Պետրոս Ղափանցի. Հայ ազատագրական շարժման նախակարապետ՝ տաղերգակն ու աշուղը

մարտ 20, 2014 - 11:10        Viewed: 2144       

 

Մարտի 20-ին հայ ժողովուրդը ոգեկոչում է հայ ժողովրդի պայծառ դեմքերից մեկի` Պետրոս Ղափանցու վախճանման տարելիցը: 230 տարի առաջ, Փոքր Ասիայի հնամենի հռոմեական (արևելյան) մայրաքաղաք Նիկոմեդիայում, վախճանվեց Հայաստանյան Եկեղեցու երախտաշատ այս նվիրյալը:

Հայոց Սյունյաց Աշխարհի զավակ էր 1700-ականներին Կապանում ծնված տաղանդավոր բանաստեղծ այս հոգևորականը, որին վիճակվեց կամրջումի բացառիկ դերակատարություն՝ թե՛ հայ դասական գրականությունից դեպի արդի շրջանի անցման, թե՛ հայ ազգային-ազատագրական շարժման նախապատմության գաղափարական խմորումների մեջ:

Պետրոս Ղափանցին հայ գրականության նորարար դեմքերից դարձավ իբրև ժողովրդային այն բանաստեղծն ու երգիչը, որ ներշնչման աղբյուր ունենալով հայ դասական-եկեղեցական բանաստեղծությունն ու Միջնադարյան հայ տաղերգությունը՝ ստեղծեց մեր ժողովրդի լայն խավերին սրտամոտ և հոգեհարազատ բանաստեղծական երգեր։ Սայաթ-Նովայի ավագ ժամանակակիցն էր, որի հետ հայ աշուղական արդի գրականության հիմք դրեց:

Պետրոս Ղափանցին մեծ դեր ու տեղ ունեցավ հատկապես հայ ազատագրական շարժման նախերգանքը շնչավորելու և ժողովրդականացնելու գործի մեջ։ «Վարդ»-ն ու «վարդենի»-ն, Պետրոս Ղափանցու ստեղծագործությամբ, հայոց բազմաչարչար ու փշերով շրջապատված, բայց աննման ու անփոխարինելիորեն գեղեցիկ և բուրումնավետ Հայրենիքի խորհրդանիշը դարձան։ Իսկ «վարդ»-ով ու «վարդենի»-ով հափշտակված «սոխակ»-ի պատկերն ու խորհուրդը անմահացնելով՝ Պետրոս Ղափանցին խորհրդանշեց հայոց Հայրենիքի ու ազգային արժեքներ վերականգնման սիրատոչոր երգիչը :

Պատահական չէ, որ 19-րդ դարի հայոց Ազգային Զարթոնքը բոցավառող արդի հայ գրականության մեծերը՝ Ալիշանն ու Աբովյանը հատուկ տկարությամբ արձագանգեցին և Վարդի ու Սոխակի փոխաբերությամբ Ղափանցու բացած ուղու ջերմեռանդ շարունակողը եղան:

Պետրոս Ղափանցու կենսագրության մասին պահպանվել են միայն կցկտուր տեղեկություններ, առավելաբար նրա կյանքի վերջին տարիների մասին: Կենսագրական առաջին ստույգ տվյալները վերաբերում են 1753-1756 տարիներին, երբ Պետրոս Ղափանցու անունը հիշատակվում է իբրև Ս. Էջմիածնի միաբան։ Նույն հիշատակությունների համաձայն՝ իբրև Կաթողիկոսական Նվիրակ, Պետրոս Ղափանցին հատուկ առաքելություններով ուղարկվել և պաշտոնավարել է Ռումինիայի ու Ղրիմի, ապա՝ նաև Կոստանդնուպոլսի, Ադրիանապոլսի և Արմաշի մեջ:

Կարևորությամբ նշվում է 1772 թ.ին իր վերատեսուչի նշանակումը Ադրիանապոլսում, ուր ծավալել է հոգևորական և գրական-ստեղծագործական բեղուն գործունեություն։ Այդ շրջանում է, որ իր ստեղծած տաղերն ու բանաստեղծությունները ի մի են բերվել  և առանձին հատորով տպագրվել Պոլսում՝ «Գրքույկ կոչված երգարան» անունով:

1780թ.ին, երբ արդեն խոր ծերության էր հասել ՝ կենսագիրների վկայությամբ, Պետրոս Ղափանցին նշանակվել է Նիկոմեդիայի վիճակի (թեմի) առաջնորդ: Իր այդ պաշտոնում չորս տարի գործելուց հետո, Պետրոս Ղափանցին վախճանվեց է 1784թ.ի  մարտի 20-ին, Նիկոմեդիայում:

Մատենագիտական արձանագրությունները նաև  վկայում են, որ Պետրոս Ղափանցին Սիմեոն Ա. Երևանցու ու Ղուկաս Կարնեցի Կաթողիկոսների սերտ գործակիցը եղավ ՝ հայոց ազատագրական շարժման գաղափարը արծարծելու և ժողովրդականացնելու ասպարեզում:

Ոչ միայն իր ժամանակին, այլև հետմահու՝ Պետրոս Ղափանցու տաղերը մեծ տարածում գտան մեր ժողովրդի լայն խավերի մեջ։ Բայց այդ տաղերը  համարվում էին ժողովրդական երգերին և ընդհանրապես հայտնի չէր, որ հեղինակը Ղափանցին է։ Մխիթարյանների «Բազմավեպ» հանդեսը, օրինակի համար, 1847թ.ին տպագրել է Ղափանցու գրչին պատկանող «Ծիլ-ծիլ ոսկի է...» բանաստեղծությունը՝ այն կոչելով ազգային երգ և չիմանալով, թե ո՞վ է նրա հեղինակը: Ավելի ուշ Հ. Սիմեոն Երեմյանը ևս, իր «Ազգային դեմքեր» շարքում՝ մեջբերելով «Ծիլ-ծիլ...» երգից մեկ տուն, գրել է.- «Ժողովրդի բերանում զանազան կերպով երգված է բլբուլի այս երգի մի պատառիկը... Ինքը Տեր-Մինասյան վարդապետն է, որ մեր բնագավառի գեղջուկ բերանից լսել է տալիս Երգ-Երգոցի նման աննման այս սիրուն գեղոնը»:

19-րդ դարի վերջերին էր, որ Պետրոս Ղափանցին ըստ արժանվույն ճանաչումի արժանացավ։ Խրիմյան Հայրիկն իր հուշերում պատմում է, թե շատ հաճելի  է երգել Պետրոս Ղափանցու և Նահապետ Քուչակի տաղերը: Իսկ պատմաբան Լեոն  նշում է, որ Ղափանցու «երգերից շատերը լայն ժողովրդականություն ստացան և մի քանիսը երգվում էին մինչև 19-րդ դարի վերջերը»:

Բացառապես Խաչատուր Աբովյանն էր քաջածանոթ Պետրոս Ղափանցու ժառանգության և բանաստեղծություններ է հյուսել  նրա տաղերի եղանակով՝ հիշատակելով որ «Ղափանցին ուներ քնքույշ և գորովալից սիրտ»: Իսկ Ղափանցու մասին առաջին գիտական հոդվածը նկատվում է բանասեր Նիկողոս Քարամյանի կողմից 1895թ.ին տպագրված ուսումնասիրությունը։ Այնուհետև, Հրանտ Ասատուրը 1904թ.ի «Արևելյան Մամուլ»-ի էջերում տպագրել է «Մոռացված մի բանաստեղծ» հոդվածը, ուր բարձր է գնահատվել Պետրոս Ղափանցու ստեղծագործությունը.- «Ներդաշնակության զգացումը, որ այնքան կարևոր ձիրք է քերթողի համար, Ղափանցու մեծագույն հատկությունն է: Մի տեսակ երաժշտություն է դրել շատ  քերթվածքների մեջ և բառերի գեղեցիկ զուգադրություններ, որոնք կարող են մրցել նույնիսկ 19-րդ. դարի ամենից նուրբ հայ բանաստեղծների հետ»:

Պետրոս Ղափանցու գրական ժառանգությունը կազմում են կրոնական-բարոյակրթական, խրատական, ազատասիրական, հայրենիքի և բնության (վարդի և սոխակի) քնարական հարյուր բանաստեղծություն, մեկ երկարաշունչ բանաստեղծություն և ավելի քան վաթսուն երկտող ու քառատուն զանազան բնույթի ստեղծագործություններ:

Իսկ ազգային-հայրենասիրական ներշնչումով ստեղծված իր տաղերի և բանաստեղծությունների մեջ, Ղափանցին ոչ միայն հայոց փառապանծ անցյալին և արժեքներին տեր կանգնելու հորդորներն ու խրատներն է արտահայտում, այլև հայոց ինքնուրույն պետականությունը վերստեղծելու պահանջի դրոշակակիրն է ՝ Ս. Էջմիածինը դիտելով իբրև Հայաստանի ինքնուրույնության խորհրդանիշ։ Այդ իմաստով՝ ջերմեռանդ հավատացյալի և ըմբոստ հայրենասերի հոգեկան պոռթկումն է Ղափանցու «Խնդիր և աղաչանք, բողոք և հառաչանք...» բանաստեղծությունը, որ նկատված է «այն սահմանը, որից հետո կարծես թե բաժանվում են կրոնավոր ողբացողն ու ազատասեր, ըմբոստ, աշխարհիկ երգիչը» 

«Առ ազգն իմ պատվելի խորհրդաբար նշանակությամբ վարդի», «Դարձյալ առ ազգն իր սիրելի», «Վշտակրությունից հայրենյաց մերոց ի դեմս զանազան նմանությունների», «Գարնանից Բյուզանդիա, որ խորհրդաբար ակնարկում է մինչ նրա բնակիչները », «Առ ազգն իր սիրելի», «Դարձյալ Կոստանդնուպոլսից ի դեմս վարդի  բլբուլի, որում զանազան նմանություններ մակացություններից ստորագրում են ներբողաբար» և Ղափանցու մյուս տաղերը հայոց քաղաքական-ազատասիրական աշխարհիկ երգերի արդի ժամանակաշրջանի առաջին թրթռացումներն են:

 

Օրացույց