Տոն վիրահայ երիտասարդների համար

փետրվար 22, 2014 - 13:42        Viewed: 1792       

Փետրվարի 21-ին Մայրենիի տոնի կապակցությամբ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը այցելեց «Վրաստանի Հայ Համայնք»-ի գրասենյակ, որտեղ կայացավ  հանդիպում դեսպանի և «Վրաստանի Հայ Համայնք»-ի ենթակառույց Պատանեկան և Երիտասարդական միությունների անդամների միջև: Գրասենյակում ուրախ և աշխույժ մթնոլորտ էր տիրում մինչ դեսպանի ժամանումը: Երեխաները ոգևորված էին և հույսերով լեցուն: Պատանիները երգում էին ազգային երգերը, իսկ երիտասարդները հարցեր էին պատրաստում…

«Սա դեսպանի առաջին այցելությունն է մեր գրասենյակ և հուսով ենք, որ տպավորությունները կլինեն դրական: Ունենք բազմաթիվ հարցեր, որոնք կուղղենք դեսպանին, պետք է որ արդյունավետ հանդիպում ստացվի: Նախ կցուցադրենք Համայնքի գործունեության մասին պատմող մեր պատրաստած ֆիլմերից մեկը, հետո կսկենք հարցերի քննարկումը», -հանդիպումից առաջ ասաց «Վրաստանի Հայ Համայնք»-ի Պատանեկան Միության պատասխանատու Սլավա Մեժդոյանը:

Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն պատանիները և երիտասարդները դեսպանի հետ հանդիպումից, հնչեցին տարբեր պատասխաններ: Վարդուհին հույս ուներ, որ դեսպանը կլսի, կըբռնի, կըդառաջի իրենց խնդիրների լուծմանը, գոնե խորհուրդներով:

Ըստ Դոնարայի դեսպանի հետ հանդիպումից հետո կազմակերպությունում ինչ-որ բան կփոխվի: Նա ակնկալում էր նյութական աջակցություն, որը ավելի արդյունավետ կդարձնի Համայնքի գործունեությունը:

«Վրաստանի Հայ Համայնքը և Դեսպանությունը պետք է համագործակցեն: Սա չպետք է լինի առաջին և վերջին հանդիպումը: Միայն համագործակցելով կարող ենք վիրահայության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծումները գտնել», -ասաց Խաչիկը:

Եվ ահա ժամանեց Պարոն Դեսպանը… Պատանիները նրան դիմավորեցին ծափողջույններով և հիմնով: Դահլիճը լեփ-լեցուն էր, հավաքվածների թիվը գերազանցում էր 60-ը և երիտասարդների մի մասը ստիպված էին մասնակցել հանդիպմանը հարևան սենյակից: Դեսպանը ողջունեց հավաքվածներին, հայտնեց, որ շատ ուրախ է հանդիպելու վիրահայ երիտասարդներին և պատանիներին, կոչ արեց հանդիպման մասնակիցներին լինել ազատ, անկաշկանդ և զրուցել ցանկացած հարցի շուրջ, ինչը մտահոգում է նրանց:

«Անկեղծ ասած ես կուզեի այսօր ձեզ լսել: Ես չեմ եկել միայն խոսելու: Ինձ համար շատ հետաքրքիր է լսել ձեր կարծիքը: Ի՞նչ եք դուք մտածում, ի՞նչ ճանապարհներ եք տեսնում: Ի՞նչ եք ակնկալում Հայաստանից: Ինչպե՞ս կարող է ձեզ աջակից լինել դեսպանը կամ դեսպանատունը որոշակի խնդիրների լուծման կամ ձեր միջոցառումների և նախաձեռնությունների հարցում: Ես կցանկանայի ավելի շատ ձեզ լսել: Եվ չէի ցանկանա, որ միայն հարցեր տայիք, եթե մարդը հարց է տալիս, բնականաբար այդ հարցի վերաբերյալ որոշակի պատկերացումներ ունի, որոշակի լուծումներ ունի: Այսինքն, հարցի հետ միասին որոշակի լուծումներ տվեք», -ասաց դեսպանը:

Դեսպանը զրույցը վարում էր խաղի ձևով, բայց միևնույն ժամանակ շատ լուրջ,  ինչը հնարավորություն էր տալիս երիտասարդներին և պատանիներին ավելի ներքաշվելու քննարկմանը, լինել ավելի ազատ: Իբրև թե երիտասարդները տարբեր քաղաքական գործիչներ են, և իրենք են տալիս այս կամ այն հարցի լուծումը:

Հանդիպումը տևեց երկու ժամից ավել, և այնպիսի տպավորություն էր, որ ոչ մեկը չէր ուզում հրաժեշտ տալ: Երիտսարդները կարծես Հայրենիքի կարոտն էին առնում ի դեմս դեսպանի: Նրանք, ինչպես ծարավը հագեցնող մարդը, մեկը մյուսի ետևից հարցեր էին տալիս, հարցեր, որոնք վերաբերում էին հայկական եկեղեցիների վերադարձմանը, Վրաստանի հայալեզու դպրոցների խնդիրներին, սահմանով անցնող դասագրքերի և այլ գրքերի անցկացմանը, որոնք անհրաժեշտ են հայ երիտասարդության լիակատար զարգացման համար: Քննարկվեցին նաև Վրաստանի և Հայաստանի միջպետական հարաբերություններին վերաբերող թեմաներ: Հատուկ ուշադրություն դարձվեց Արցախի անկախության ճանաչման հարցին, ազերա-թուրքական հակահայկական քարոզչության դեմ պայքարին և, իհարկե, քննարկվեցին Հայոց Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին նվիրված նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Այս և շատ այլ արդիական խնդիրների քննարկմանը զուգահեռ կայացավ շատ ջերմ զրույց նաև Համայնքային ներքին խնդիրներին վերաբերող: Դեսպանը շատ հետաքրքրված էր, թե ինչ խնդիրներ են հուզում վիրահայ երիտասարդներին, պատանիներին և ինչ ակնկալիքներ ունեն իրենք Հայաստանից ու դեսպանությունից:

Դեսպանը նշեց, որ երիտասարդ սերունդը պետք է պատրաստ լինի և ձգտի զբաղեցնելու այն տեղը, որը նախատեսված է մեզ համար վրաց հասարակության մեջ:

Հանդիպման ավարտին դեսպանը կիսվեց իր տպավորություններով: Դրանք դրական էին և ըստ նրա հանդիպումն արդյունավետ էր: Նա կոչ արեց վիրահայ երիտասարդներին լինել ավելի ակտիվ, ավելի նախաձեռնող, կազմակերպել ավելի հաճախակի հանդիպումներ, ներկայանալ տարբեր նախագծերով այս կամ այն նախարարությանը, ինչո՞ւ չէ նաև դեսպանությանը: 

Դեսպանը «Վրաստանի Հայ Համայնքին» նվիրեց բազաթիվ պատմական փաստագրական գրքեր, հայոց պատմությանը և այլ մշակութային թեմաներ պարունակող սկավառակներ, բրոշյուրներ: Նաև «Վրաստանի Հայ Համայնք»-ի երկու անդամների շնորհեց շնորհակալագրեր Համայնքային կյանքում ակտիվ գործունեություն ունենալու համար: 

Օրացույց