Վանա Իշխան. Հայ հեղափոխականի ու ազատամարտիկի օրինակելի կերպարը

ապրիլ 03, 2014 - 10:47        Viewed: 2171       

Հայ ժողովրդի դեմ Թուրքիայի գործադրած ցեղասպանության պետականորեն ծրագրման ու կազմակերպման նախանշաններից մեկը տրվեց 1915թ.-ի այս օրը՝ Ապրիլի 3-ին, երբ Վանի կուսակալ Ճևտեթ Բեյի սադրանքով դավադրաբար սպանվեց Վանա Իշխանը՝ իր երեք զինակիցներով:

Սակայն, Վանից դուրս՝ Պոլսում թե այլուր, իբրև այդպիսին չընկալվեց հայ ազգային-ազատագրական շարժման Գաղափարի Մարտիկի ու հայկական հեղափոխության մարտունակությունը խորհրդանշող հսկայի դեմ կատարված պետական ոճրագործությունը:

Վանա Իշխանը Հայկական Հեղափոխության անընկճելիությունը խորհրդանշող՝ անպարտելի՛ մարտիկ էր նաև թուրքական իշխանությունների աչքին։ Օսմանյան Սահմանադրության հռչակումից առաջ թե հետո, 1904-ից սկսած և ամբողջ 11 տարի, Արցախի ծնունդ այս դյուցազնը անվեհեր գործեց Վանում, հատկապես Վասպուրական աշխարհի գավառի ու գյուղերի վրա կենտրոնացնելով իր հեղափոխական ծավալուն գործունեությունը՝ եկող-գնացող թուրք կուսակալների, ոստիկանապետների և նրանց հետ գործակցող քուրդ հրոսակների «աչքի փուշ»-ը դառնալով...

Արամ Մանուկյանի իսկ վկայությամբ՝ Իշխանը «զարմանալի ղեկավարելու, թելադրելու, կազմակերպելու շնորհ ուներ։ Նրանից պատկառում էին նաև Վանի մեր ընկերներն ու զինվորները։ Իսկ ժողովուրդը ո՛չ միայն պատկառում էր, այլև՝ սիրում։ Արդեն սկսել էին երգել նրա քաջագործությունները՝ «Իշխանը եկավ, ձեռքին մաուզեր...»: Կա՛րճ ասած` իմ Վան մտած ժամանակ Իշխանը, կարելի է ասել, ամենահեղինակավոր զինվորական հեղափոխականն էր»:

Հայ ժողովրդի հեղափոխական ծառացումի, ազգային-ազատագրական պայքարի և համաժողովրդային ինքնապաշտպանության իրավ իշխանը եղավ նա հայության ամեն կարգի թշնամիներին պատուհասող իսկական հոգեառ հրեշտակը:

Ծնվել է Արցախի միջնաբերդ Շուշիում 1883թ.-ին՝ Նիկոլ Միքայելյան անունով։ Հաճախել է տեղի Թեմական վարժարանը, ուր պատանի տարիքից դրսևորել է քաջ, անվեհեր և ըմբոստ իր նկարագիրը։ Իր ըմբոստության հետևանքով՝ վտարվել է Շուշիի Թեմականից, բայց ուսումնատենչ և ընդունակ լինելով՝ Իշխանն իր ուսումը շարունակել է Երևանի Թեմական վարժարանում:

Աշակերտական տարիներին, Շուշիում, ծանոթացել է Արամ Մանուկյանի հոտ՝ մասնակցելով Արամի կազմած աշակերտական ինքնազարգացման ու հեղափոխական խմբերին:

Արամի և Իշխանի միջև ստեղծվեց գաղափարական խոր մտերմություն, որը մինչև վերջ շարունակվեց և պատահական չէր, որ Իշխանը կրնկակոխ հետևեց Արամի՝ իր պես հեղափոխական իր գործունեությանը նախ Ալեքսանդրապոլից սկսելով, ապա՝ Կարս անցնելով և, վերջապես, Վանում հաստատվելով:

Հազիվ 20 տարեկան էր Իշխանը, երբ 1903թ.ին միացավ ռուս-թուրքական սահմանը հատող Նևրուզի զինատար խմբին՝ Սասունին զենք և կռվող ուժ հասցնելու առաքելությամբ։ Արշավախումբը իր ճամփի վրա ընդհարումներ ունեցավ, և Իշխանը եղավ այն քչերից, որոնք կարողացան փրկվել։ Այդպես, կրակի իր մկրտությունը ստացավ Իշխանը:

1904թ.ին հայդուկը մուտք գործեց Վասպուրական աշխարհ և շատ արագ ընտելացավ թե՛ Երկրին, թե՛ ժողովրդին։ Մտավորական ու գաղափարական հիմնավոր իր պատրաստությամբ, մարտական ղեկավարի իր ընդունակությամբ, կազմակերպական իր տաղանդով և, մանավանդ, ժողովրդական լայն խավերի հետ հաղորդակցվելու՝ ինքնավստահություն և ապահովություն ներշնչելու իր բնատուր շնորհքով, նա արժանավորապես դարձավ Վանա Իշխանը:

Վանա Իշխանի ուղղակի անձնական ձեռակերտը հանդիսացավ Վասպուրականի Հ.Յ.Դ. Լեռնապարի կազմակերպությունը, որն Իշխանի ղեկավարությամբ ոչ միայն կարողացավ դիմադրել Օսմանյան Սահմանադրությունից առաջ թե հետո շրջանի հայությանը սպառնացող վտանգներին, այլև 1915թ.ի Վանի հերոսական ինքնապաշտպանության առանցքը դարձավ:

Հետևողական և անդուլ անձնվեր աշխատանքի գնով՝ Իշխանն իրագործեց Լեռնապարի ուժեղ կազմակերպությունը։ Շրջվեց և եղավ բոլոր գյուղերում, ինքնազարգացման խմբեր կազմեց, զինավարժություն սովորեցրեց, «Աշխատանք» թերթը հրատարակեց և խմբագրեց, բայց մանավանդ հղացավ, ծրագրեց ու իրագործեց Տարոն աշխարհին «Ծծման եղանակով» զենք ու կռվող ուժ հասցնելու աշխատանքը:

Ինչպես որ Վանի 1915թ.ի հերոսամարտի առաջապահներից և հետագա պատմագիրներից Օննիկ Մխիթարյանն է վկայում ՝ «...Եվ հայ գյուղից ու գյուղացուց Իշխանը չբաժանվեց ամբողջ տասնմեկ տարիներ։ Եվ Իշխանի եղերական մահը նորից նույն գյուղի և գյուղացու համար եղավ։ Հպարտ ու ասպետ, հանդուգն ու վճռական, ճարպիկ ու վարպետ, մարդկային գրեթե բոլոր լավագոյն ընդունակություններով էր օժտված Իշխանը։ Զարմանալի կերպով թելադրել, ղեկավարել, կազմակերպել գիտեր։ Ինքը հավատավոր էր և գիտեր ներշնչումի ու հավատքի մեջ պահել իր շրջապատին, իր զենքի ու գաղափարի ընկերներին, իր աշակերտներին, ամբողջ գյուղացիությանը։ Գիտեր պատկառանք ու անվերապահ հարգանք ազդել ոչ միայն իր գործի, այլև իր անձի շուրջ։ Գիտեր ամենակարևորը՝ կարգապահության մեջ պահել կուսակցական շարքերը։ Կարգապահություն, որը ոչ թե կույր է, այլ գիտակցական»:

Հատկապես Օսմանյան Սահմանադրության հռչակումից հետո մեծ եղավ Իշխանի ներդրումը՝ Վասպուրական Աշխարհի հայության ինքնապաշտպանության կռվանները ամրակուռ պահելու, զենքերը վար չդնելու և վատագույն հավանականություններին  պատրաստ գտնվելու վարքագծի պահպանման ուղղությամբ։ Այդ պատճառով էլ, իթթիհատականների իշխանության շրջանում ևս, տեսնելով 1908թ.ի Օսմանյան Սահմանադրության հռչակումով շեփորված ազատության և եղբայրության խոստումների նկատմամբ Իշխանի վերապահությունը, Վանի կուսակալն ու թուրք պաշտոնատարները շարունակ որոճացին Իշխանի «չեզոքացման» դավադիր ծրագիրներ:

«Պատեհ» առիթը նրանք նախապատրաստեցին... Նախ՝ Շատախում հայ-քրդական բախումներ հրահրեցին. ապա՝ Իշխանից խնդրեցին, որ իր հեղինակությունն ու վարկը գործածելով՝ գնա ու այնտեղ հաշտեցնի կողմերին։ Իշխանը երեք զինակիցներով, Ապրիլի 3-ին, հասավ Հիրճ գյուղը և իջևանեց վաղեմի իր քուրդ ծանոթի՝ Քյարիմ Օղլի Ռաշիդի տանը։ Դավադրությունը մանրամասնորեն սադրված էր. Իշխանն ու իր երեք զինակիցները, տանտիրոջ և ոստիկանապետի հետ հազիվ էր հացի նստել, երբ ներխուժեցին կուսակալ Ճևտեթ Բեյի ուղարկած 12 ձիավոր չեթեները, անմիջապես կրակ բացեցին և տեղնուտեղը սպանեցին հաշտության համար եկած Իշխանին ու ընկերներին:

Այլ եղանակով՝ առանց սադրանքի ու դավադրության, կարելի չէր պարտության մատնել Վանա Իշխանի խիզախությամբ և մարտունակությամբ դյուցազնին: Ճիշտ է, անարգ դավադրությունը կտրեց հազիվ 32 տարեկան դաշնակցական հսկայի կյանքի թելը, բայց իր մահով անգամ Վանա Իշխանը միավորեց Վանի հայության բոլոր շերտերին ու հոսանքներին, որպեսզի վերջնականապես գիծ քաշեն թուրքական իշխանությունների վրա և փարեցին սեփական ինքնապաշտպանության զենքին՝ մթության մեջ կազմակերպվող մոտալուտ Հայասպանությանը դիմագրավելու և ձախողության մատնելու համար:

Անզուգական Իշխանի հիշատակին նվիրված ոգեկոչման այս հակիրճ էջը արժէ պսակել երկու վկայությամբ:

Առաջինի հեղինակը Վանա Իշխանի պատրաստած հեղափոխականներից և Վանի երիտասարդ գործիչներից Հմայակ Մանուկյանն է.

-«Այնքան անակնկալորեն ու այնքան վայրկենական կատարված Իշխանի եղեռնական մահը ստեղծեց պահանջված պահը: Ամենքը՝ հեղափոխականն ու պահպանողականը, ծերն ու երիտասարդը, կուսակցականն ու չեզոքը, կինն ու երեխան, բոլորը, բոլորը, մեկ վայրկյանում, հոգեբանական զսպանակի ուժով զգացին, որ զենքը ձեռքին պաշտպանվելուց զատ՝ չկա ուրիշ միջոց։ Իշխանի մահը եղավ հասարակական բոլոր ուժերը շաղկապող, զօդող օղակը, հանրային բոլոր կարողությունների, այն մի մարտկոց եղավ և մեր դիմադրական ուժի բոլոր ակերը բացեց մեկ կետի վրա։ Իշխանի մահը եղավ երկաթյա այն հարվածը, որը դարբնեց բոլոր կարողությունները և նրանցից ստեղծեց մի հզօր ու ապառաժյա կամք` Ցեղի գոյությունը պահելու և հաղթանակելու անհողդողդ մի որոշումով»:

Երկրորդ վկայությունը պատկանում է հռչակավոր հրապարակագիր Մանուկ Ասլանյանին, որը 1921թ.ի ապրիլի  21-ի համարով Պոլսոյ «Ճակատամարտ»ի Վանա Իշխանի գործն ու արժեքը խտացնում է նրա թե՛ մարտական, թե՛ մտավորական գործչի եզակի համադրումի ու ամբողջական կերպարի մեջ.

-«Մեկը այն լուսագեղ աստղերից, որ այնքան շքեղորեն զարդարում է Վանի փառավոր հեղափոխության երկնակամարը:

«...Վայրենաբարո քուրդերի ոճրագործ բնազդները զսպողը ռազմիկ Իշխանի հռչակված համբավն էր:

«Կար նաև մտավորական Իշխանը, որ սրի հետ միասին ձեռքի մեջ պտտում էր նաև լուսավորության ջահը:

«Աղթամարի հարուստ Վանքը մաքրելուց հետո մակաբույծ տարրերից, այնտեղ հաստատեց նախակրթարան-ուսուցչանոց, որը Վասպուրականի ամբողջ շրջանի մտավորական վառարանը եղավ։ Այնտեղից դուրս եկան այն երիտասարդ ուսուցիչները, որոնք գյուղերի մեջ ցրված, մեկ կողմից հայ մանուկին սովորեցնում էին գրել և կարդալ, մյուս կողմից էլ հայ գյուղացու մեջ դնում զենքի և կռվի պաշտամունքը:

«Կրթությունը պարտավորիչ էր, ամեն գյուղ առանց այլևայլի ունենալու էր իր սեփական դպրոցը՝ վայ եկած էր այն գյուղին, որը կթերանար այս պարտականության մեջ։ Իշխանը կար. ամբողջ քրդությանը ծունկի բերող նրա հռչակված սարսափը անխնա էր նաև հայի համար, երբ նա խոսք չէր հասկանում և փորձում էր խոչընդոտ հանդիսանալ ազատագրական շարժմանը:

«Իր գրիչը եղավ հատու ինչպես իր սուրը, խոսքը՝ տիրական և հեղինակավոր, ինչպես իր զինվորական համբավը»:

Օրացույց