Իրադարձությունների կարճ ակնարկ

մարտ 16, 2014 - 11:06        Viewed: 1583       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(10-16 մարտ, 2014թ.)

Վրաստան

Նինո Բուրջանաձեի խոսքերով «Վրացական երազանքն» ուժի մեջ թողեց ընտրությունների հնարավոր գաղտնի և կիսագաղտնի մանիպուլյացիայի հնարավորությունները: «Քաղաքական կամք գոյություն չի ունեցել: Դա ուրիշ բացատրություն չունի: Այսօրվա ընդդիմությունը դրել է ճիշտ այդպիսի պահանջներ, որոնք առաջարկում էին «Վրացական երազանքը» և կոալիցիայի մեջ մտնող 6 կուսակցությունները մի քանի տարի առաջ` այն ժամանակ երբ նրանք էին ընդդիմություն: Այն տարիներին նրանք աջակցում էին այդ առաջարկություններին, բայց հենց եկան իշխանության գլուխ, միանգամից մոռացան իրենց դիրքորոշման մասին: Այսօր նրանք իրենց շատ հարմարավետ են զգում այն իրականության մեջ, որը ստեղծել է «Ազգային շարժումը» իշխող կուսակցության համար: Իշխանության գալով` «Վրացական երազանքը» հրաժարվեց փոխել «Ընտրական կոդեքս»-ի այն կետերը, որոնք դեռևս վերջերս հենց իրենց քննադատության առարկա էին: Այսօր իշխող կոալիցիան անում է նույն բանը, ինչ անում էր «Ազգային շարժումը»` անում է հնարավորինս, որպեսզի հաղթի ընտրությունները բոլոր շրջաններում և, փաստորեն, ոչ մի հնարավորություն չի թողնում ընդդիմությանը: Դա լավ նպատակ է, մինչդեռ ձեռք է բերվում ոչ թե արդար ընտրությունների ճանապարհով, այլ ոչ հավասար միջավայրի ստեղծման ճանապարհով», -մարտի 10-ին հայտարարել է «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն:

Մարտի 10-ին Մարտվելիի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել տեղի Վարչության շենքի դիմաց: Ակցիայի մասնակիցները Մարտվելիի վարչությունից պահանջում էին վարելահողերի մշակման թույլտվություն: Մինչդեռ Մարտվելիի վարչության տեղակալը հայտնեց ցույցի մասնակիցներին, որ իրենց պահանջների բավարարումը գերազանցում է շրջանի վարչության կարողությունները: Ցույցի վայր ժամանեց Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի ոստիկանության ղեկավարությունը, որոնք դիմելով ցույցի մասնակիցներին հայտնեցին, որ վարելահողի սեփականության փաստի շուրջ կատարվում է հետաքննություն, մինչ որի ավարտը բողոքի ցույցերի անցկացումը ցանկալի չէ: Ցույցի մասնակիցների խոսքերով, նրանք չեն պատրաստվում դադարեցնել ցույցը: Հիշեցնենք, որ գյուղին պատկանող հողերից Կառավարությունը մի քանի տարի առաջ 100 հեկտար վարելահող է փոխանցել մասնավոր ընկերությանը, ինչը և հանգեցրել է տեղի բնակչության բողոքին:

«Կառավարությունը չի անցկացրել որևէ նշանակալի բարեփոխում ընտրական պայմանների բարելավման համար: Տեղական ինքնակառավարման մեջ այսպես կոչված բարեփոխումը և ընտրական կոդեքսում կոսմետիկ փոփոխությունները կրում են ձևական բնույթ և չեն նպաստում իրական ժողովրդավարական և արդար ընտրությունների անցկանցմանը», -ասված է «Դեմոկրատական շարժման» հայտարարության մեջ` ուղարկված Վրաստանում Եվրամիության դեսպանին:

Եվրոպական ներգրավման հարցերով պետնախարարի խոսքերի համաձայն` աճել է ՆԱՏՕ-ի այն երկրների քանակը, որոնք աջակցում են Վրաստանի մուտքը Ալիանս: «Ուկրաինայում կատարվող իրադարձությունները նվազեցրել են սկեպտիկ տրամադրված երկրների քանակը: Դա չի կարող մեզ չուրախացնել, քանի որ ՆԱՏՕ-ում վերահսկվում է մասնակից երկրների լուրջ միավորում` տվյալ կազմակերպության մեջ Վրաստանի հապճեպ ինտեգրացիայի հարցով: Հավասարակշռությունը փոխվել է, և այսօր այն երկրների քանակը, որոնք աջակցում են մեզ, բավականին աճել է», -հայտարարել է Ալեքսի Պետրիաշվիլին:

Վրաստանի Կառավարությունը ավարտել է «Ազատ առևտրի և մրցակցության» մասին օրենքի ուղղումների վերաբերյալ աշխատանքը: Վերջնական ուղղումները հաստատվել են մարտի 11-ին Վրաստանի Կառավարության նիստի ժամանակ, ինչից հետո օրինագիծն ուղարկվել է ուսումնասիրման և հաստատման երկրի Խորհրդարանում: Կառավարության հայտարարության համաձայն` կատարված ուղղումների հիմնական նպատակը մրցունակ շուկայի և ընդհանրապես մրցակցության զարգացմանը նպաստելն է: Կառավարության որոշման համաձայն` ծրագրվում է վարչապետի գրասենյակին կից ստեղծել նաև «Մրցակցության գործակալություն»:

Մարտի 11-ին Թբիլիսիի քաղաքային Խորհուրդը` Սակրեբուլոն, համագործակցության մեմորանդում է ստորագրել Միացյալ Արաբական Էմիրությունների ներդրումային հոլդինգի հետ: Թբիլիսիում ստորագրված համագործակցության մասին մեմորանդումի համաձայն` «Խրուշչովյան տների» տեղերում կկառուցվեն «հարմարավետ տներ»: Ինչպես պարզեցին կողմերը, փաստաթղթի ստորագրումից հետո, «Խրուշչովյան տները կհանվեն և նրանց տեղում կկառուցվեն նոր շենքեր: Մեմորանդումը ենթադրում է նաև հին Թբիլիսիի վերանորոգումը»: Ըստ Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահի` Արաբական Էմիրությունները պատրաստ են ներդնել տվյալ նախագծում 600 միլիոն դոլլար: Հին շենքերի տարհանման և նորերի կառուցման աշխատանքները կսկսվեն, երբ ֆինանսների նախարարությունը և կենտրոնական իշխանությունները կաջակցեն այն նախաձեռնությանը և կմիանան նախագծի իրականացմանը:

Մարտի 12-ին Վրաստանի Խորհրդարանի նախագահը հանդիպել է Վրաստանում Թուրքիայի դեսպանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև փոխհարաբերությունների լայն շրջանակները: Հանդիպման ընթացքում նշվեց, որ երկրների միջև գոյություն ունի հաջող և դրական համագործակցություն, ինչի ապացույց են բարձր մակարդակով կազմակերպված այցելությունները: Հանդիպման արդյունքում հայտարարվեց վարչապետի և Խորհրդարանի նախագահի մակարդակով պաշտոնական այցելությունների նախապատրաստական աշխատանքներ սկսելու մասին: Խորհրդարանական փոխհարաբերությունների մասին խոսակցությունների ժամանակ նշվեց Վրացական օրենսդրության` եվրոպական չափանիշների հետ ներդաշնակության հարցում Թուրքիայի փորձի օգտագործման կարևորությունը: Հանդիպման ընթացքում Վրաստանի Խորհրդարանի նախագահը թուրք դեսպանին ծանոթացրեց Վրաստանի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղությունների հետ: Քննարկվեցին Տեղական ինքնակառավարմանը, Սահմանադրական բարեփոխումներին  վերաբերող և այլ  հարցեր: Ինչպես նաև քննարկվեց Ուկրաինայում կատարվող իրադարձությունների թեման:

«Ասոցիացիայի մասին հանաձայնությունը, ցավոք նույնպես ունի անվտանգության ապահովման հետ կապված բովանդակություն: Ես ասում եմ` ցավոք, որովհետև ավելի լավ կլիներ, եթե մենք նախ կարողանայինք լուծել մեր անվտանգության հետ կապված խնդիրները, և միայն հետո խոսեինք Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմի և այլ տնտեսական հարաբերությունների մասին: Բայց ելնելով ստեղծված իրավիճակից` պարզ է, որ անվտանգության հարցը լուրջ դեր է խաղում: Չէինք ցանկանա, որ տվյալ իրականության պատճառով մենք տեսադաշտից բաց թողնեինք Ասոցիացիայի մասին համաձայնության հիմնական սկզբունքները», -հայտարարել է Դավիթ Ուսուփաշվիլին:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն` 2050 թ.ին Վրաստանի բնակչությունը կկրճատվի 28%-ով: «Վրաստանի առջև կան բազում խնդիրներ, որոնցից մեկն էլ մերր ժողովրդագրական վիճակն է: ՄԱԿ-ն հետազոտություն է անցկացրել, ըստ որի Վրաստանի բնակչությունը 2050 թվականին կկրճատվի 28%-ով: Միաժամանակ մեր հարևանների բնակչությունը կաճի: Ադրբեջանի բնակչությունը 2050 թ.ին կաճի 34%-ով, իսկ Հայաստանինը` 6%-ով: Սա նշանակում է, որ մեր տարածաշրջանում սպասվում է հավասարակշռության խախտում: Մենք, իհարկե, դեմ չենք, որ մեր եղբայրական հարևանների բնակչությունն աճի, բայց մեզ անհանգստացնում է մեր ժողովրդագրական խնդիրը, որը հավասարազոր է ազգի ֆիզիկական գոյատևմանը: Ծնելիությունը սաստիկ նվազել է: Նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծնելիության մակարդակն ավելի բարձր էր, քան հիմա», -հայտարարել է Առողջապահության հարցերով 1որհրդարանական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Խունդաձեն:

«Իմ հիմնական խնդիրներն ու առաջնայնությունները շրջաններն են: Ես ծրագրում եմ ապրիլին անցկացնել շրջանային շրջագայություն, ծրագրում եմ այցելել բոլոր շրջաններն ու անձամբ ծանոթանալ այնտեղ գոյություն ունեցող խնդիրների հետ: Ես արդեն մարզպետներին հանձնարարել եմ, որ ուսումնասիրվեն և համակարգվեն տվյալ շրջանի բոլոր խնդիրները: Դրան զուգահեռ աշխատանքներ են տարվում Տնտեսության նախարարությունում, որը վերլուծում է, թե կոնկրետ ո՞ր շրջանում ո՞ր բնագավառը կարելի է զարգացնել առաջին հերթին», - մարտի 13-ին հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

Իսրայելի և Վրաստանի միջև հաստատվել է առանց վիզա ռեժիմ: Պայմանագրի համաձայն` Վրաստանի քաղաքացիները կարող են գտնվել Իսրայելի տարածքում 90 օր առանց վիզա ստանալու:

«Այն համընդհանուր անհանգստությունը, թե մեզ բոլորիս լսում են, ձևավորվել է երկար տարիների ընթացքում: Ձեռք բերված նորարարությունները չեն կարող անհետանալ երկու-երեք ամսվա ընթացքում, առավել ևս նման զգայուն հարցերով: Այդ պատճառով ես հասկանում եմ մեր համաքաղաքացիների անհանգստությունը, որորնք գտնվելով անցած ժամանակաշրջանի ազդեցության տակ, անհիմն գտնում են, որ քաղաքացիների լսումները շարունակվում են: Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի ցրի այդ կասկածները», -մարտի 14-ին հայտարարել է Խորհրդարանի նախագահը: Հիշեցնենք, որ ամբողջ շաբաթվա ընթացքում հնչում էին տարբեր կազմակերպությունների հայտարարություններն այն մասին, թե երկրում շարունակվում են քաղաքացիների բոլոր հեռախոսազրույցների լսումները: Լսումների թեմայի շուրջ աղմուկը հասավ նրան, որ կազմակերպությունները երկրի նախագահի հետ հանդիպում անցկացրին, որի ընթացքում արտահայտեցին իրենց անհանգստությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: 

Մշակվում է նոր ծրագիր` կապված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների` վրաց լեզվի ուսուցման հետ: «Այդ խնդիրն ինձ հայտնի է: Գիտեմ, որ կան այնպիսի գյուղեր, որտեղ բնակիչները մոռացել են վրացերենը: Նոր ուղիների մշակման նպատակով մենք աշխատում ենք, նոր հատուկ ծրագրի շուրջ: Այդ ծրագրի շուրջ աշխատում է ոչ միայն Կրթության նախարարությունը, այլև մի քանի այլ գերատեսչություններ: Մենք գիտենք, որ մի քանի գյուղերում այդ խնդիրը շատ է սրվել», -մարտի 15-ին պատասխանելով ազգային փոքրամասնությունների` վրաց լեզվին չտիրապետելու և էթնիկ խմբերի մեկուսացման մասին հարցին, ասել է Վրաստանի վարչապետը ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

 

Օրացույց