Մարտի 7-ը 128 տարի առաջ

մարտ 07, 2014 - 11:21        Viewed: 1969       

128 տարի առաջ Մարտ 7-ին, ավելի քան մեկ տարի փակ մնալուց հետո, Թիֆլիսի հայկական վարժարանները վերաբացեցին իրենց դռները հայ աշակերտության առջև։ Ոչ միայն Թիֆլիսում, այլև Ցարական Կայսրության ամբողջ տարածքում, ընդհանրապես Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը պատկանող հայկական բոլոր դպրոցները այդ օրերին փակված էին՝ ցարական իշխանությունների գործադրած ռուսացման քաղաքականության հետևանքով։

Կայսրության հարավային սահմանների վրա «առանց հայի Հայաստան» ունենալու ձգտումը պետական քաղաքականության էր վերածվել ցարական իշխանությունների համար։ Ընդհանրապես Կայսրության տարածքում ապրող բոլոր ոչ ռուս ազգություններին ռուսացնելու հետևողական քաղաքականության մի մասն էր դա։ Բայց հատկապես մեր ժողովուրդը, որ 19-րդ դարասկիզբին պարսկական և թուրքական լուծից ազատագրվելու մեծ հույսերով իր ապագան կապում էր քրիստոնյա Ռուսաստանի հետ, արդեն իր կաշվի վրա զգում էր ռուսական գաղութարարության այլասերման ծանր հետևանքները ։

Ինչպես «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանը համացանցի վրա ցույց է տալիս. «Բոլոր ժամանակներում էլ անկախությունը կորցրած Հայաստանի համար առաջին խնդիրը եղել է հայապահպանումը, որի գլխավոր հենարանները եղել են հայոց Առաքելական եկեղեցին, մշակութային հաստատությունները, ազգային դպրոցները: Ու բոլոր ժամանակներում էլ բոլոր նվաճողների  հիմնական հարվածները վերջիններիս են ուղղվել: «Հնազանդեցնել եկեղեցին, խեղել մշակութային կյանքը, փակել ազգային դպրոցները» ոչ բարձրաձայն հնչող կարգախոսը մշտապես եղել է (առկա է այսօր էլ) նաև ռուսների գործելաոճի հիմնական ուղեցույցը»:

Ցարական Կայսրության տարածքում, 1880-ականներին, խստացման նոր թափ ստացավ ռուսացման քաղաքականության ալիքը, երբ 1884թ.-ի փետրվարի 16-ին Ալեքսանդր 3-րդ ցարը հաստատեց «Հայ լուսավորչական եկեղեցական ուսումնարանների մասին կանոնները», որի  համաձայն՝ պաշտոնապես բացառվում էր նախակրթարանի տարրական աստիճանից բարձր հայկական դպրոցների գոյությունը։ Այսինքն՝ կրթությունը պետք է տրվեր ռուսերեն լեզվով:

Ուշագրավ է ընդգծել, որ ցարական այդ նոր կանոնակարգը որդեգրվեց ճիշտ այն ժամանակ, երբ Ամենայն Հայոց կաթողիկոսական գահը թափուր էր մնացել Գևորգ Դ. Կաթողիկոսի վախճանումով։ Կաթողիկոսական նոր ընտրություն դեռ կատարված չէր: Եվ ճիշտ այդ ժամանակ , «անգլուխ» մնացած Ս. Էջմիածնի բնականոն գործունեություն չունենալու պայմանների մեջ, ցարական իշխանությունները փորձեցին խստացնել հայոց դպրոցները պետական հսկողության տակ առնող կարգը:

Բայց ցարական իշխանությունների համար անսպասելիորեն, Էջմիածնի Սինոդը մերժեց կիրառել պետական նոր կանոնադրությունը՝ այն հիմնավորումով, թե հայկական դպրոցների կառավարման գործը դարեր ի վեր գտնվել է հայոց Վեհափառ Հայրապետների իրավասության ներքո, և թե Սինոդը չի ուզում սրբապղծության գնալ։ Մինչ այդ՝ Ս. Էջմիածնի Սինոդը որոշեց նոր կանոնադրության կիրառումը հետաձգելու խնդրանքով դիմել Ցարին, իսկ թեմերին հանձնարարել, որ չկիրառեն նոր կանոնադրությունը՝ պատճառաբանելով, թե Էջմիածնի Սինոդից չեն ստացել գործադրելու հանձնարարական։

Նույն Սինոդի որոշմամբ՝ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Սուքիաս վարդապետ Պարզյանը գործուղվեց Ս. Պետերբուրգ բանակցություններ վարելու համար, իսկ հայաբնակ բոլոր շրջանները և հատկապես Թիֆլիսում  հայկական թերթերը դժգոհության աղմուկ բարձրացրին և հայ հասարակությունը ընդվզեց ու բողոքի ուժեղ շարժում առաջացրեց։

Ստեղծվեց անորոշ մի  վիճակ , որը շարունակվեց  մոտավորապես մեկ տարի: Իշխանությունները հարցի նկատմամբ երկար ժամանակ անտարբեր ձևանալուց հետո, 1885թ.ի փետրվարի  5-ին, անփոփոխ ձգելով Ցարի որոշումը, վճռեցին Էջմիածնի Սինոդի 12 օրվա պայմանաժամ տալ նոր կանոնադրությունը կիրառելու համար։ Մերժում ստանալու պարագայում իշխանությունը սպառնաց փակել դպրոցները:

Սինոդը կրկին հրաժարվեց կատարել հրահանգը և հետևանքը եղավ այն, որ 1885թ.ին Այսրկովկասի, Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի մեջ փակվեց մոտ 300 հայկական դպրոց, ինչը պատճառ դարձավ համաժողովրդական հուզումի աննախընթաց ուժեղ ալիքի բարձրացման։ Թիֆլիսի հայ հեղափոխական Նարոդնիկական խմբավորումը, օրինակ, հրատարակեց ու ցրեց բողոքի մի թռուցիկ , ուր ցարական իշխանությունների քայլը դատապարտեց իբրև «սարսափելի ավազակություն» և եզրակացրեց.- «Յուրաքանչյուր հայ ընտանիք թող դառնա առանձին հայ դպրոց»։ Իր կողմից «Մասիս» թերթը հուսադրեց մեր ժողովրդին, որ տեղի չտա, որովհետև այսօրինակ «բռնակալ իշխանությունը չի կարեղ մշտնջենական լինել»:

1885թ.ի մայիսի 23-ին, ներքին գործերի  նախարար կոմս Դմիտրի Տոլստոյը ցարին զեկուցեց, որ նորահաստատ կանոններն ընդունել է ընդամենը 1 դպրոց, իսկ 169 կրթարան փակված են: Կառավարչապետ Դոնդուկով-Կորսակովը, չգոհանալով իր գործած ավերով, արքունի շրջանակներին փորձեց համոզել, որ Էջմիածնի Սինոդի անդամներին աքսորի դատապարտեն «Բարձրագույնի կարգադրությունը չկատարելու համար»։ Բայց Ն.Գ. նախարարը առաջարկ գտավ «արդարացի, սակայն, ոչ նպատակահարմար», պատճառաբանելով, որ ընթացքի մեջ էին կաթողիկոսական ընտրությունները:

Այդպես, Ցարի հաստատումով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության նոր գահակալ ընտրվեց Մակար Կաթողիկոսը, որը թեև համարվում էր ցարին հնազանդ ու ժողովրդի կողմից «ցարընտիր» մակդիրն էր ստացել, այսուհանդերձ՝ իր շրջահայացությամբ ու դիվանագիտական «խաղերով» կարողացավ հասնել այն արդյունքին, որ 1885թ.ի դեկտեմբերի 17-ին Ս.Պետերբուրգում կայացած խորհրդակցության ժամանակ ներքին գործերի նախարար Դմիտրի Տոլստոյը, լուսավորության նախարար (ազգությամբ հայ, արմատներով ջուղայեցի) կոմս Իվան Դելյանովը և Կովկասի կառավարչապետ Ալեքսանդր Դոնդուկով-Կորսակովը դարձյալ քննարկման նյութ դարձրին հայոց դպրոցների հարցը և գնացին զիջումների։

Մակար Կաթողիկոսը առաջարկել  էր կանոնակարգի մեջ շեշտել, որ մեկդասյա դպրոցը պետք է ունենա 3, երկդասյան` 5 տարվա դասընթաց և խնդրում էր թուլատրել ծխական դպրոցներին կից ունենալ մեկամյա լրացուցիչ դասարան` ամբողջ անցած դասընթացը կրկնելու համար: Առաջարկի միտքն ու հետին նպատակը նախակրթական տարրականից բարձր դպրոց ունենալն էր:

Մակար Կաթողիկոսի առաջարկած գրեթե բոլոր կետերն ընդունվեցին։ 1886թ.ի հունվարի 16-ին Ցարը հաստատեց այդ եզրակացությունը, որի հիման վրա Ս.Էջմիածնի Սինոդը մշակեց նոր կանոնակարգ և վերստին բացվեցին հայկական դպրոցները:

Այդպիսով վերջ չգտավ սակայն ազգային կրթօջախներ պահել-չպահելու «պատերազմը», որը շարունակվեց թեթևակի գրոհներով: 1886թ.ի ավարտին Կովկասյան դպրոցների հոգաբարձու Եանովսկին պահանջեց արգելել հայոց պատմության և աշխարհագրության դասավանդումը և հորդորեց լուսավորության նախարարությանը` կարգադրել հայ կրոնի ռուսերեն լեզվով դասավանդումը, հայերեն լեզվով արտոնելով միայն աղոթքների ուսուցումը:

Մակար Կաթողիկոսն այս հարցի մեջ էլ դիմադրություն ցույց տվեց: 1888թ.ի հունիսին Այսրկովկաս գործուղվեց ներքին գործերի նախարարության խորհրդի անդամ Գիրսը, որը հանդիպելով Կաթողիկոսի հետ` հիմնականում ընդունեց հայոց պահանջները, սակայն մերժեց հայ ժողովուրդի պատմության և Հայաստանի աշխարհագրության դասավանդումը: 1888թ.ի սեպտեմբերի 28-ին Կաթողիկոսը հանդիպեց Այսրկովկաս այցելած Ալեքսանդր 3-րդ Ցարին և ստացավ խոստումներ, որոնք թեև չհարգվեցին, բայց մյուս կողմից կանխեցին հայկական դպրոցների հայեցի կրթության առաքելության դեմ նոր գրոհները ու ժամանակավոր «զինադադար» հաստատեցին։

Այդ «զինադադար»ը հիմնովին խզվեց 1903թ.ի հունիսի 12-ին, երբ ցարական իշխանությունը լայնածավալ հարձակում ձեռնարկեց «Հայկական եկեղեցական հողերը և գույքը արքունիքում բռնագրավելու մասին» օրենքը որդեգրելով, որը ոչ միայն ունեզուրկ էր դարձնում հայոց եկեղեցին, այլև փակման վտանգի առջև կանգնեցնում Եկեղեցու եկամուտներով պահվող հայոց դպրոցները:

Բայց այդ մասին կանդրադառնանք իր ժամանակին:

 

Օրացույց