«Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր...»

մարտ 08, 2014 - 10:13        Viewed: 3720       

58 տարի առաջ, Մարտ 8-ին հայկական մամուլը հայ աշխարհին գուժեց, որ «Տապալվեց հաստաբուն կաղնին»։ Իր գործը անավարտ թողած՝ հայոց աշխարհից հեռացավ հանդուգն և անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնավորումը՝ Դրոն։ Դեռևս Իր կենդանության օրոք, Դրոն դարձավ հայ ժողովրդի առասպելական հերոսը։ Իսկ մահվանից այսկողմ, որքան ժամանակը գլորվում է, այնքան ավելի պայծառանում է Հայի Հանդգնությունն ու Խիզախությունը անկրկնելիորեն մարմնավորած« «մրրկածին» Ազատամարտիկի մարտունակ կերպարը։

Իր անձնու գործը, իբրև հայոց գալիք սերունդներ ի ներշնչման աղբյուր և Հայ Ժողովրդի ամբողջական ազատագրության անխոնջ պայքարը լուսավորող փարոս, կտրում ու անցնումեն ժամանակի և պայմանների սահմանները։ Երեք տառի մեջ խտացած հերոսության խորհրդանիշը՝ Դրոն, իր առաջնորդող օրինակն արմատավորում է մեր ժողովրդի ազգային հիշողության մեջ, Հայի Ազատության և Հայաստանի Անկախության համար գերագույն անձնազոհության և աննկուն մարտունակության սրբազան դավանանքը։

Եվ բնավ էլ պատահական չէր, որ Արցախյան Ազատամարտի շղթայազերծման ու Հայաստանի վերանկախացման պայքարի առաջին իսկ պահերից, ամբողջ 70 տարի Դրո անունը փնոված խորհրդային կարգերից ազատագրվելու իր ծառացումի մեջ, հայրենի հայության սրտի երգի վերածվեց «Դաշնակ Դրո»-ն.

Հայոց երկնքով անցէք հաւքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարեւ տարէք դէպի տուն.
Ծեր արծուի պէս մոլոր օտար ափերում
Ծնող հողին կարօտ մտաւ յաւերժ քուն։

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին՝ քնած թէ արթուն,
Փրկիր քո հայրենիք չքնաղ Սուրմալուն։

Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարուածից,
Չես վհատուել անգամ կրծքիդ խոր վէրքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի
Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։

Արի դու քաջ Դրօ, բազկիդ ուժը բեր…

Դաշնակցականին վայել աննկուն կամքով,
Պայքարել ես, ապրել ազգի կարօտով.
Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով՝
Փակուել են աչքերդ յաւիտեան քնով…

Արի դու քաջ Դրո, բազկիդ ուժը բեր…

Դաշնակցականի իր «դպրոց»-ը կերտած Ազգային Հերոսը եղավ Դրոն, որն իր անվանը կապեց Արիության այնպիսի՜ պատմակշիռ Գործեր, որոնցից յուրաքանչյուրը իր անջնջելի դրոշմն է դրել հայոց նորագույն պատմության վրա։

1884թ.ի մայիսի 31-ին Իգդիրում ծնված Դրաստամատ Կանայանը վերապրեց մահվան դեմ իր բոլոր ճակատումները։ Ռազմի դաշտերի վրա անցան իր գիտակից կյանքի տարիները։ Հեղափոխական մարտիկի և ռազմական մի գործչի համար երկար կյանք ունեցավ Դրոն։ Մինչև 72 տարեկան ապրեց և մինչև վերջին շունչը, հայ ազգային-ազատագրական պայքարի ճանապարհին, շարունակ պատնեշի վրա կանգուն մնաց ու առաջապահ դեր կատարեց։

Ահա որպես թվարկում` Դրոի փոթորկալի կյանքի ճանապարհի գլխավոր նշանաձողերը.

-  1905թ.ի մայիսի 11-ին, հայ-թաթարական ընդհարումները սադրած Բաքվի նահանգապետ իշխան Նակաշիձեի դեմ Դաշնակցության որոշած մահապատիժը գործադրելով՝ 21 տարեկան հասակում Դրոն անօրինակ հանդգնությամբ և խիզախությամբ ահաբեկեց արևելահայության ջարդարարին։ Այդպե՛ս սկսվեց հայ ժողովրդի թշնամիներին անպատիժ չթողնելու արդարահատույց Դրոի երկար ուղին։

- 1908թ.ին, Օսմանյան Սահմանադրության բերած համեմատական ազատություններից օգտվելով՝ ՀՅԴ-ը որոշեց թուրք-ռուսական սահմանագլխի վրա դեպի Երկիր զենքի փոխադրության գլխավոր մի կետ հաստատել։ Բայազեդը ընտրվեց իբրև հարմարագույն կենտրոն և, Ռոստոմի հանձնարարությամբ, Դրոն հաստատվեց Բայազեդում, իբրև Սուրեն Էֆենդի անունով մի վաճառական, զինման ընդհանուր գործը կազմակերպելու և ղեկավարելու համար։

- Առաջին Աշխարհամարտի բռնկման հետ Դրոն շտապեց Թիֆլիս և ստանձնեց Հայ Կամավորական 2-րդ Ջոկատի հրամանատարությունը։

- 1918թ.ի Մայիսյան բախտորոշ ճակատամարտներին, Դրոն գլխավորեց Բաշ-Ապարանի բախտորոշ հերոսամարտը։

- Հայաստանի Հանրապետության կայացման պետականակերտ գործի մեջ, հատկապես Հայկական Բանակի կազմության և հզորացման ուղղությամբ, Դրոն ամբողջացրեց Արամ Մանուկյանի պատմակերտ դերակատարությունը։

- 1918թ.ի դեկտեմբերին Դրոն գլխավորեց հայկական զորքերը՝ հայ-վրացական պատերազմի ժամանակ, հայրենի մեր հողը յուրացնելուվրացական ազգայնամոլությունը սանձելով։

- Հայաստանի Հանրապետության վերջին կառավարության մեջ, Սիմոն Վրացյանի վարչապետության ժամանակ, Դրոն ստանձնեց ռազմական նախարարի պատասխանատվությունը և ղեկավարեց քեմալական և լենինյան միացյալ գրոհի դեմ մեր ժողովրդի դիմադրական կռիվը։

- 1920 թվի դեկտեմբերի 2-ից հետո, մինչ Բոլշևիկյան Հեղկոմի Երևան ժամանումը, խորհրդային կառավարության ռազմական ներկայացուցիչ Սելինի հետ, Դրոն ղեկավարեց Հայոց նորաստեղծ պետականությունը ամբողջական կործանումից փրկելու պայքարը։

-  1921թ.ի հունվարին, երբ Հեղկոմի կողմից Հայկական Բանակի սպայակույտը հետիոտն աքսորվեց հյուսիսային Կովկաս, Դրոն իր հերթին աքսորվեց Մոսկվա, ուր տնային կալանքի տակ պահվեց 5 տարի, մինչև որ արտոնություն ստացավ ընդմիշտ հեռանալու Խ. Միությունից։ Հաստատվեց Ռումանիայում, որտեղից անցավ Մ. Նահանգներ՝ 1930-ականներին։

- Երկրորդ Աշխարհամարտի ընթացքում, հանուն տարագիր հայության, Հայ Յեղափոխական Դաշնակցության հանձնարարությամբ՝ Դրոն ծայրաստիճան դժվարին բանակցություններ վարեց Նացիստական Գերմանիայի իշխանությունների հետ, փորձելով Հիտլերին համոզել, որ հայերը արիացիեն, որպեսզի կարելի լիներ Խորհրդային Հայաստանի հայությանը պաշտպանել թուրքական վտանգից՝ նացիստական հավանական հաղթանակի պարագայում։

- Նույն ժամանակաշրջանում նաև Եվրոպայի հայությունը փրկելու գործում Դրոն ստանձնեց անուրանալիորեն մեծ դեր։ Իր և նույն նպատակով կազմված դաշնակցական գործիչների հատուկ մարմնի հետևողական ջանքերով՝ հնարավոր դարձավ Նացի Գերմանիայի վերաբերմունքը բարեփոխել Բալկանների հայության նկատմամբ։ Միևնույն ժամանակաշրջանում և Աշխարհամարտի ավարտից հետո, Դրոն նախախնամական դեր կատարեց խորհրդային բանակից գերեվարված բազմահազար հայ զինվորականներին մահից փրկելու պատմական գործում։

- Իր կյանքի և գործունեության վերջին տասնամյակը Դրաստամատ Կանայան անցկացրեց ընդհանրապես Եվրոպայում և Միջին Արևելքում։ Ի վերջո հաստատվեց Լիբանանում և հինգ տարվա վաղեմի իր ընկերոջ՝ Սիմոն Վրացյանի հետ ապրեց նույն հարկի տակ։ Դեպի Հայրենիք Ներգաղթը, խորհրդային այլասերված քաղաքականության հետևանքով, ընդհանուր հիասթափության էր մատնել տարագիր հայությանը։ Հետևում էր Հայ Դատի չարաշահմանը խորհրդայինների կողմից՝ Կարսն ու Արդահանը նախ պահանջելու, ապա մտահան անելու ստալինյան խաղերով։

Տարագիր հայության ընդհանուր հուսաբեկման այդ ծանր շրջանում, Դրոն իր կարապի երգը դարձրեց նորահաս սերունդների մեջ ազգային ինքնավստահությունը վերականգնելու սրբազան առաքելությունը, որի համար մեր սերունդները ամբողջական պաշտամունք տածեցին Մեծ Հերոսի նկատմամբ։

Դրոն հիվանդ էր սուր հոդացավերով, որոնք արագորեն տարած վողքաղցկեղի խաբուսիկ ախտանշաններն էին։ 1955թ.ի վերջերին, բուժման նպատակով, Դրոն այցելեց Միացյալ Նահանգներ։ Բայց մահը վրա հասավ և տապալեց Հայի Հանդգնության և Խիզախության հաստաբուն կաղնուն։

Դրոն առհավետ փակեցաչքերը 1956թ.ի մարտի 8-ին և թաղվեց Բոստոնում: 

Բայց իր կտակն էր հավերժական հանգիստը գտնել հայրենի հողի ծոցում, ինչը իրականացավ 2000 թվականին, երբ Մեծ Հայի աճյունը պաշտոնական հատուկ հանդիսավորությամբ տարվեց անկախ Հայաստան և Մայիսի 28-ին ամփոփվեց իր այնքան պաշտելի Ապարանի (նախկին Բաշ-Ապարան) մեջ:

 

Օրացույց