«Միացի՛ր» ծրագրի հերթական ճանաչողական միջոցառում-ներկայացումը:

մարտ 05, 2014 - 10:48        Viewed: 1402       

Մելաանի թաղամասում կայացավ «Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միացի՛ր» ծրագրի հերթական ճանաչողական միջոցառում-ներկայացումը: Միջոցառմանը ներկա էին Մելաանի թաղամասի մոտ 40 բնակիչ:

Միջոցառման սկզբում «Վրաստանի Հայ Համայնք»-ի վարչության անդամ և Պատանեկան Միության պատասխանատու Սլավա Մեժդոյանը հավաքվածներին համառոտ ներկայացրեց կազմակերպության 2013 թվականի գուրծունեությունը, ինչպես նաև կազմակերպության տեսությունը վիրահայության առջև ծառացած խնդիրների լուծման մասին:

Հավաքվածները ավելի հստակ պատկերացում կազմեցին Համայնքի և նրա ենթակառույցների գործունեության մասին, ավելի ոգևորվեցին և սկսեցին ակտիվ հարցերի միջոցով քննարկել վիրահայության արդիական խնդիրները:

Այնուհետև վիդեոների միջոցով հավաքվածներին ներկայացվեց սփյուռքում գործող հայ համայնքերի գործունեությունը նկարագրող տարբեր պատառներ. նրանց դպրոցները, մանկապարտեզները, խմբակները, թե ինչպիսի՞ եռանդով ու համախմբվածությամբ են սփյուռքահայերը պահանջում հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակն ու դրանով իսկ հարգել իրենց ազգն ու ազգային պահանջները:

Միջոցառման ավարտին զրուցեցինք մի քանի հյուրի հետ, որոնք շատ դրական արտահայտվեցին այն ամենի մասին, ինչը իրենց համար բացահայտում էր: Նրանց ցանկությունն է, որ ավելի հաճախ լինեն նման ճանաչողական հանդիպումներ, որ “Վրաստանի Հայ Համայնքը” կարողանա իր գործունեությունն ավելի ընդլայնի, իսկ հավաքված գումարին էլ հնարավորություն տրվի ծառայելու իր նպատակին, որը կապահովի ապագա սերունդների հայեցի դաստիարակությունը:

«Մենք ամբողջ ընտանիքով մասնակցում ենք «Միացի՛ր» ծրագրին, դա շատ լավ է, որ կարողանում ենք օգնել մեր հայությանը: Դա առաջին հերթին մեր օգտին է: Պետք է մի բան անենք, որ ավելի լավ պայմաններում ապրենք» - ասաց Զավենը:

«Դրամահավաքի ծրագրի մասին տեղյակ չէի, ճիշտն ասած, այսօր իմացա, և այսօրվանից անպայման մասնակցելու եմ: Եվ միայն ես չեմ, որ մասնակցելու եմ, ես աշխատելու եմ իմ շրջապատի մարդկանց ևս համոզել, որ սա պետք է: Պետք է նրա համար, որպեսզի այս կազմակերպությունը հզորանա, որ բոլոր այն ծրագրերը, որոնք քննարկվեցին միջոցառման ընթացքում, իրականանան:Ինչպես Թբիլիսի քաղաքի մյուս հայաբնակ թաղամասերը, Մելաանի թաղամասն էլ ունի  խնդիրները, որոնք արժանի են ուշադրության և լուծման»,-ասաց տեղի բնակիչ Լևիկը:

Հիշեցնենք որ, 2013 թվականի Մայիս ամսվանից «Վրաստանի Հայ Համայնք»-ը սկսեց իրականացնել համայնքային կյանքի զարգացման համար դրամահավաքի շատ կարևոր ծրագիր «Միացի´ր» անվամբ: Նշված գործընթացը իր բացարձակ թափանցիկությամբ տարբերվում է քաղաքում մինչ այդ իրականացվող նման միջոցառումներից: Դրամահավաքի նպատակն է Թիֆլիսաբնակ և ինչո՞ւ ոչ Վրաստանում բնակվող հայերի միջոցներով ստեղծել հզոր համայնք իր կառույցներով (Համայնքային կենտրոնական գրասենյակ, Հայկական դպրոց, մանկապարտեզ և այլն): Կայքում գտնվող “Հաշվետվություն” բաժնում յուրաքանչյուր ոք կարող է հետևել, որ իր տրամադրած գումարն իրոք ծառայում է նպատակակետին: «Միացի՛ր» ծրագրի իմաստն է յուրաքանչյուր վիրահայի հնարավորություն տալ ամսական նվիրաբերել ամենաքիչը 1 լարի, մասնակից դառնալու hամայնքի կյանքին, մասնակցելու կազմակերպության ծրագրած տարբեր միջոցառումներին:

Օրացույց