Իրադարձությունների կարճ ակնարկ

հունիս 01, 2014 - 10:34        Viewed: 1775       

Շաբաթվա իրադարձությունների կարճ ակնարկ

(մայիսի 26 – հունիսի 1, 2014թ.)

 

ՎՐԱՍՏԱՆ

Մայիս ամսվա ընթացքում Վրաստանում գրանցվել է մենինգիտ հիվանդության 306 դեպք: Հիվանդությունների և հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնի տեղեկությունների համաձայն` մինինգիտով հիվանդ դեպքերի մեծ մասը գրանցված է Թբիլիսիում` 169 դեպք, Քութայիսիում` 51, Աջարիայում` 18 և 11 դեպք Ռուսթավիում: Վիճակագրության համաձայն հիվանդների մեծ մասը 5-9 տարեկան երեխաներ են: Մինինգիտի էպիդեմիան կանխելու նպատակով նախադպրոցական հաստատությունները և դպրոցների տարրական դասարանները ժամանակավորապես դադարեցրել են իրենց աշխատանքները:

«Ահա արդեն 23 տարի է, Վրաստանը անկախ պետություն է: Մեր պարտքն է պահպանել այդ անկախությունը և ամեն գնով պաշտպանել մեր երկրի ինքնիշխանությունը: Մենք հնագույն պատմությամբ ժողովուրդ ենք: Պատմականորեն մենք եվրոպական ազգ ենք, և այդ իսկ պատճառով մենք կառուցում ենք եվրոպական տիպի ժողովրդավարական պետություն: Կառուցում ենք այնպիսի պետություն, որին մենք արժանի ենք: Քաղաքակիրթ պետության ուժը առաջին հերթին նրա ժողովրդավարական համակարգերի ուժի մեջ է կայանում, և նման համակարգերի ստեղծումը մեր Կառավարության պարտականությունն է: Պետությունը պետք է ապահովի օրենքի գերակայությունը և երկրի բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը: Քաղաքացիների պաշտպանությունը և յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ապահովումը կարևորագույն արժեք է, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը Վրաստանում էլ գործի», -Վրաստանի անկախության առթիվ իր ելույթում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«2004-2005թթ. Բիձինա Իվանիշվիլին Ֆիլիպս և Սիմենս ընկերություններից 35 միլիոն դոլարով գնել է լսողական համակարգեր: Գնված համակարգերը Իվանիշվիլին փոխանցել է նախկին Ներքին գործերի նախարար Մերաբիշվիլուն, և հենց այդ համակարգերով էլ տեղի են ունեցել քաղաքացիների համընդհանուր լսումները: Մինչդեռ Իվանիշվիլին իրեն է թողել համակարգերի մի մասը և ինքն անձամբ լսել է Սահակաշվիլուն և Մերաբիշվիլուն: Այդ կերպ լսումների հարցում «ինքը սատանան» գլուխ չի հանի, թե ո՞վ ում է լսել և լսում», -մայիսի 27-ին հայտարարել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:

Վրաստանի նախագահը Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիրը ստորագրելու լիազորությունը փոխանցել է երկրի վարչապետին : «Ինչպես գիտեք, հունիսի 27-ին Վրաստանը պետք է ստորագրի Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիր: Այդ պայմանագիրը շատ մեծ նշանակություն ունի մեր երկրի համար: Կառավարությունը որոշել է, որ պայմանագիրը կստորագրի երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Որպեսզի վարչապետը կարողանա ստորագրել այդ պայմանագիրը, և որևէ մեկի մոտ հարց չառաջանա նրա ստորագրության լեգիտիմության վերաբերյալ, նախագահը որոշել է վարչապետին փոխանցել Վրաստանի անունից միջազգային պայմանագրերը ստորագրելու իր սահմանադրական իրավունքը», -մայիսի 27-ին հայտարարել է Վրաստանի նախագահի Խորհրդարանական քարտուղարը: Նախագահի` Եվրոպայի հետ պայմանագիր ստորագրելու իրավունքը վարչապետին փոխանցելու որոշման կապակցությամբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է հետևյալը. «Իրականում ինձ պետք չէ որևէ մեկի լրացուցիչ թույտվությունը և որևէ լրացուցիչ իրավունք Եվրամիության հետ ասոցացման մասին պայմանագիր ստորագրելու համար: Բոլոր անհրաժեշտ իրավունքները ես արդեն ունեմ: Եվ այդ իրավունքներվ ինձ լիազորել է երկրի Կառավարությունը», -հայտարարել է վարչապետը: Հիշեցնենք, որ երկրի Սահմանադրության համաձայն` նախագահն է երկիր ղեկավարը, և նա է լիազորված ներկայացնել երկրի շահերը միջազգային կառույցներում:

«Վրաստանում ապրում է 600 000 քաղաքացի, որը չունի անձը հաստատող փաստաթուղթ: Քանի որ այդ մարդիկ չունեն անձնագիր, բնականաբար, նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին և չեն կարող լիարժեքորեն օգտվել երկրի քաղաքացու իրավունքներից», -մայիսի 28-ին հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը:

Մայիսի 28-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի վարչապետների հետ համատեղ ելույթով է ներկայացել. «Ես շատ ուրախ եմ, որ այսօր մեզ հյուրընկալում են Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի վարչապետները: Այդ երեք երկրներն էլ ուզում են Գերմանիայի հետ լինել նեղ հարաբերությունների մեջ: Ես շատ ուրախ եմ, որ չնայած բոլոր դժվարություններին` Ուկրաինայում, այնուամենայնիվ, կայացան նախագահական ընտրությունները, և ուրախ եմ, որ այսօր երեք երկրներն էլ պատրաստ են ստորագրել Եվրոպայի հետ ասոցացման մասին պայմանագիրը: Այդ պայմանագրի ստորագրումը ենթադրում է պետական մակարդակով ժողովրդավարական բարեփոխումների անցկացում, և ես կարծում եմ, որ այդ բարեփոխումները դրականորեն կանդրադառնան այս երեք երկրներից յուրաքանչյուրի վրա: Իր հերթին Եվրամիությունը միշտ կմատնանշի Ռուսաստանին իր պարտականությունները: Մենք ուզում ենք, որպեսզի բոլոր քաղաքացիներն իմանան, թե ինչ ճանապարհով են անցնում իրենց երկրները», -մայիսի 29-ին հայտարարել է Անգելա Մերկելը:

Մայիսի 29-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ «Ազատության խարտիայի» հանձնաժողովի առաջին նիստը: Նոր ստեղծված հանձնաժողովի կազմում են ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից մեկական ներկայացուցիչ: Հանձնաժողովի աշխատանքի նպատակն է Ազատության խարտիայի համաձայն այն անձանց գործունեության սահմանափակումը, որոնք խորհրդային իշխանության տարիներին գաղտնի համագործակցում էին ԽՍՀՄ-ի հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև սահմանափակել այն մարդկանց լիազորությունները, որոնք խորհրդային իշխանության տարիներին զբաղեցրել են բարձր պետական և կուսակցական պաշտոններ: Հանձնաժողովի գործառույթներում մտնում է նաև կոմունիստական և ֆաշիստական գաղափարախոսության դեմ պայքարը:

Մայիսի 29-ին երկօրյա այցով Վրաստան է ժամանել Ադրբեջանի Պաշտպանության նախարարը: Այցելության առաջին իսկ օրը ադրբեջանական պատվիրակությունը անցկացրել է փակ բանակցություններ Վրաստանի Պաշտպանության նախարարությունում: Տարածված տեղեկության համաձայն` ադրբեջանական կողմը հետաքրքրվել է Վրաստանում արտադրվող ռազմական տեխնիկայով: Վրաստանի պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիպումներից հետո ադրբեջանական պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ: Հանդիպման արդյունքում կողմերը հայտարարել են, որ քննարկել են փոխադարձ համագործակցության հարցեր, ինչպես նաև նշել են, որ կողմերը կխորացնեն համագործակցությունը ռազմական-տեխնիկական և արդյունաբերության բնագավառներում: Հանդիպման ընթացքում կողմերը նաև քննարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի միջև եռակողմ ռազմական համագործակցության հարցերը: Ինչպես նաև ծրագրել են տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային ենթակառույցների (նավթ և գազի խողովակաշարեր -խմբ.) պաշտպանության համատեղ ռազմական զորավարժություններ: Վրաստանի նախագահի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարի միջև հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, Գլխավոր Շտաբի և Վրաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Վրաստան կատարած այցելության ավարտին Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ, որի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջև ռազմական-տեխնիկական համագործակցության և Վրաստանում արտադրվող ռազմական տեխնիկայի հարցեր:

Մայիսի 30-ին ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը որոշում է ընդունել, որտեղ կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին իրագործել 2008թ. Բուխարեստյան գագաթաժողովի որոշումը և փոխանցել Վրաստանին Ալյանսի հետ անդամակցության գործողությունների ծրագիրը(MAP): 

«Եթե Վրաստանի քաղաքացիները տեսնեն, որ դեպի ՆԱՏՕ ճանապարհը փակ է, բնականաբար, նրանց մոտ հարց կառաջանա, թե ինչո՞ւ էին իրենք այսքան ժամանակ գնում այդ ճանապարհով: Այդ հարցին կհետևի մեկ ուրիշ հարց` եթե ոչ ՆԱՏՕ-ն, ապա ո՞վ կպաշտպանի Վրաստանին տարածաշրջանային մարտահրավերներից: Մեզ պետք է ՄԱՊ-ի գործողությունների ծրագիրը, և հետագայում ՆԱՏՕ-ում անդամակցությունը, որպեսզի սաստկացնենք Վրաստանի անվտանգությունը: Մինչդեռ մենք չենք դիտարկում ՆԱՏՕ-ն և նրա ռազմական պոտենցիալը որպես Վրաստանի տարածաշրջանային ամբողջականության երաշխիք: Համապատասխանաբար, մենք չենք ենթադրում ՆԱՏՕ-ի առերեսումը Ռուսաստանի հետ կոնֆլիկտում», -մայիսի 31-ին հայտարարել է Արտաքին գործերի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն:

 

Օրացույց