Ճգնաժամային Տեղեկատվություն

մարտ 28, 2014 - 11:41        Viewed: 1694       

Հալեպից ու Դամասկոսից մինչև Ղրիմ, անցնելով Իրաքից և Եգիպտոսից Քեսաբ վերադառնալու համար, ապահովական ցնցումներն ու նրանց զուգակցված քաղաքական իրադարձությունները մեկնաբանելը հայկական լրատվական միջոցների համար հավելյալ ճիգ, կենտրոնացում, մաքրազտման մեքենականություն և արհեստավարժ համապատասխան աշխատանք է պահանջում:

Ոչ միայն այն պարզ պատճառով, որ այս թեժ կետերը առնչվում են նաև հայկական գործոնի հետ կամ էլ այն բնական մղումի բացատրությամբ, որ այնտեղ կան հայկական համայնքներ:

Քաղաքագիտական անառարկելի տեսություն է, որ պատերազմներին ընկերակցում է տեղեկատվականը և հատուկ ծառայությունները լրատվականների հետևում կանգնած ղեկավարում են այդ ոլորտի պատերազմը: Այս տեսությունը միայն պատերազմների պարագայում չէ, ընդհանուր հասկացողություն է. պարզապես թեժացումը բնականաբար արձանագրվում է լարված իրավիճակների կամ ռազմական ընդհարումների ընթացքում:

Հայկական կողմի համար ճգնաժամային տեղեկատվությունը անպայման նկատի պիտի ունենա բազմագործոնային հանգամանքներ: Նախ այն անշուշտ, որ պիտի սահմանազատի քարոզչականը լրատվականից: Անկախ մամուլ հասկացողությունը այսօր հեքիաթային բնութագիր ունի, և որևէ լրատվամիջոց իր առջև գերխնդիր չի դրել միայն ճշմարիտը, զուտ առարկայականը ընթերցող լսարանին հասանելի դարձնելու հրամայականը: Սա բացառապես տեսություն է, որ որևէ առարկայացում չի գտնում որևէ միջավայրի մեջ: Խնդիրը ուրեմն հնարավոր առարկայականությունը պահելու հմտության մեջ է կայանում: Քարոզչական հզոր մեքենաների արտադրանքների ուղղվածությունը հասկանալու, քարոզչական թիրախը ըմբռնելու և ըստ այդմ լուրի վերարտադրման չափը ճշտելու և տալու: Հաճախ այնքան համատարած տարողություն է ստանում այդ արտադրանքի լրագրական շուկայացումը, որ դժվար է թվում շուկայի ճշտած օրինաչափությունից հեռու մնալու փորձությունը: Այսպես է, որ Սիրիայի դեպքերի լուսաբանման խաղի կանոնները, հաճախ ճշտված Արևմուտքից, երբեմն Ռուսաստանից,  գրավում են տեղեկատվական տարածքները:

Պատահում է` այս թոհուբոհի մեջ , որ լրատվական կողմնակի թիրախի է վերածվում հայությունը: Ընդհանրապես խուճապային իրավիճակների մատնելու նպատակը հետապնդող ապատեղեկատվությունները տարբեր աղբյուրներ ունեն: Երբեմն անորոշ կայքեր են մեջբերվում, այլ պարագաների հղում է կատարվում տվյալ լրատվամիջոցի, որի սկզբնաղբյուրն ու պատկանելիությունը անհստակ են լինում` ոլորապտույտի մեջ ձգելով լուրի վավերականությունը ստուգել փորձող մամուլի որևէ ներկայացուցչի: Մինչ այդ, սակայն, լուրը կրկնօրինակվում է,  պատճենահանվում է, երբեմն էլ  համեմվում է ցանկալի մեկնաբանություններով և շրջանառությունը բազմապատկվում է: Բացառված չէ այս պարագաներում, որ շրջանառության մեջ դնող ու անմիջապես անհետացող լրատվամիջոցը մեր հակառակորդներին ուղղակի կամ անուղղակի ներշնչումն ունի:

Նման օրինակները բազմաթիվ են: Ճգնաժամային տեղեկատվությունը հատկապես հայկական լրատվամիջոցների համար արագ ու զգայացունց լինելու մղումներով չպետք է հատկանշվի: Այստեղ կա իրավիճակին տեր կանգնելու, խուճապային տրամադրությունների ստեղծման առաջն առնելու, զուսպ ու հավասարակշիռ մոտեցումի վարքագիծը որդեգրելու և մանավանդ արտակարգ իրավիճակներում  հայտնված մեր հայրենակիցների անվտանգությունը գերադասելու անհրաժեշտությունը:

Հայկական ճգնաժամային տեղեկատվությունը ինքնակազմակերպվելու, աշխատակարգը ճշտելու անմիջական անհրաժեշտության առջև է:

Աշխարհաքաղաքական իրադարձությունները հուշում են, որ Ղրիմից մինչև Քեսաբ և տակավին այլ հայաշատ միջավայրեր հայկական գործոնի հետ առնչված լրատվությունները ներկայացնելու և մեկնաբանելու նուրբ խնդիր ունի հայ տեղեկատվական դաշտը տակավին երկար ժամանակ: Մինչ այդ հայության հետ կապված որևէ լուրի վավերականությունն ու ճշմարտացիությունը ստուգելու համար բացառապես պետք է հենվել տեղի հայկական պաշտոնական լրահոսի փոխանցած տեղեկատվության վրա` այնտեղ նկատելու համար ճշտված շեշտադրումները, տարողություններն ու չափերը: Ամպագոռգոռությունից, զգացականությունից և մանավանդ քարոզչական առավելություններ շահելու փորձություններից հեռու մնալը այս պարագայում ոչ միայն լրագրական օրինաչափություն է, այլեւ անվտանգության հետ կապված լրջագույն խնդիր:

 ԱԶԴԱԿ օրաթերթ

Օրացույց