1918թ. Մարտի 12. Թուրքական զորքերը գրավեցին Կարինը

մարտ 13, 2014 - 15:51        Viewed: 2465       

96 տարի առաջ մարտի 12-ին թուրքական բանակն ամբողջությամբ գրավեց Կարին (Էրզրում) բերդաքաղաքը, որն իր ռազմաքաղաքական դիրքով ամբողջ Անդրկովկասի տիրապետության բանալին էր։

Բալկանյան և Արաբական ռազմաճակատներում ծանր պարտություն կրած թուրքական զորքերի համար պատմության անիվը հանկարծակի շրջվեց։ Ռուսաստանում ժողովրդավարական իշխանությունը տապալած և «պրոլետարական դիկտատուրա» հաստատած բոլշևիկները, 1918թ.ի առաջին օրերից սկսած, համագործակցության ձեռք մեկնեցին պատերազմում պարտված թուրքերին։ Դեպի արևելյան ներքին գավառները ցիրուցան նահանջող թուրքական զորքերը վերախմբվեցին, վերակազմակերպվեցին և կատաղի թափով գրոհ ձեռնարկեցին արդեն հայ-թուրքական պատերազմի դաշտի վերածված թուրք-ռուսական ռազմաճակատի ամբողջ երկայնքով մեկ։

Պատահածը պատմության հեգնական խաղերից մեկն էր, որ հայ ժողովրդի պարագայում Արևմտյան Հայաստանից հետո Արևելյան Հայաստանը կորցնելու օրհասական վտանգի պահը դարձավ:

- Բոլշևիկ Ռուսաստանը արտաքին ճակատի վրա զինադադարի անհրաժեշտություն ուներ, որպեսզի հաշվեհարդար կատարեր իր ներքին հակառակորդների հետ։ Ռուսական բանակը տուն կանչվեց բոլոր ռազմաճակատներից, նաև թուրք¬ռուսական ռազմաճակատից, ուր Հայասպանության մեծ ոճիրը ամբողջացնելու թուրքական եղեռնագործ ուրվականը թևածում էր Արևելահայաստանի վրա։ Իսկ թուրքական բանակի վերախմբվող ուժերը տենդագին արշավում էին դեպի նավթային մայրաքաղաք Բաքու, որի սև ոսկու ռազմավարական պաշարներին տիրանալու մեծապետական մրցակցությունն իր գագաթնակետին էր հասել:

- Ազգայնամոլական Թուրքիայի դիտանկյունից՝ օսմանյան տիրակալության ամեն դիրք կորած էր Բալկաններում և Արաբական Աշխարհում։ Թուրքական տիրակալության վերականգնման միակ ելքը նկատվում էր այսպես կոչված «արևելյան Անատոլիայի»-ի՝ նույնի՛նքն Արևմտահայաստանի հողի վրա թուրք ազգայնական մի պետության  ստեղծումը, որի կենսագործման համար ռազմավարական մեծ նշանակություն ուներ մինչև Բաքու տարածված համաթուրքական քաղաքական ամբողջության կայացումը։

Պահը օրհասական էր հատկապես հայ ժողովրդի համար, որն Առաջին Աշխարհամարտի բռնկումին հաջորդած տարագրության և ցեղասպանության հարվածին էր փորձում դիմագրավել՝ ռուս¬թուրքական ռազմաճակատի երկայնքին հայ կամավորական շարժումը կյանքի կոչելով և գալիք հայ ազգային բանակի կենսատու կորիզը հիմնելով։

Ռուս ցարական Բանակի ընդհանուր հրամանատարության տակ գործելով՝ 1915թ.ի աշնանամուտից սկսած, հայ կամավորական գնդերը կարող էին մեծ զոհաբերությունների գնով, թիզ առ թիզ ազատագրել Արևմտահայաստանը, հասնել մինչև Տրապիզոն և սպայակազմի կենտրոնը հաստատել Կարինում՝ հայրենի հողերը գրեթե ամբողջությամբ վերաբնակեցնելով գաղթական հայությամբ։ Արևմտահայաստանի վերատիրացման ազգային մեծ երազն էր, որ ահա այդպես՝ ի նպաստ ազգայնամոլական Թուրքիայի բոլշևիկյան Ռուսաստանի կատարած դիմաշրջումով մահացու հարված էր ստանում։

Հայասպանությունը «ամբողջացնելու» թուրքական ազգայնամոլների կատաղության դեմ միայնակ մաքառելու օրհասին էր դատապարտվում կամավորական գնդերի վրա հիմնված նորակազմ Հայկական Կորպուսը։ 

Ամիսներ տևած բանակցությունների Ճգնաժամային Պահը հետևեց ՝ մի կողմից բոլշևիկյան Ռուսաստանի, մյուս կողմից Դաշնակից Ուժերի դեմ կռվող Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Բուլղարիայի և Թուրքիայի միջև։ Ի վերջո Մարտի 3-ին նրանք կնքեցին Բրեստ-Լիտովսկու տխրահռչակ Դաշինքը, որի հիման վրա բոլշևիկյան Ռուսաստանը փաստորեն խզվեց դաշնակիցներից և մոտեցավ իր նախկին հակառակորդներին։

Կնքելով Բրեստ-Լիտովսկու պայմանագիրը՝ հիշյալ կողմերը համաձայնեցին, որ այնուհետև իրենց միջև դադարեցվում են պատերազմական գործողությունները, իսկ փոխադարձ զիջումների և պայմանավորվածությունների շարքում՝ Ռուսաստանը հանձն է առնում իր զորքերը դուրս բերել «Արևելյան Անատոլիա»-ից, մասնավորապես՝ Կարսի, Արդահանի և Բաթումի մարզերից։

Թեև պայմանագիրը 1917թ.ի նոյեմբերի 8-ին բոլշևիկների ընդունած «Խաղաղության մասին» լենինյան «դեկրետ»ի «տրամաբանական շարունակություն»ն էր, այսուհանդերձ՝ Ռուսաստանի կատարած այդ զիջումով, ծանրագույն ճգնաժամի մեջ հայտնվեց կովկասյան ճակատի երկայնքին ապրող հայությունը: Բրեստի Դաշնագրով՝ փաստորեն չեղյալ համարվեց 1917թ.ի դեկտեմբերի 29-ին բոլշևիկների ընդունած «Արևմտյան Հայաստանի հողերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին» որոշումը և, փոխարենը, հաստատվեց նույն այդ հողերը Թուրքիային վերադարձնելու... վճիռ:

Հարկ եղավ, որ դարակազմիկ նվաճումներ ձեռք բերվեին, հայ ժողովուրդը հերոսական դիմադրությամբ 1918թ.ի մայիսին կասեցներ թուրքական հարձակումը և Առաջին Աշխարհամարտը վերջ գտներ Դաշնակիցների հաղթանակով, որպեսզի 1918թ.ի սեպտեմբերի 20-ին, Ռուսաստանի բոլշևիկյան կառավարությունը, արտգործնախարար Չիչերինի ստորագրած «նոտայով» չեղյալ հայտարարեր ըստ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի` ի նպաստ ազգայնամոլական Թուրքիայի կատարված «կովկասեան տարածքներ»ի, այսինքն՝ հայկական հողերի զիջումը:

Բայց ավերը արդեն գործված էր և նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը բնավ չկարողացավ վերատիրանալ արյամբ և մեծ զոհողություններով ազատագրված Արևմտահայաստանին։

Բրեստ-Լիտովսկու «հաշտության» դաշինքը «լավ հնարավորություններ» ընձեռեց մեծապետական նկրտումներ ունեցող ազգայնամոլ Թուրքիային, որպեսզի օգտվելով ստեղծված իրավիճակից և խախտելով 1917թ.ի դեկտեմբերի 5-ին բոլշևիկյան Ռուսաստանի հետ իր կնքած Երզնկայի զինանադադարը՝ ձեռնարկի ընդհանուր արշավանք։ Բնականաբար հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը խորապես հեգնող նշանակություն ստացավ բոլշևիկյան Ռուսաստանի կողմից հռչակված «Թուրքահայաստանի մասին» լենինյան «դեկրետ»ը՝ «ընդհուպ ազգային ինքնորոշման իրավունքի ամրագրումը» խոստացող իր կեղծիքով։ Աշխարհաքաղաքական այս խորապատկերով զարգացան ռազմական այն գործողությունները, որոնք 1918թ.ի  Մարտի 12-ին հանգեցին Կարինի անկմանը։

Թուրքական զորքերը առավելագույնս նպաստավորվեցին ռազմաճակատը լքող ռուս զինվորների առաջացրած քաոսից։ Վեհիպ փաշայի ընդհանուր հրամանատարության տակ, Հայկական Կորպուսի սակավաթիվ զորքի դեմ թուրքական բանակի ի մի բերած գերակշռող ուժերի շնորհիվ, թուրքական զորքերը նախ փետրվարի սկզբին գրավեցին Երզնկան, որտեղից Անդրանիկի հրամանատարության տակ գործող հայկական ուժերը սկսեցին նահանջել։ Իսկ փետրվարի վերջին, երբ Անդրանիկն իր զորքով ու գաղթական հայությամբ որոշեց դատարկել նաև Կարինը, Մարտի 12-ին թուրքական բանակը ամբողջական իր տիրապետության տակ առավ ռազմավարական մեծ նշանակություն ներկայացնող հայոց հինավուրց բերդաքաղաք Կարինը (Էրզրումը)։

Այնուհետև միայն շաբաթների հարց եղավ թուրքական զորքի առաջխաղացումը դեպի Սարիղամիշ, Կարս և Ալեքսանդրապոլ, որը 1918թ.ի  Մայիսի 15-ին ընկավ թուրքերի ձեռքը։ Պատմական ծանրակշիռ նշանակությամբ այդ իրադարձությունների քաղաքական արժևորումը կատարելով՝ Սիմոն Վրացյանը իր «Հայաստանի Հանրապետությունը» գործում հետագայում պիտի նշեր.

«Էրզրումի անկումով փաստորեն ամբողջ Թուրքահայաստանը նորից անցավ թուրքերի ձեռքը։ Ճիշտ է, Ալաշկերտ-Խնուս-Վան տարածքները դեռ գրավված չէին, բայց նրանց ճակատագիրն էլ որոշված պետք էր համարել։ Թուրքահայկական գավառները նորից դարձան ավերակ և անմարդաբնակ։

«Պատերազմը փոխադրվում էր ռուսահայկական հողերի վրա։ Բնաջնջման սպառնալիքը կախվում էր նաև հայության երկրորդ հատվածի գլխին։ Կռիվը ո՛չ միայն ըստ էության, ձևականորեն էլ ստանում էր հայ-թուրքական բնավորություն։ Այսուհետև բացառապես հայ ժողովրդից էր կախված պատերազմի վախճանը։ Անդրկովկասյան իշխանությունը ո՛չ միայն նպաստում էր պատերազմին, այլև իր վարանոտ ու հակասական քայլերով և ներքին հակամարտություններով ավելի էր թուլացնում էր ճակատի պաշտպանության գործը»։

 

Օրացույց