Արցախյան Խորհրդի Առանձնահատկությունը: Երկու խմբագրական

փետրվար 24, 2014 - 11:20        Viewed: 1433       

Արցախյան Խորհրդի Առանձնահատկությունը («Ազդակ»-ի Խմբագրական)

Փետրվարյան խորհուրդները Վարդանանցից սկսած, անցնելով ապստամբական իրադարձությանը հասնելու համար Սումգայիթ և Արցախյան ազատամարտ, պատմաքաղաքական ընդհանուր հյուսվածքի մի տարբեր բաժիններ են` ագուցված իրար այս կամ այն պատմական տրամաբանության ուղիով:

Բոլորն էլ լինելության, գոյատևման և ազգի շարունակականության ապահովման երաշխիքներին կառչած մնալու հավաքական կամքի դրսևորումներ են, տարողության հստակ տարբերություններով անշուշտ:

Վարդանանց գաղափարախոսությունը կրոնին ու հավատքին կառչած մնալու նույն շարժառիթից սկսվեց. Արցախյան ազատամարտը հենվում էր ցեղային մաքրազտման չենթարկվելու համազգային որոշման վրա, մինչ Սումգայիթը փաստում էր, որ հայկական աշխարհի որևէ անկյուն հակառակորդի համար թիրախ էր նույն այդ ցեղային մաքրազտումը իրականացնելու համար: Այս բոլորի մեջ ազատ, ինքնուրույն և անկախ ապրելու համաժողովրդային պոռթկումն էր փետրվարյան ապստամբությունը:

Հակահայ մոլուցքի միևնույն մղումն էր, որ 10 տարի առաջ վեր էր բարձրացնում ադրբեջանցի զինվորի ձեռքը իր քնի մեջ հայ սպային սպանելու համար: 10 տարի առաջ նույնն էր Ադրբեջանի քաղաքականության հետևանքը, 10 տարի հետո էլ կմնա նույնը: Հայատյաց քաղաքականության շարունակություն, մարդասպանի հերոսացում, գիշերը ծրագրված դավադիր ներխուժման գործողություն, ռազմատենչ հռետորաբանություն, ռազմական բյուջեի ուռճացում, հրադադարի անվերջ խախտում: Ահավասիկ նման վարքագծով Բաքուն փորձում է առավելություն ապահովել արցախյան հակամարտության լուծման ճանապարհին` ավելի բարդացնելով բանակցային գործընթացը և անվերջ հակադրվելով միջազգային ընտանիքին և հատկապես միջնորդական առաքելությունը ստանձնած կողմերի հստակեցված նորմերին:

Այս պայմանների մեջ Բաքվից հավելյալ գիտակցություն ակնկալելը թվում է, թե իրատեսական չէ: Բաքուն փաստում է, որ ինքը քաղաքակիրթ բանակցող կողմին վայել արժեքներից բավական հեռու գտնվող միանձնյա իշխանության վրա կառուցված պետություն է, որ ոչ միայն ժողովրդավարության և մարդկային իրավունքների ու այլակարծության արժեչափերի, այլև ընդհանրապես երկխոսության և բանակցությունների մասնակից պետություն լինելու նախադրյալները չի ամբողջացնում:

Այս հանգամանքները ստիպում են հայկական կողմին հզորացնելու ինքնապաշտպանության համակարգը: Մանավանդ որ հակառակ հայտարարողական մակարդակի վրա անվերջ խաղաղասիրական ելույթներ բեմադրելուն, Անկարան ևս  շարունակում է մեր երկիրը շրջափակած պահել` պատրվակելով արցախյան հանգույցը: Չնայած սահմանի բացման մասին շրջող բազմակողմանի լուրերին` անցակետերի անմիջական տարածքների ականազերծման աշխատանքների մասին անվերջ ուղարկվող հաղորդագրությունները իբրև թե նախապատրաստում են Անկարայի կողմից առնվելիք խաղաղասիրական մի գործողություն:

Այո´. փետրվարյան խորհուրդները փոխկապակցված են. Տիզբոնն էլ խաբկանքի և խաբեության դավեր էր նյութում հայության կրոնափոխությունն ապահովելու համար, նախքան պատերազմի հայտարարությունը: Այդ օրերին պատրանքային գործողություններ էր ձեռնարկում Հազկերտը: Այնպես ինչպես Դավիթօղլուի բեմադրած արարները: Համազասպի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի դեմ բարձրացած կացինների ետևում է կանգնած հայատյացության և հայի ազատատենչ ոգու չեզոքացման քաղաքականությունը: Կարելի է պատմականի և ժամանակակիցի մեջ նման զուգահեռներ շարունակել` ընդգծելու համար հակառակորդի մղումներն ու մեր հավաքական կամքի և իբրև ազգ գոյատևումը շարունակելու դրսևորման փաստերը:

Հիմնական մի առանձնահատկություն է երևում այս բոլորի մեջ: Վարդանանց պարագայում մենք ստացանք հաղթանակի բարոյական երեսը: Անկախության կարճատև վերականգնումը ամրագրած փետրվարյան ապստամբությունը հանգեց հանրապետության կորստին: Արցախի պարագայում հայությունը կերտեց թե´ բարոյականն ու թե´ իրողականը. մանավանդ կերտեց երկրորդ անկախ հանրապետությունը:

 

Հակահայ թուրքամոլության երեք զոհ՝Գուրգեն Մարգարյան, Հրանտ Դինք, Սևակ Բալըքճը («Azat Or»-ի Խմբագրական)

Տարբեր էին երեք հայերի սպանության թվականները, բայց մեկ էր նրանց սպանության առիթ տված հակահայ թուրքամոլության կիրքը։ 2004թ.-ի փետրվարի 19-ին, Բուդապեշտում, Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ սպանվում է ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կացնից։

2007թ.ի հունվարի 19-ին Պոլսում, իր հրատարակած թերթի խմբագրատան առջև սպանվում է Հրանտ Դինքը, իսկ թուրքական բանակում ծառայության ժամանակ, 2011թ.-ի ապրիլի 24-ին, մի թուրք զինակցի կողմի սպանվում է Սևակ Բալըքճը։ Երեք գազանային սպանություններ, որ սգի են մատնում համայն հայությանը ու երևութապես ցնցում «քաղաքակիրթ» արևմուտքին՝ նույն այդ Եվրոպային, որ չվարանեց երբեք իրեն հռչակելու մարդու իրավունքների պաշտպան, սակայն միշտ մեղսակից ու առաջատար մնաց արդարությունը ոտնակոխող խախտումների առջև։ 

Տասը տարի է անցել Եվրոպայի և միջազգային հանրային կարծիքի սահմռկած աչքերի առջև պարզված Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքից։ Ավելի կարճ է սպանության դեպքին հաջորդած գայթակղության ժամանակը, երբ հայ սպային սպանած ազերի ոճրագործը դատվեց, բանտարկվեց և ցմահ ազատազրկման վճիռ ստացավ, բայց քիչ չանցած, օր-ցերեկով և միջպետական կաշառքով՝ ազատ արձակվեց և «հերոսացավ» իր երկրում։ Հունգարիայի և Ադրբեջանի միջև կնքված ամոթալի մի համաձայնություն էր սա, որ մեկ անգամ ևս ապացուցում էր միջպետական կեղտոտ խաղերն ու շահերը։ Քաղաքակիրթ մարդկության ճակատին դրոշմված ամոթի ու կեղծիքի մի թագ էր Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը, որ երբեք չի կարելի մոռանալ կամ ներել։

Մինչև այսօր, միջազգային հանրությունը աններելի կողմնակալություն է ցուցաբերում Ադրբեջանի ռազմական սպառնալիքների, հարձակումների ու խախտումների առջև, իր պահապան թևերի տակ պահելով անտառի օրենքով առաջնորդվող հարձակողապաշտ այս երկիրը։ ԵԱՀԿի և ՆԱՏՕ-ի պես միջազգային կառույցներ՝ դեռ շարունակում են բանակցությունների սեղան նստել պետական ահաբեկչություն կիրառող այս երկրի ու բռնատեր իր նախագահի հետ, որը ոչինչ չի հասկանում քաղաքակիրթ մարդուն  վայել՝ արդարության և ժողովրդավարության սկզբունքներից։

Ժողովրդային առածն ասում է, թե այնտեղ, որտեղ  խոսքը չի անցնում, ուժն է, որ արդարություն է պարտադրում։ Եվ այս մեկը՝ մարդու և ոչ թե անտառային օրենքի հիման վրա։

 

Օրացույց