1905թ.ի մարտի 17-ի Վիտոշի Խորհուրդը և Քրիստափորյան Ավանդը

մարտ 17, 2014 - 10:58        Viewed: 2292       

Մարտ ամսվա 17-րդ օրը  խորհրդանշում է մեր ժողովրդի ազգային-ազատագրական շարժման բարոյական վեհացումի և հեղափոխական պայծառակերպման օրը։ Այս օրն իր օրինակով ամբողջ սերունդներ հարատև կռվի առաջնորդելու, անհաջողությունների մատնվելու գնով պայքարի վճռականությունը չկորցնելու և Հայաստանի ու հայության ամբողջական ազատագրման դարավոր երազը անպայման հաղթանակով պսակելու անդառնալի Ուխտն է։

Վիտոշի Խորհրդի և Քրիստափորյան Պատգամի Օրը ։

109 տարի առաջ 1905թ.ին մարտի 17-ին, Բուլղարիայի Վիտոշ լեռան լանջին, Սուլթան Համիդի ահաբեկման համար պատրաստված ռումբի փորձարկմանը զոհ գացին հայ ազգային-ազատագրական շարժման անզուգական ղեկավար Քրիստափոր Միքայելյանը և իր գործակից Վռամշապուհ Քենդիրյանը։

1904թ.ին որոշված էր Սուլթան Աբդուլ Համիդի ահաբեկումը։ Հ.Յ.Դ. հիմնադիր երրորդության ավագը և իրավամբ Կամքի մարմնավորումը հռչակված Քրիստափորն ինքն էր «Կարմիր Սուլթան»-ին մահվամբ պատժելու հանդուգն որոշման դրոշակակիրը ։ Ավելի քան բնական էր, որ Քրիստափորն անձամբ ստանձներ որոշման գործադրության ամբողջական պատասխանատվությունը, և ստանձնեց։

Քրիստափորը գերագույն պարտքի զգացումով ձեռնամուխ եղավ մեծ Բռնակալի ահաբեկման հանդուգն քայլի ծրագրմանը և գործադրության կազմակերպմանը։ Հեղափոխական անձնազոհության առաջնորդող օրինակը տալու պատասխանատվության մղումով՝ Քրիստափորն անձամբ ղեկավարեց ահաբեկչական գործողության բոլոր հանգրվանների մանրամասն ծրագրումն ու նախապատրաստությունը։

Եվ այդ ճանապարհի վրա Քրիստափորին բաժին ընկավ ճակատագրի դառն խաղը։ Վիտոշի լանջին, «Մեծ Մարդասպան»-ին ահաբեկելու կոչված ռումբը ստուգելու հերթական փորձարկումի պահին, վաղաժամ պայթեց «դժոխային զենք»-ը՝ զգետնելով մեծ հեղափոխականին ու իր զինակցին։

109 տարի է անցել Վիտոշի ողբերգությունից և որքան ժամանակը թավալվի ու որքան խորանան Վիտոշի Խորհուրդը վերծանելու փորձերը, այնքան խտանում և այժմեական իր թելադրականությունն է շեշտում Քրիստափորի արյամբ գրված Հեղափոխական Պատգամը։

Մեկից ավելի ուղղություններով դաստիարակչական է Վիտոշի Խորհուրդը։

Առաջին հերթին արդի ժամանակների Հայ Մարդուն է ներշնչում ազգային անհուն ինքնավստահություն ու հպարտություն, որովհետև հայ ազատագրական շարժման մեծ առաջնորդը իր կյանքի գնով հեղափոխական հանդգնության օրինակ դարձավ ։

Ոչ միայն խոսքով, այլև կենդանի գործով Քրիստափորը մարմնավորեց Հայաստանի և հայ ժողովրդի ամբողջական ազատագրության պայքարի համար գերագույն զոհաբերությանը պատրաստ գտնվելու հեղափոխականի գաղափարական ուխտը։

Պատգամեց հայոց սերունդներին, որ ազգային-ազատագրական պայքարի առաջնորդը բարոյական իրավունքը չունի, սուրբ գործից հեռու կանգնած՝ իր ուխտակիցներին նետելու անդարձ կռվի դաշտ։ Ընդհակառակն՝ հեղափոխական կռվի առաջնորդը առաջինը ինքը պիտի նետվի պայքարի առաջին դիրքերի վրա, որպեսզի իր հետ առաջ մղի հավատավորների, գաղափարի՛ մարտիկների ամբողջ բանակին։

Այդպես, Վիտոշի խորհրդանշած գերագույն զոհաբերության բարոյական ավանդը եկավ մեկընդմիշտ հաստատագրելու, որ երբ կա մարտունակությունը և երբ ամրապինդ է անհավասար ուժերով անգամ կռվի դաշտ նետվելու կամքը՝ հայ հեղափոխականը ի վիճակի է կռվի իր ուրույն զենքերը ստեղծելու և սանձելու նույնիսկ ամենից անխոցելի կարծված բռնակալներն։

Երկրորդ. պետական սարսափի և ահաբեկումի թուրքական անպատիժ հանցագործության դեմ՝ Վիտոշի նահատակությունը եկավ ամրագրելու, որ նույն ահաբեկչությունը կարող է սրբազան զենք դառնալ... տկարների ձեռքին։

Համիդյան բռնակալությունը քաղաքական ուղի էր դարձրել պետական ահաբեկչությունը։ Կարմիր Սուլթանը անձնատուր էր եղել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման ամենից խաղաղ ելույթներն անգամ անմեղ հազարավորների արյան մեջ խեղդելու... մոլուցքին։

Քրիստափորն իր արյան նվիրաբերումով եկավ ուսուցանելու, որ թուրքական պետության հայաջնջումի ահաբեկչության արժանի, այլև հատու պատասխանը նույնինքն Համիդի ահաբեկումը պիտի լիներ անարգ թշնամու հայասպանական նկրտումները սանձող հեղափոխական հանդգնության անսպառ ուժի իբրև հոգեփոխիչ ապացույցը ։

Առանց Վիտոշի Խորհրդի դժվար է գտնել հայ ժողովրդի նվաճած այն մեծ ավանդի ամբողջական բացատրությունը, թե ահաբեկչությունն ու ահաբեկիչը ինչպես կարող են սրբության իմաստ և արժեք ստանալ հայ ժողովրդի իրարահաջորդ սերունդների համար։

Հայ ժողովրդին պարտադրված տկարի և զոհի դաժան ու անարդար ճակատագրին դեմ հանդիման՝ Քրիստափորյան հանդգնությունը մարմնավորեց պայքարունակ հայության գերագույն ծառացումի պայծառակերպումը։

Եվ հայոց սերունդները Վիտոշի Խորհուրդից վերցրին Հայկական Ազատամարտի մեծ առաջնորդի անավարտ գործը շարունակելու հանձնառությունը՝ այդ ճամփի վրա գերագույն զոհաբերության պատրաստ գտնվելու մշտանորոգ ուխտով։

Ամբողջ մի դարաշրջան է անցել Քրիստափորի նահատակությունից, բայց Վիտոշի Խորհուրդը ինչպես անցյալ երկար տասնամյակներում, նաև մեր օրերում շարունակում է հանդգնությամբ մկրտել հայոց սերունդներին։

Երբ մեծերն ու զորեղները բիրտ ուժով և պետական ահաբեկչությամբ շարունակում էին տկարների արդար պահանջները խեղդելու իրենց փորձերը, և երբ հայ ժողովրդի պատմական պատուհասը՝ թուրքական ցեղասպան պետությունը, շարունակում է իր փորձերը պետական ահաբեկչության նորանոր հնարքներով խեղդելու հայ ժողովրդի արդար պահանջատիրությունը, հայոց սերունդները ամենայն իրավունքով իրենց հայացքը ուղղում են դեպի Վիտոշի Խորհուրդը և Քրիստափորյան ավանդը՝ վերանորոգելով Հայկական Ազատամարտի հեղափոխական հանդգնությունը իր արյամբ ջրդեղած անզուգական Քրիստափորի անմահ պատգամը.

«Պատռել է հարկավոր քարտեզների վրա այս կամ այն ավազակապետի կամքով գծված սահմանները. ջնջել է հարկավոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից և որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատև են լինում։ Ո՛չ մի բռնություն, ո՛չ մի հալածանք, ո՛չ մի սահման չի կարող բաժանել մի ժողովրդի, եթե նա տոգորված է ընդհանուր շահերի գիտակցությամբ, ունի նաև կռվելու անսասան վճռողականություն և կապված, միացած է դարերով սնված ու պահպանված ընդհանուր բնազդների ու զգացմունքների առողջ զարկերով»։

«...Եթե իրավունքը իր պաշտպանության համար կռիվ է պահանջում, ապա կռիվը իր հաղթանակի համար նեցուկ պիտի ունենա ուժը։ Ուժն է, որ կառավարում է այս աշխարհը, և մենք ձեռք կբերենք մեր ուզածները, երբ ուժ կունենանք»։

 

Օրացույց