Հայոց Մայրենիին խորհրդային «ուղղագրություն» պարտադրող տխրահռչակ «դեկրետ»-ի չարիքը

մարտ 03, 2014 - 10:17        Viewed: 2570       

Հակառակ խորհրդային դարաշրջանից «ժառանգված» ապազգայնացման ու այլասերման բեռից մեկընդմիշտ ձերբազատվելու իր հանդուգն քայլերին, վերանկախացյալ Հայաստանի Հանրապետությունը մինչև այսօր շարուանկում է պահապան կանգնել խորհրդայինների կողմից մեր մայրենի լեզվին պարտադրված բոլշևիկյան «ուղղագրությանը»։

Մարտի 4-ին լրանում է  այն տխրահռչակ հրամանագրի(«դեկրետի»)  92ամյակը, որի միջոցով Հայաստանի Հանրապետությունը կործանելուց հետո, նրա ավերակների վրա «թագավորելու» եկած բոլշևիկները զենքի զորությամբ Հայերենի իրենց ուզած «ուղղագրություն»ը պետականորեն փաթաթեցին հայ ժողովրդի վզին։

Ինչպես խորհրդային ստրկամտության տասնամյակներին, նույնպես և այսօր սակավաթիվ են Ռաֆայել Իշխանյանի և Վարագ Առաքելյանի օրինակով հայ ազգային ավանդների այն դրոշակակիրները, որոնք հայ մտավորականի իրենց կոչումին տեր կանգնելով պատրաստ են, ի գին հալածանքի և շնորհազրկումի, առաջ մղելու Հայերենի դասական՝ Մեսրոպյան ուղղագրությունը վերականգնելու և Մայրենին աշխարհով մեկ միևնույն ուղղագրությամբ սերունդներին փոխանցելու սրբազան պայքարը։

Ժամանակը եկել է, նույնիսկ ուշացել ենք արժանավորապես ընդառաջելու 91 տարվա վաղեմություն ունեցող այս կնճռոտ, փշոտ հարցին համազգային ու վերջնական լուծում տալու մարտահրավերին։

1922թ.ին Հայաստանի խորհրդային նորահաստատ իշխանությունները շատ լավ գիտեին, թե ինչ կանեին, երբ այդպես՝  Մարտի  4-ին հրապարակված մի  հրամանագիր «դեկրետ»ով , պետականորեն ու պաշտոնապես հանրապարտադիր էին հռչակում հայերենի իրենց նախընտրած «ուղղագրություն»-ը։

Սկզբնապես Աբեղյանական հորջորջված, ավելի ուշ՝ Հայաստանյան անվանված և այսօր արդեն Բոլշևիկյան նկատվող այդ «ուղղագրություն»ը, նույնիսկ եթե լեզվաբանական և գիտական առումով որոշ հիմնավոր նախադրյալներ ուներ, այսուհանդերձ՝ պետականորեն պարտադրվելով, էապես և գերազանցապես քաղաքական մի քայլ եղավ։ Պառակտի՛չ մի քայլ, որի միջոցով խորհրդային ամբողջատիրությունը արմատական հարված հասցրեց հայ ժողովրդի ազգային միասնականությունը վերականգնելու ճիգերին, նվիրագործելով խզումը հայության հայրենաբնակ և տարագիր թևերի միջև։

Հարվածը շատ ավելին էր անցնում արևելահայության և արևմտահայության, կամ՝ արևմտահայերենի և արևելահայերենի միջև բնական ու կազմախոսական տարբերություններից։ Խորհրդային քաղաքացու և արտասահմանցու «երկաթյա վարագույր»ով երկատում էր Հայերենի և հայ գրականության միասնության հիմքը կազմող Մեսրոպյան ուղղագրությունը։ Հարկ պիտի լիներ սպասել տասնամյակներ, որպեսզի բոլշևիկյան «ուղղագրությամբ» լույս տեսնեն մինչև Հայաստանի խորհրդայնացումը մեսրոպյան ուղղագրությամբ լույս տեսած հայ մշակույթի՝ արևմտահայ թե արևելահայ մեծերի դասական գործերը։

Այսինքն՝ խորհրդային կարգերի տակ պետք է կազմավորվեր մի նոր սերունդ, որ դժվարություն պետք է ունենար կարդալու և յուրացնելու Մեսրոպյան ուղղագրությամբ լույս տեսած անցյալի հունձքը։ Այդ ճամփով նաև խորհրդայինները հետամուտ էին հայ ժողովրդի դարավոր գանձարանից միայն իրենց նախընտրած գործերը ժողովրդականացնելու՝ Բոլշևիկյան «ուղղագրությամբ» վերահրատարակվելու «պատիվ»ը նրանց վերապահելով... Իսկ բուռն եղավ ընդդիմությունը «սխալագրություն» խարանին արժանացած «դեկրետ»ային այդ «ուղղագրության» դեմ։ Ոչ միայն սփյուռքի տարածքում ազգային-քաղաքական անհաշտ պայքար ծավալվեց մեր ազգային միասնականությանը սպառնացող վտանգի դեմ, այլև նույնինքն Խորհրդային Հայաստանի մեջ գիտական ազդու ընդդիմախոսություն թափ առավ նորամույծ «ուղղագրության» նկատմամբ։

Այլապես ու ամեն պարագայում, հայոց լեզվի և գրականության հսկաներից Մանուկ Աբեղյանի լեզվագիտական հիմնավորումների չարաշահումով՝ առաջ քաշվեց Բոլշևիկյան «ուղղագրության» պարտադրումը Լենինի ձեռնասունների կողմից։ Մինչ Աբեղյանին հուզում էր հայերենի ուղղագրությունը պարզացնելու՝ «ինչպես արտասանում ենք, այդպես էլ գրենք»ի տրամաբանությունը, խորհրդային նորահաստատ իշխանավորների դիտավորությունները հիմնովին այլ էին, բոլշևիկյան դավանամոլական ներշնչում ունեին, հայ ժողովրդից իր ազգային¬պատմական հիշողությունը խլելու ծանրագույն հանցագործության էին  միտվում։ Միայն այդ ճամփով խորհրդայինները ի վիճակի պիտի լինեին հայրենի հայությունը խզելու ամբողջական հայությունից, որպեսզի մեկուսացված Խորհրդային Հայաստանը ամբողջապես ձուլվեին խորհրդային բազմազգ «հայրենիք»ի ու «ժողովրդ»ի խառնարան-կաթսայի մեջ։

Նորելուկ «ուղղագրություն»ը պաշտպանելու և հիմնավորելու նպատակով՝ խորհրդայինները ծավալեցին ամբողջ մի ամբոխավարություն, ուր առատորեն օգտագործեցին իբր թե «ժողովրդային կրթություն», «գրաճանաչ հասարակություն» և «ժոովրդական մշակույթ» հաստատելու, տարածելու և «զարգացնելու» կարգախոսները։ Ամբոխավարական այդ աղմուկի մեջ, խորհրդայինները ծայրահեղ կամակորությամբ առաջ տարան նոր սերնդին միայն իրենց «ուղղագրություն»ը սովորցնելու տենդագին աշխատանքը՝ ընթերցող հասարակությանը նոր «ուղղագրությամբ» տպագրված գրքերի հեղեղի տակ առնելով։ Իսկ մյուս կողմից՝ անվարան դիմեցին ամենից բիրտ միջոցներով հալածանքի, բանտարկության և մինչև իսկ սպանության քայլերի, որպեսզի լռության մատնեն պաշտոնական «ուղղագրության» ընդդիմախոսներին։

«Եղեգները չխոնարհվեցին» սակայն։

Բոլշևիկյան ուղղագրության դեմ հայրենի մտավորականության խիզախ ներկայացուցիչները պարբերաբար բարձրացրին բողոքի իրենց ձայնը, կրկին հալածվեցին, բայց և այնպես Մեսրոպյան դասական ուղղագրության վերականգնման դրոշը ձեռքից ձեռք փոխանցեցին։ Մինչև որ 1980ականների համեմատաբար ազատ պայմաններում, ազգային այժմեական հարցերի օրակարգի վրա իր արժանի տեղը գրավեց Հայերենի միասնական ուղղագրության վերականգնման անհրաժեշտությունը։

92 տարին շատ-շատ երկար ժամանակ է և բոլշևիկյան «ուղղագրություն»ը իր ավերը գործել է արդեն։ Ամբողջ սերունդներ կազմավորվել են Բոլշևիկյան ուղղագրությամբ։ Հրատարակչական հարուստ մի ժառանգություն է կուտակվել։ Մեկ օրում չի կարելի  գիծ քաշել այդ բոլորի վրա և... զրոյից վերսկսել։

Բայց Հայաստանի վերանկախացումից սկսած հայոց ազգային պետականության վերականգնման երթը չի կարող վերջնական հաղթանակով պսակվել, եթե ապազգայնացման և այլասերման խորհրդային բեռը չկարողանանք լրիվ թոթափել։

Մայրենիի Մեսրոպյան ուղղագրության վերականգնումը դժվարին պայքար և ծանր զոհողություն է պահանջում, որոնց արժանի են սակայն գալիք սերունդները։

Հայ ազգային ժառանգությանը լիարժեք տեր կանգնելու ճամփան է անցնում Մայրենիի միասնական ու դասական՝ Մեսրոպյա՛ն ուղղագրության վերականգնումից։

 

Օրացույց