Հավաք Մետրոմշեն թաղամասում

փետրվար 20, 2014 - 10:53        Viewed: 2512       

«Ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»

Եղիշե Չարենց

Փետրվարի 18-ին Թբիլիսիի հայաբնակ թաղամասերից մեկում` Մետրոմշենում «Միացի´ր» ծրագրի շրջանակներում կայացավ «Վրաստանի Հայ Համայնք»-ի ներկայացուցիչների հերթական հանդիպումը բնակչության հետ: Հանդիպմանը ներկա գտնվող Մետրոմշենի մոտ 30 բնակչի ներկայացվեց 2013թ.-ի «Վրաստանի Հայ Համայնքի»-ի գործունեությունը, որից հետո քննարկվեցին վիրահայության խնդիրները և գոյություն ունեցող խնդիրների լուծման ուղիները:  Բացի ընդհանուր հարցերից Մետրոմշենի բնակչության հետ քննարկվեցին նաև այն արդիական խնդիրները, որոնք ծառացած են Մետրոմշեն թաղամասի հայության առջև: Նշվեց որ տվյալ տեղամասի հայության պահպանման և զարգացման համար անհրաժեշտ է հայկական մանկապարտեզի և հայկական դպրոցի գոյությունը:

«Հարցը այդ մեկ լարին չէ: Ծրագրի սկզբից մասնակցում եմ և բոլորին մասնակցելու կոչ եմ անում: Պետք է պաշտպանենք մեր հայ ժողովրդի իրավունքները: Պետք է ունենանք մեր հայկական դպրոցը, որի գոյության հարցը կախված չի լինի պետության բարի կամքից: Պետք է ունենանք մանկապարտեզ, շատ բաներ են պետք, որը չունենք այսօր: Վերջին հաշվով գոնե մի փոքրիկ անկյուն, ակումբ է մեզ պետք թաղամասում, որպեսզի հայերով կարողանանք հավաքվել, մեր խնդիրների մասին խոսենք, լուծելու ճանապարհներ գծենք և ինչո՞ւ չէ, միասին լինելով` մեր և մեր երեխաների մեջ պահենք հայությունը», -փետրվարի 18-ին Մետրոմշենում կայացած հանդիպման ընթացքում «Միացի´ր» ծրագրի մասին խոսելիս ասաց Մետրոմշենի մի հայուհի Անահիտ անունով:

Որպեսզի ընթերցողն ավելի լավ հասկանա Մետրոմշենում կայացած այդ համեստ հանդիպման իմաստը, նաև պատկերացում կազմի «Միացի´ր» ծրագրի մասին, եկեք ընդհանուր առմամբ հիշենք այն իրականությունը, որտեղ մենք`թբիլիսահայերս ապրում ենք:

Թբիլիսիում 60-80 000 հայ ենք ապրում: Այսօր մեր «տրամադրության տակ» կա մեկ պետական հայալեզու դպրոց, երկու հայալեզու «բաժին», մեկ պետական հայկական թատրոն(որը շենքի վթարային լինելու և այլ խնդիրների պատճառով արդեն մի քանի տարի է չի գործում), Հայ Առաքելական Եկեղեցու երկու գործող եկեղեցի(եկեղեցիներից մեկը փակված է վերանորոգության համար), Հայ Կաթոլիկ Եկեղեցու մեկ եկեղեցի-մատուռ, Հայ Ավետարանչական Եկեղեցու մեկ մատուռ, մի քանի տասնյակ գրանցված և շատ ավելի քիչ գործող հասարակական կազմակերպություններ: Ահա այն ամենը ինչ ունենք: Եթե ճշմարտության աչքերին նայենք, ապա կհասկանանք, որ իրականում Մենք ոչինչ չունենք: Դպրոցը և բաժինները պետական են, ինչը բացառում է այդ կառույցները թբիլիսահայերի սեփականությունը համարելու հնարավորությունը: Նույն կերպ նաև թատրոնը: Այն պետությանն է պատկանում: Ինչ վերաբերում է կրոնի բնագավառին, մարդն ազատ է աղոթելու այնտեղ, որտեղ հարկ է համարում: Աստված մեկն է: Մինչդեռ եթե նույնիսկ թբիլիսահայերի 2 տոկոսը որոշի միաժամանակ աղոթել, նրանք դա չեն կարողանա անել: Ամենալավատեսական հաշվարկներով բոլոր եկեղեցիների և մատուռների ընդհանուր տարողությունը չի գերազանցում 1500 մարդու:

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Թբիլիսահայերն ունեին լրիվ այլ իրականություն: Գործում էին տասնյակ հայկական դպրոցներ, որոնց գործունեությունը վերահսկվում էր Համայնքի կողմից, և որոնք աշակերտներին տալիս էին հայկական կրթություն այս բառի բուն իմաստով: Գործում էր հայկական թատրոն, որը ևս պատկանում էր Համայնքին, և գտնվում էր այն այսօրվա Ռուսթավելիի անվան թատրոնի շենքում: Գոյություն ունեին բազմաթիվ կրթամշակութային հաստատություններ, այդ թվում նաև բարձրագույն: Կային հիվանդանոցներ, կացարաններ անտունների համար, ճաշարաններ, ակումբներ, և բազմաթիվ այլ հիմնարկներ, որտեղ հայերը կարող էին հավաքվել և միասին ժամանակ անցկացնել: Մի խոսքով մենք ունեցել ենք այն ամենը, ինչը թբիլիսահայերի Համայնքը դարձնում էր աշխարհի ամենահաջողակ համայնքներից մեկը: Իսկ ունեցել ենք այդ ամենը, որովհետև մեր նախնիներից յուրաքանչյուրը ոչ միայն օգտվում էր այդ նպաստավոր պայմաններից, ինչ ուներ Համայնքը, այլև մասնակցում էր նրանց ստեղծման և բազմացման գործում: Բայց եկե´ք վերադառնանք այսօրվա իրականությանը:

Շատ տարիների ընթացքում, «գործիչները», թաքնվելով իրենց կազմակերպությունների հայկական անվանումների տակ, ամեն ինչ անում էին, որպեսզի բաժանեին, թուլացնեին Համայնքը: Դարձնում էին նրան անընդունակ արձագանքելու երկրի հայության առջև կանգնած մարտահրավերներին: Տարիների ընթացքում ամեն ինչ արվում էր, որ հայերի մոտ կորչի Համայնքի մասը կազմելու ամեն հետաքրքրություն: Բարեբախտաբար այդ «գործիչները» և նրանց կազմակերպություններն աստիճանաբար անցնում են պատմության գիրկը: Մենք էլ ստիպված ենք հարություն տալ մահացածների միջից այն ամենն, ինչ նրանք ոչնչացրել են: Պարտադրված ենք կառուցել նոր Համայնք: Համայնք, որը կկարողանա պաշտպանել մեր հավաքական իրավունքները: Համայնք, որի կյանքի և գործունեության մեջ յուրաքանչյուր հայի մասնակցությունը ոչ միայն չի սահմանափակվում, այլ ընդհակառակը. Բոլորի մասնակցությունը ընդհանուր հաջողության և բարեկեցության նախապայմաններից մեկն է:

2013թ.-ի մայիսին դրվեց «Վրաստանի Հայ Համայնքի» «Միացի´ր» ծրագրի հիմքը: Այս ծրագրի հիմնական նպատակն է պայմաններ ստեղծել, որպեսզի Թբիլիսիում ապրող յուրաքանչյուր հայ հնարավորություն ունենա առավելագույնս ներքաշվել Համայնքի կյանքի և գործունեության մեջ: Այդ նպատակին հասնելու միջոցներից մեկն է ֆինանսական մասնակցությունը: Հանգանակումը: Բայց հանգանակումն այնպիսին չէ, որի ժամանակ մարդը միջոց է տրամադրում և չի կարողանում հետևել, վերահսկել, թե ինչի վրա է ծախսվում իր կողմից տրամադրած թեկուզ 5 լարին: Ո´չ:

«Միացի´ր» ծրագիրը նախատեսում է Համայնքի վերաբերող բոլոր հարցերի մեջ լիակատար ներքաշում: Մարդը, որն ինչ-որ գումար է տրամադրում, և այստեղ կարևոր չէ դա 5 թե 5000 լարի է, պետք է լիակատար իրավունք ունենա հսկելու, թե որտեղ ուղղվեց իր տրամադրած գումարը: Քանի որ մենք խոսում ենք Համայնքի օգտին նվիրատվության մասին, նվիրատուի համար պետք է պայմաններ ստեղծվեն ոչ միայն նրա համար, որպեսզի նա կարողանա հսկել գումարը, այլև որ նրա մոտ ցանկություն առաջանա մասնակցելու Համայնքի գործունեության ծրագրավորմանը և իրականացմանը: Միայն այս սկզբունքներին հետևելով` մենք կարող ենք փոխել մեր իրականությունը դեպի լավը: Հենց այս սկզբունքներով է առաջնորդվում «Վրաստանի Հայ Համայնք»-ի  «Միացի´ր» ծրագիրը:

«Ցանկալի է, որ նման միջոցառումներն ավելի հաճախակի լինեն, քանի որ շատերը չգիտեն ցավոք, թե ինչ մեծ աշխատանքներ է տանում Համայնքը: Երբ ինձ հարցնում են, ես պատմում եմ, բայց դե, իհարկե, նման միջոցառումները գործունեության մասին պատկերացում կազմելու ավելի լայն հնարավորություն են տալիս: Դրա համար էլ կարծում եմ հնարավորինս հաճախ պետք է տեղի ունենան նման հավաքներ, որտեղ գործունեությանը ծանոթանալուց բացի հնարավորություն ունենք նաև հարցեր քննարկելու, կարծիքներ փոխանակելու… Ինչ վերաբերում է ծրագրին, շատ լավ միտք է: Եթե մտածենք, մի լարին ի՞նչ է: Ոչինչ: Բայց մյուս կողմից տալով այդ մի լարին կապ ենք պահպանում Համայնքի հետ, մասնակցում ենք Համայնքի գործունեությանը: Պետք է բոլորս էլ մասնակցենք, որպեսզի մեր երեխաները, գոնե մեր թոռները արժանավայել ապրեն: Այնպես, ինչպես վայել է հային»,-ասաց հանդիպմանը մասնակցող Մետրոմշենցի Սուսանը: 

Օրացույց