Հայոց Եռագույնի միջազգային ճանաչման Օրը

մարտ 10, 2014 - 11:22        Viewed: 4437       

Մարտի 11-ին, 71 տարի առաջ, Հայաստանի անկախության և հայոց ազգային պետականության վերականգնման խորհրդանիշ դրոշը՝ անփոխարինելի Եռագույնը, իր արժանավոր տեղը գտավ Փարիզի Ինվալիդի աշխարհահռչակ Զինվորական Թանգարանում։

Ազատն Ֆրանսիան, որը 1921թ.ին Պիղատոսի պես ձեռքերը լվացել էր հայ ժողովրդի մի ազգային օճախ ապահովելու միջազգային հանձնառությունից, և հայությունից դատարկվել  էր Կիլիկիան, 1923թ.ի  մարտի 11-ին պաշտոնապես Հայոց Եռագույնին տվեց իր արժանի տեղը՝ Ինվալիդի Թանգարանում միջազգային ճանաչումի արժանացած ազգային ու պետական դրոշների շարքում։

Քեմալական Թուրքիայի Հանրապետության հիմնադրության ժամնակաշրջանն էր և Առաջին Աշխարհամարտի հաղթական դաշնակիցները, գաղթատիրական իրենց մրցապայքարով կլանված, ըստ իրենց կամքի էին վերաձևում աշխարհի մեծ քարտեզը իր մանրամասնություններով հանդերձ։

Միաժամանակ Խորհրդային Միության պետական ու վարչական հիմնավորման խառնակ ու դժվարին ժամանակաշրջանն էր։ Կարմիր Բանակի սվիններով բռնագրավված Հայաստանի Հանրապետությունը այդ օրերին բռնակցում էր այսպես կոչված Անդրկովկասյան Խորհրդային Հանրապետությունների Դաշնության հետ։ Իր Եռագույն դրոշով Ազատ, Անկախ և Միացյալ հռչակված Հայաստանի Հանրապետությունը զենքի զորությամբ ներառվում էր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կազմում։

Բայց ստալինյան Երկաթե Վարագույրով աշխարհից խզված խորհրդային սարսափի կայսերական արգելարանից դուրս, Մեծ Եղեռնից վերապրած և Հայաստանի անկախությունը կերտած հայությունը, տարագրության դաժանագույն պայմաններում անգամ բոլոր ուժերով մերժում էր համակերպվել հայ ժողովրդին և ամբողջ ժողովուրդներին պարտադրվող ազատազրկմանն ու ազգային գերեվարումին։

Ահա՛ այդպիսի ժամանակ և նման պայմաններում, իր տեսակի մեջ համաշխարհային մեծ վարկ վայելող Ինվալիդի Զինվորական Թանգարանը պաշտոնական և միջազգային ճանաչում շնորհեց Եռագույնին՝ իբրև հայոց ազգային ու պետական Դրոշի։

Այդ քայլով 1923թ.ի մարտի 11-ն ըստ ամենայնի դարձավ Հայոց Եռագույնի միջազգային ճանաչման Օրը։

Եվ մենք դարձանք Եռագույն Դրոշի սերունդ՝ կրկնակի՛ առումով։

Նախ՝ տարագիր հայի ազգային-գաղափարական կազմավորման իմաստով, որովհետև աշխարհով մեկ հռչակված Հայոց Եռագույնը իր խորհուրդով ու փառքով եղավ ազգային մեր ինքնաճանաչման, հպարտության կենարար աղբյուրը:

Եռագույնի սերունդ դարձանք, ապա, Հայաստանի վերանկախացման ու Եռագույնի, իբրև հայոց պետական դրոշի, պաշտոնական վերարժևորումն ու վերականգնումը՝ հավետ ծածանումը նվաճելու սերունդների Ուխտի իրականացման մասնակիցը դարձած սերունդի առումով։

Շուրջ յոթանասուն տարի, իրարահաջորդ երեք սերունդ, ազգային-քաղաքական և գաղափարական իր դեգերումների, թռիչքների և հակադրությունների կիզակետն ունեցավ Եռագույնը։ Հանուն և ընդդեմ Եռագույնի կազմավորվեցին և դրսևորվեցին հայ քաղաքական մտքի ոգորումները.

- Հանուն Եռագույնի՝ իր հոգեմտավոր թաքուն սրբությունը ունեցավ և աչքի լույսի պես պահպանեց հայրենի հողի վրա ապրող հայը։

- Ընդդեմ Եռագույնի՝ շարունակ մոլեգնեց խորհրդային ամբողջատիրության այս կամ այն մղումով անձնատուր դարձած հայրենաբնակ հայը։

- Հանուն Եռագույնի՝ Երկաթե Վարագույրից այս կողմ և աշխարհի մեծ ու փոքր բոլոր փողոցների վրա, Ուխտ Արարատի ներշնչումով՝ միս ու ոսկոր կապեցին, ամենուր Եռագույն փնտրեցին և Մեր Հայրենիք երգելով Հայ Դատի պայքարի շղթայազերծման ուղին հարթեցին սփյուռքահայության նոր սերունդները։ Եվ բոլորվեցին պահանջատեր մեր ավանդական կուսակցության շուրջ, որ Եռագույնի ծածանման անվեհեր դրոշակակիրը եղավ ՝ ընդդեմ Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի ուրացման ու ձաղկման տխրահռչակ փորձերի։

Իսկ ընդդեմ Եռագույնի՝ սփյուռքյան ափերի վրա, խորհրդայինների ամբողջական և դավադիր օրհնությամբ, հարդարվեց կեղծ «հայրենասերներ»ի ճակատը՝ հակադաշնակցական պայքարը իր գոյության իմաստ դարձրած խաժամուժ ճամբարը, որ հայոց Եռագույնի ուրացման ու վարկաբեկման մեջ փնտրեց իր` այսպես կոչված «իրատեսության» և «ողջմտության» դափնեպսակը։

Եռագույնի և նրա խորհրդանշած ազգային-քաղաքական անկորուստ արժեքների ուրացման մաղձով երկար տարիներ մոլեգնեց հակադաշնակցական այդ ճամբարը, որի մերկացումն ու խարազանումը բուռն կերպով կատարեց անկրկնելի Նժդեհը՝ 1930ականներին գրելով. «Ժխտելով Միացյալ և Անկախ Հայաստանի գաղափարականը խորհրդանշող Եռագույնը, հակադաշնակցականը մատնում է ցեղորեն կենտրոնախույս իր հոգեբանությանը: Վտարված հայ ցեղայնությունից` նա սարսափում է Եռագույնի միացուցիչ իդեալից - անկախ և ամբողջական հայության հեռանկարից: Պատմականորեն այս տիպը միշտ էլ եղել է պառակտիչ, հատվածական ու այդպիսին է և այսօր»:

Անցել-գնացել են այդ ժամանակներն ու խորհրդային խորշակը։

Կանգուն է մնացել՝ վերարժևորվել է Եռագույնը և իբրև Հայոց ազգային ու պետական Դրոշ ծածանվում է անխռով ։

Եվ ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարածքում ու երկնակամարում, այլև՝ միջազգային ընտանիքի բոլոր ատյաններում և մեծ, միջին, փոքր պետությունների դիվանագիտական բոլոր կառույցների ճակատին։

Հայոց եռագույնը նաև վերածված է հայ ժողովուրդի մերօրյա ազգային միասնականությունը խորհրդանշող դրոշի։ Մի կողմ են նետված անմիջական և հեռավոր անցյալի ամեն կարգի նախապաշարումները, ուրացումներն ու հակադրությունները։

Իր ամբողջական մաքրությամբ և պարզությամբ ընդգրկված է Եռագույնը՝ իր երեք գույների խորհրդով ու փառքով։

Եռագույնի բյուրեղյա այդ խորհուրդը չեն կարող արատավորել, նաև, մեր օրերի հայրենի որոշ երգիչների և իշխանավորների կողմից Եռագույնի «նարնջագույն»ը այսպես կոչված «ծիրանագույն»ով փոխարինելու անհեթեթ փորձերը։

Հայրենի մտավորականությունը այսօր ինքն է պայքարում նման խեղաթյուրումների դեմ, որքան էլ բարեմտությամբ կատարվեն դրանք։ Ահա՛ Եռագույնի ավանդին տեր կանգնող մի հայրենական ձայն. «Անկախ Հայաստանի դրոշի՝ Եռագույնի գույների լավագույն մեկնաբանությունը տվել է Անդրանիկ Ծառուկյանը.

Արյունից ծորած երիզ մի կարմիր,

Երկնքից պոկված կտոր մի կապույտ,

Հասուն հասկերի շողք նարնջագույն,

Եվ վեց դարերի խավարի վրա՝ Դրոշ Եռագույն:

«Նարնջագույն, այլ ո՜չ ծիրանագույն, որ վերջերս որոշ քարոզչական ճիգով նետվում է հրապարակ՝ իբրև փոխարինող: Որքան էլ ծիրանը հայկական է ու գույնը յուրահատուկ, մեր ներաշխարհին ամուր խարսխված է նարնջագույնը՝ իբրև Եռագույնի երրորդ երիզը: Մոռանանք այս անօգուտ վեճը ու կենտրոնանանք Եռագույնի վրա՝ իբրև մեր ազգային դրոշի, որի հանդեպ սրբազան ակնածանք, սեր ու նվիրվածություն են ցուցաբերել տարագիր սերունդներ, և որ արդարորեն վերագրավեց իր տեղը, իր դիրքը վերանկախացած Հայաստանի մեջ՝ իբրև պետական խորհրդանիշ»:

Ինչպես 1918թ.ին Հայաստանի անկախության կերտիչները որոշեցին, բազմադարյան գերությունից և պետականազուրկ կյանքից դուրս եկած և ազգերի մեծ ընտանիքի մեջ ազատ ու անկախ ապրելու իր արժանավորությունը նվաճած հայ ժողովուրդը մի ամբողջ կենսափորձ  խտացրեց ազգային-պետական մեր դրոշի երեք գույների մեջ.

- Կարմիրը միշտ պիտի վկայի արյան այն գերագույն զոհաբերման մասին, որին հարկադրվեց տուրք տալու Հայը՝ աջից թե ձախից ասպատակող բռնագրավողների հարվածների տակ, բայց և որին միշտ պատրաստ գտնվեց՝ ի խնդիր ինքնապաշտպանության և Իրավունքի ու Արդարության նվաճումին։

- Կապույտը միշտ պիտի հուշի Հայոց աշխարհի պայծառ երկինքն ու անեզր հորիզոնը, Հայի հոգեմտավոր պայծառությունն ու խորախորհուրդ արարումները, որոնք ազգային մեր ինքնապահպանման և ինքնահաստատման անպարտելի զենքերը եղան, պարտության մեջ անգամ բարոյական հաղթանակ ապահովելով, մահացու հարվածների զգետնումից անգամ վերստին ոտքի կանգնելու և արարելու ուժականություն ներշնչելով։

- Նարնջագույնը հավիտյան պիտի խորհրդանշի մեր հայրենի հողի և բերքատու դաշտերի փառավորումը, որոնց Հայը միախառնեց իր ճակատի քրտինքը՝ արդար վաստակն ու համայնական և հասարակական համերաշխությունը գերագույն արժեք դավանելով, այդ ներշնչումով հողը հերկելու ժամանակ մինչև իսկ... եղբայրանալով իր եզի հետ։

Ահա ա՛յս գիտակցությամբ, 1923թ.ի մարտի 11-ին, Հայոց եռագույնը Փարիզի Ինվալիդի Զինվորական Թանգարանում բարձրացնողները, ամեն ինչից վեր, հարգանքի իրենց տուրքը մատուցեցին ամբողջ մարդկության մեծ ընտանիքը հարստացրած Հայոց փոքր, բայց խորհուրդով և փառքով մեծ Ազգին։

 ԱԶԱՏ ՕՐ (օրաթերթ)

Օրացույց