գեղեցկացրած ու հարստացրած Հայաստանիև հայ ժողովրդի անկորուստ ժառանգության։

Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան 145 ամյակին նվիրված այսօրվա էջը արժե փակել թուրքական պետության գործադրած Հայոց Ցեղասպանության դեմ հանդիման Թումանյանի երկնած բանաստեղծական վկայութեամբ ու պատգամով։ Որքան էլ մեր օրերի հայ պետական և քաղաքական գործիչներ մոլորանքի մատնվեն և հայ ժողովրդի ազգային-քաղաքական պահանջատիրությունը «արհավիրքակենտրոն» հռչակեն ու այն թոթափելու և, իբր թե, «հաղթահարելու» կոչեր արձակեն, Մեծն Թումանյանը 1915թ.ին իր ստեղծած բանաստեղծություններով արդեն սկզբնավորել  է մեր ժողովրդի ուղին, որից շեղվելու ամեն փորձ միայն ինքնալքում է ու դատապարտված անփառունակ ձախողության:

Երկու մասունք
1915
թ.-ին գրուած Թումանյանի գործերից

ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Եփրատի ափին դեմուդեմ եկած՝
Զարկվում էին խիստ, զարկվում ու զարկում
Աննահանջ ու քաջ խըմբերը հայի
Եվ քուրդն ու թուրքը կիտված արենխում։

Երբ որ հոգնեցին երկար զարկվելուց,
Երբ որ հոգնեցին բազուկները կուռ,
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, բարձրացի՛ր շուտով,
Բարձրացի՛ր Հայոց բարձըր լեռների

Ամենից բարձըր գագաթն ու նայի՛ր,
Որտե՞ղ է, մի տե՛ս, վերջը թըշնամու...»
Բարձրացավ ջըլուտ հայդուկը հայի,
Բարձրացավ բարձըր գագաթը լեռան
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին.

— «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ հեռու հորիզոնները մութ
Եփրատի դալար հովիտներն ի վար՝
Մինչև Տավրոսի լեռները կապուտ,
Մինչև մըշուշոտ պարը Պոնտոսի,

Մինչև բարձրաբերձ ժայռերը Մոկաց․․․
Ծուխ է բարձրանում Մուշի հովիտից,
Ծուխ է բարձրանում Սասմա սարերից,
Ծուխ է բարձրանում Վանա կողմերից,
Ծուխ է բարձրանում Աբաղա դաշտից,

Կըրակ է կանգնած Զեյթունի վըրա...
Ամեն կողմերից թըշնամին գունդ-գունդ
Շարժվում է մեր դեմ, ու չի երևում,
Չեմ տեսնում վերջը նըրա շարքերի...»
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետն այնժամ,

Հե՜յ, ընկե՜ր, ասավ, ետ նայիր հապա,
Ետ նայի՛ր, մի տե՛ս, հայերը հեռվից
Չե՞ն գալիս արդյոք մեզի օգնության...»
Ու հոգնած ձեռքը դըրեց ճակատին,
Կըտրիճ հայդուկը նայեց դեպի ետ.

― «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Տեսնում եմ ահա, ինչպես ափիս մեջ,
Սև ծովից մինչև ծովը Վըրկանա,
Մինչև Կովկասի պատնեշը ձյունոտ.
Գալիս են խումբ֊խումբ հայերը ճեպով,

Գալիս են ճեպով մեզի օգնության։
Իջնում են Սյունյաց մութ-մութ սարերից,
Ելնում Գուգարքի խոր-խոր ձորերից,
Շիրակի դաշտից մինչև Այրարատ,
Ու ողջ ափերը Անուշ Արաքսի

Անվերջ տագնապով իրար են անցնում...
Գալիս են ամեն կողմից Կովկասի,
Գալիս են հեռո՜ւ, հեռու կողմերից,
Գալիս են կարոտ պանդուխտներն ամեն,
Գալիս են ցըրված տըղերքը նորից,

Գալիս են՝ պարզած դըրոշն հայրենի...»
— «Հե՜յ, ընկե՜ր, ասավ խըմբապետը փորձ,
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, սուր աչք ունիս դու,
Նայի՛ր դեպ հյուսիս, ավելի հեռու,
Չի՞ շարժվում արդյոք հյուսիսը հըզոր...»

Ու նայեց հայդուկն ավելի հեռու,
Նայեց սըրատես աչքով արծվենի։
— «Խըմբապե՛տ, ասավ, ընկեր խըմբապետ,
Աչքըս չի կըտրում՝ որտեղից մինչ ուր՝
Շարժվում է, ահա, հյուսիսն ընդհանուր.

Հորձանք է տալիս ծովն ըռուսական,
Հորձանք է տալիս ծանր ու ահավոր,
Դեպի ամեն կողմ— ափերն հեռավոր.
Եվ, հուր ու շոգի շընչելով ուժգին,
Գընացքը կըտրած գընացքի ետև,

Ու, գալարվելով հովիտից հովիտ,
Գալիս են, ինչպես վիշապներ սև-սև...»
— «Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, դե՛ ցած եկ արագ,
Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,

Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի.
Հին պատերազմի վերջին զարկն է սա,
Հին ոճրագործի հոգեվարքն է սա...»
— «Խըմբապե՛տ, կանչեց, ընկեր խըմբապետ,
Խըմբապե՛տ, կանչեց հայդուկը ջահել,

Հայոց երկնահաս լեռների վըրա
Խո՜ր, խորհրդավոր ձայներ են լսվում.
Դըղըրդում է խուլ երկինքը վերից
Էն անհուն, անքուն, անթիվ ձայներից...»
— «Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետը հին,

Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, խաչ հա՛ն երեսիդ.
Էդ կյանքում տանջված, տանջանքով մեռած
Անթիվ, անհամար, անբախտ հայերի
Հոգիներն են հեգ, որ լաց ու կոծով,
Արյան մըրրիկով երկինք վերացան։

Փոթորկում են դեռ աստծու առաջին,
Բողոքում անհուն երկրնքովը մին.
Նըրանց բողոքի աղմուկն է անլուռ,
Հասնում է ներքև՝ հայի ականջին...
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, խաչ հա՛ն երեսիդ,

Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի,—
Մեծ տառապանքի վերջին օրն է սա...

1915

ՀԱՅՐԵՆԻՔԻՍ ՀԵՏ 

Վաղուց թեև իմ հայացքը Անհայտին է ու հեռվում
Ու իմ սիրտը իմ մըտքի հետ անհուններն է թափառում,
Բայց կարոտով ամեն անգամ երբ դառնում եմ դեպի քեզ՝
Մըղկըտում է սիրտըս անվերջ քո թառանչից աղեկեզ,

Ու գաղթական զավակներիդ լուռ շարքերից ուժասպառ,
Ե՛վ գյուղերից, և՛ շեներից՝ տըխո՜ւր, դատարկ ու խավար,
                           Զարկվա՜ծ հայրենիք,
                           Զըրկվա՜ծ հայրենիք։

Խըռնըվում են մըտքիս հանդեպ բանակները անհամար,

Տըրորում են քո երեսը, քո դաշտերը ծաղկավառ,
Ու ջարդարար ոհմակները աղաղակով վայրենի,
Ավարներով, ավերներով, խընջույքներով արյունի,
Որ դարձըրին քեզ մըշտական սև ու սուգի մի հովիտ,
Խեղճ ու լալկան քո երգերով, հայացքներով անժըպիտ,
                           Ողբի՜ հայրենիք,
                           Որբի՜ հայրենիք։

Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ

Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
                           Հույսի՜ հայրենիք,
                           Լույսի՜ հայրենիք։

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
                           Իմ նո՜ր հայրենիք,
                           Հըզո՜ր հայրենիք․․․

1915

 

Օրացույց