Անկախության ձեռք բերման ճանապարհին. 1989թ.ի ապրիլի 9

ապրիլ 09, 2014 - 11:13        Viewed: 2034       

Մարդկության ամբողջ պատմությունն ապացուցում է, որ ազտությունն ու անկախությունը կարելի է ձեռք բերել միայն պայքարի ճանապարհով: Այլ բան տրված չէ: Եվ միայն նա, ով կգիտակցի և կընդունի այդ պարզ ճշմարտությունը, անկախ դառնալու հնարավորություն կստանա: 

1989թ.ի ապրիլի 9-ին, 25 տարի առաջ Թբիլիսիի Ռուսթավելի մայրուղու վրա  կատարվեց մի իրադարձություն, որը փաստացիորեն Վրաստանի անկախության հռչակման հիմքը դրեց: 1989թ.-ի ապրիլի 4-ին Թբիլիսիի Խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին զանգվածային ցույցերը` Վրաստանի` ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և Վրաստանի պետականության վերականգնման պահանջով: Ցուցարարների մի մասը հացադուլ էր հայտարարել: Խորհրդարանի շենքի մոտ հավաքված հազարավոր մարդիկ ձեռքներին բռնել էին Վրաստանի Առաջին Հանրապետության դրոշը: Հենց այնտեղ ցույցի ժամանակ հնչեց կարգախոս, որը հետագա ժամանակներում և տարիներ ի վեր դարձավ վրացական ազգային շարժման կարգախոսը. «Լեզու, Հայրենիք, Հավատ»:

5 օր անց Խորհրդարանի շենքի մոտ բազմահազարանոց հանրահավաքների սկսվելուց հետո 1989թ.ի ապրիլի 9-ի վաղ առավոտյան Ռուսթավելի պողոտայի վրա հայտնվեցին խորհրդային զինվորականները, որոնց հրամանատարն էր գեներալ Ռոդիոնովը: Սկսվեց հանրահավաքի ցրումը: Ցրման ընթացքում խորհրդային զինվորների կողմից անզեն ցուցարարների դեմ օգտագործվեցին տանկեր, թունավոր գազեր, մահակներ և սակրավոր բահեր: Այդ արյունոտ առավոտյան 21 մարդ իրենց կյանքը դրեցին երկրի ապագա Անկախության խորանին: Բայց նրանց մահն իզուր չէր: Հենց ապրիլի 9-ի դեպքերից հետո բոլորին հայտնի դարձավ, որ Վրաստանի անկախության ձեռքբերումն անխուսափելի է և ընդամենը ժամանակի հարց է: Եվ այդպես էլ եղավ: 1991թ.ի մարտի 31-ին այն ժամանակ դեռևս Խորհրդային Վրաստանում անցկացվեց ռեֆերենդում Վրաստանի անկախության հռչակման վերաբերյալ: Վրացական Խորհրդային Հանրապետության բնակչության 98%-ը` վրացիներ, աբխազներ, հայեր, օսեր, ադրբեջանցիներ և այլ ժողովուրդներ, քվեարկեցին Անկախության օգտին:

25 տարի առաջ 1989թ.ի ապրիլի 9-ին Վրաստանի ժողովուրդն ապացուցեց ամբողջ աշխարհին, և առաջին հերթին ինքն իրեն, որ ուզում է անկախ լինել: Ցանկանում է ինքնուրույն գրել իր պատմությունը և կառուցել իր պետությունը: Այդ իսկ պատճառով էլ ապրիլի 9-ը ոչ միայն զոհվածների հիշատակի վշտի օր է, այլև ուրախության: Օր, որը կանխագուշակեց վրացական պետականության վերականգնումը:

 

Վաղ առավոտյան Վիրահայոց Թեմի բոլոր եկեղեցիներում կայացավ 1989թ.ի ապրիլի 9-ի խաղաղ զոհերի հիշատակի հոգեհանգստի արարողություն: Իսկ Թբիլիսիում Վիրահայոց Թեմի պատվիրակությունը այցելեց ապրիլի 9-ի զոհերի հուշահամալիր և դրեց սգո ծաղկեպսակ թեմի և ծխականների անունից:


Օրացույց