Հայերեն տառերի և հայ գրավոր դպրության սուրբ հիմնադիրը

փետրվար 21, 2014 - 10:28        Viewed: 3554       

«ՄԵՍՐՈ՜Պ, հայ դարերի դիմաց կեցող՝
Դու ադամանդյա ապառաժ,
Դու մանուկներու մերկ ուղեղից
Մինչև հանճարը ցոլքեր ցանող,
Գիտակցությունների անգյուտ փարոս...»:

Փետրվարի այս օրը, հայերեն տառերի, հայոց գրավոր այբուբենի և հայ դպրության հիմնադիր Սրբին՝ Մեսրոպ Մաշտոցին նվիրված մեծն Սիամանթոյի ոգեշունչ բնութագրումով կոգեկոչենք հայ ժողովրդին հայերեն գրեր պարգևած և Հայ ազգային ինքնության ու ինքնուրույնության հիմնաքարը հաստատած Մեծ Վարդապետի մահվան տարելիցը:

Դարերը սրընթաց  գումարվում են իրար վրա, իրերահաջորդ սերունդներ են գալիս  ու անցնում՝ իրենց հետ նաև իրենց ապրած «նոր» ժամանակները անշրջելիորեն անցյալին ու «հն»ին հանձնելով, բայց ամեն օր ծագող ու մայր մտնող Արևի հետ Մեսրոպյան գյուտը վերանորոգվում ու  վերահաստատվում է նոր միտք և խոսք արարելու իր անսպառ կենսունակությունը՝ հայ ժողովրդի հազարամյակների երթը հունավորելով և լուսավորելո:

Մեսրոպ Մաշտոցի կյանքն ու գործը արժանացել են վավերագրական վկայությունների և մենագրությունների ծավալուն մի գրականության գրված թե՛ իր ժամանակակիցներին, թե՛ հետագա մատենագիրների և պատմագիրների կողմից։ Գրական այդ հարուստ ժառանգության մեջ առանձնանում է Մեսրոպի աշակերտներից Կորյունի կոթողական գործը, որ իր «Վարք Մաշտոց»ի երկով Մաշտոցագիտության հիմքը դրեց։ Նվազ արժեքավոր չեն Մաշտոցին նվիրված Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու և Կարապետ Սասնեցու օրինակով մեծանուն մատենագիրների ընդարձակ վկայությունները:

Կիսազնվական ծագում ունեցող Վարդանի որդին էր Մեսրոպ Մաշտոցը։ 362թ.ը ընդունված է իբրև Մեսրոպի ծննդյան թվական, բայց վավերացման կարոտ որոշ աղբյուրներ 361թ.ի  Ապրիլ 5 են հիշատակում իբրև ճշգրիտ ծննդյան թվական։ Ծնվել է Տարոնի Հացեկաց գյուղում և բնատուր ձիրք ցուցաբերել  լեզուների իմացման և յուրացման մեջ։ Հայերենից բացի  տիրապետում էր ասորերենի, հունարենի, պարսկերենի և վրացերենի։ Իբրև այդպիսին 385 թվականին, գրագրի ու ատենադպիրի պաշտոնին է կանչվում  Արշակունյաց արքունիքում, Վաղարշապատ (Էջմիածին), Խոսրով III օրոք:

Աշխարհական ու պալատական այդ ծառայության շրջանում Մեսրոպ Մաշտոցը ցավով ու դառնությամբ նկատեց, որ հայ ժողովրդի ապագան վտանգված է և իսպառ ձուլումի վտանգը օրհասական է դարձել։ Մանավանդ որ նույն այդ ժամանակաշրջանում, 387 թվին, Հայաստանը բաժանվեց երկու մասի։ Արևելյան Հայաստանը ընկավ Պարսկական տիրապետության տակ և, Արշակունյաց թագավորությունը պահպանվելով հանդերձ, պարսկերենն ու պարսկական մշակույթը սկսեցին արագընթաց տարածվել հայերի մեջ։ Ավելի ծանրակշիռ վիճակի մեջ հայտնվեց Արևմտյան Հայաստանը, որ Բյուզանդիայի տիրապետության տակ ոչ միայն կորցրեց թագավորական իր պետականությունը՝ ենթարկվելով հունաց կայսեր, այլև անջատվեց Հայոց Կաթողիկոսությունից և ընկավ հույն եպիսկոպոսապետների տիրակալության տակ:

Մեսրոպ Մաշտոցն անդրադարձավ, նաև, որ 301 թվին քրիստոնեությունը պետական կրոն հռչակած Հայաստանը աստիճանաբար կորցնում էր ազգային իր ինքնության պահպանմանն ու զարգացմանը ծառայող կարևորագույն զենքը, որ ինքնուրույն հավատքին և սեփական մշակույթին կառչած մեր ժողովրդի հայեցի՛ դիմագիծն էր։ Հայը չունէր իր սեփական՝ հայերեն գիրը և ի վիճակի չէր իր հարազատ լեզվով հաղորդվելու քրիստոնեական ուսմունքի հետ, կամ՝ հայերենով ստեղծելու և տարածելու իր գրավոր մշակույթը:

Մեսրոպ Մաշտոցն անձնատուր չեղավ և չհամակերպվեց հայ ժողովրդին պարտադրված այդ իրավիճակին։ 395 թվին հրաժեշտ տվեց աշխարհականի կյանքին, ճգնավորության դիմեց և սկսեց Հայաստան Աշխարհով մեկ շրջել, հետևորդներ հավաքել իր շուրջը և քրիստոեությունը ուսուցանել՝ իբրև  հայոց ինքնության պահպանման անփոխարինելի երաշխիքը:

Հոգևորական ծառայությանը նվիրվելով՝ Մեսրոպ Մաշտոցն ըստ էության Հայաստանի և հայ ժողովուրդի ազգային¬քաղաքական մեծ խնդիրը՝ հայոց ազգային միասնությունը և պետական անկախությունը վերականգնելու պայքարին է զինվորագրվում։ Հայոց հավատքն ու հայ մշակույթը սեփական ժողովրդին ծանոթացնելու և գրական նոր ստեղծագործություններով հարստացնելու հոգեմտավոր պայքարն էր Մեսրոպի ընտրած ուղին։ Բայց որքան ընդլայնեց հոգևոր վարդապետի և հայ մշակույթի ուսուցման իր գործունեության ծիրը, այնքան սուր կերպով անդրադարձավ հայ գրերի անհրաժեշտությանը։ Առանց հայերեն տառերի և գրավոր դպրության, անհույս էր հայ մարդկանց ասորերենով կամ հունարենով կենսագործվող քրիստոնեական հավատքը հայացնելը, ո՜ւր մնաց բազմադարյան հայ մշակույթի արժեքները նորահաս սերունդներոին սովորեցնելը, նրանց շնչով թրծելը...

Հրամայական այդ մարտահրավերին ընդառաջելու իր ամենահանդուգն քայլը Մաշտոցը նետեց, երբ  Հայոց Կաթողիկոսին՝ Սահակ Պարթևին դիմեց հայոց գրերի մշակման և հայ գրավոր դպրության ստեղծման, հատկապես քրիստոնեական սկզբնաղբյուրների հայացման առաջարկով:

Առանձնահատուկ արժևորման նյութ են թե՛ նույնինքն Սահակ Պարթևի կենսանկարը, թե՛ Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց սրբացյալ երկյակի ժառանգությունը, թե՛ Թարգմանչաց շարժման կենսագործման և հայ դպրության ժողովրդականացման մեջ նրանց մեծագույն ներդրումի գնահատումը։ Բայց այստեղ անպայման պետք է ընդգծել և շեշտել, որ Սահակ Պարթևի մեջ Մեսրոպ Մաշտոցը գտավ ոչ միայն գաղափարակից ազգային հոգեմտավոր մի գործիչ, այլև՝ հայոց գրերի գյուտի հովանավոր Կաթողիկոսը:

Հայոց Այբուբենի 36 տառերը հնարելու համար Մաշտոցը տարիներ ճգնեցավ. ասորի և հույն լեզվագետների հետ մոտիկ աշխատեց, շատ բան սովորեց նրանցից, բայց ինչ որ սովորեց՝ նախ իր հայի ազգային շաղախին հարմարեցրեց և հետո միայն գրերի վերածեց։ 405 թվին արդեն Մեսրոպ Մաշտոցը սկսեց իր հայտնագործած հայերեն տառերով գրավոր մշակույթ ստեղծել՝ առաջին հերթին Սողոմոն Իմաստունի առակները թարգմանաբար հայացնելով։ Մաշտոցի նորաստեղծ հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը եղաւ՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ բանս հանճարոյ»:

Հայոց գրերի գյուտին հետևեց հոգևոր քարոզչի, հայ բանաստեղծի և մեծ ուսուցչի շուրջ քառասնամյա մի ծառայություն, որ Մեսրոպ Մաշտոց անունը ոչ միայն անմահացավ իբրև հայոց գրավոր ժառանգության հիմնադիրը, այլև՝ սրբացրեց այն և արժանացավ հայ ժողովրդի ազգային ինքնության ազատագրման նահապետի դափնեպսակին։ Եվ ինչպես Սիամանթոն պիտի ասեր ավելի քան մի դար առաջ` 

«Դուն մեծաթափանց նայուածքներով առաքեալ,
Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրուան,
Հելլէններէն ե՛ւ հանճարեղ, ե՛ւ հրավառ,
Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն
Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի,
Մայր¬բարբառիդ հիմնաքարովը յակինթ,
Հայկազունեաց մեր շառաւիղն ազատեցիր...»։

 

Օրացույց