Նորից ընտրություններ. Թվեր… և էլի նույն հարցերը

հուլիս 15, 2014 - 09:32        Viewed: 2130       

Նախընտրական արշավից մի քանի ամիս անց և գրեթե մեկ ամիս անդադար ընտրություններից հետո, Թբիլիսի քաղաքն, այնուամենայնիվ, ձեռք բերեց նոր Կառավարություն: Հուլիսի 12-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Դավիթ Նարմանիան հավաքեց  ձայների մեծամասնությունը(72%) և դարձավ նոր քաղաքապետ:

Նոր քաղաքապետի ձեռքբերման հետ միաժամանակ Թբիլիսին ձեռք բերեց նաև նոր Քաղաքական Խորհուրդ` Սակրեբուլո: Ինչպես և ենթադրվում էր, նոր Սակրեբուլոյի կազմը, ինչպես նախորդներինը, Վրաստանի անկախության հռչակումից ի վեր, «միազգանի» է: Բազմազգ քաղաքի, որը միշտ և ամենուր գլուխ է գովում իր եզակիությամբ և մշակութային բազմաձևությամբ, պատգամավորների շարքում չկա որևէ ոչ վրացի պատգամավոր: Նոր Սակրեբուլոյի կազմ են մտել 4 վրացական կուսակցության ներկայացուցիչներ` «Վրացական երազանք»(37 պատգամավոր), «Ազգային շարժում» (7 պատգամավոր), «Բուրջանաձե-ժողովրդավարներ» կուսակցություն (3 պատգամավոր) և «Պատրիոտների ալյանս» կուսակցություն (2 պատգամավոր), և մեկ անկախ թեկնածու Ալեքսանդր Էլիսաշվիլի:

Հուլիսի 14-ին նորընտիր Քաղաքական Խորհրդի առաջին նիստի ընթացքում ընտրվել է Սակրեբուլոյի նախագահը՝ Գիորգի Ալիբեգաշվիլին, մասնագիտությամբ բանասեր, որը տարիներ շարունակ զբաղվել է ուսուցչական գործունությամբ և տվյալ պահին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանին կից Անդրեաս առաքյալի անվան համալսարանի դասախոս է:

Այսպիսով ավարտվեց հերթական ընտրական ցիկլը: Իրադարձությունների զարգացման հաջորդ փուլը սպասվում է արդեն երկու տարի անց` 2016թ.-ին, երբ երկիրը կընտրի նոր Խորհրդարան: Բայց մինչ այդ լավ կլիներ, որ Թբիլիսիում, ինչպես նաև շրջաններում ապրող հայերը եզրակացություներ անեին, վերլուծեին արդեն կայացած ընտրությունների արդյունքները: Քանի որ, եթե այս կամ այն երևույթին չտրվի ճշգրիտ, ռացիոնալ վերլուծության վրա հիմնված գնահատական, ապա մեծ հավանականություն կա, որ այդ երևույթը կկրկնվի: Ամենաքիչը նույն ձևաչափով, եթե չասենք` ավելի բարդ…

Առաջարկում ենք հարգելի ընթերցողին սկսել վերլուծության գործընթացը: Շտապելու բան չունենք (բայց մի՞թե), այնպես որ սկսենք ամենապարզից` թվերից:

Հարկ է նշել, որ հուլիսի 12-ին ընտրողների ներկայությունը, Թբիլիսիի ընտրությունների առաջին փուլի համեմատությամբ շատ ավելի ցածր էր:

Փաստորեն, ըստ պաշտոնական տվյալների` 1 175 200 բնակիչ ունեցող քաղաքի համար քաղաքապետ է ընտրել 222 066 մարդ, այսինքն` բնակիչների 18%-ից փոքր-ինչ ավելի: Ավելին: Թվերը էլի մի բանի մասին կարող են խոսել: Երկրորդ թեկնածուն` Նիկա Մելուան, «Ազգային շարժում» կուսակցությունից հավաքել է 84 350 ձայն: Այդ կերպ դժվար չէ հաշվել, որ հաղթանակ տարած Նարմանիայի և պարտություն կրած Մելուայի ստացած ձայների տարբերությունը կազմում է ընդամենը 137 716 ձայն, իսկ դա մոտավորապես քաղաքի ամբողջ բնակչության 10% է:

Չի կարելի չհիշել, որ այդ նույն վիճակագրական տվյալների համաձայն` քաղաքի հայ բնակչությունը կազմում է 82 586 մարդ, ընդհանուր բնակչության 7,63%-ը: Այսինքն, եթե ենթադրենք, որ Թբիլիսիում ապրող բոլոր հայերը ներկայացել են քաղաքապետի ընտրություններին և քվեարկել են թեկնածուներից մեկի օգտին, ապա այդ թեկնածուն  կունենար հստակ առավելություն մյուսների համեմատությամբ: Սզբունքորեն, պատմությունը, իսկ անցած ընտրություններն արդեն պատմություն են, չի սիրում «եթե»-ներ, մինչդեռ եթե շարունակենք ենթադրությունները և օրինակներ բերենք, որոնք ցավոք, դեռևս շատ հեռու են իրականությունից, որում մենք ապրում ենք, ապա կարելի է ենթադրել, որ եթե Թիֆլիսահայությունը առաջարկեր իր անկախ թեկնածուին Համայնքից, ապա լիովին հնարավոր է, որ այդ թեկնածուն ստիպեր նյարդայնանալ շատերին…

Ինչ վերաբերում է Քաղաքական Խորհրդին, ապա եթե բոլոր թբիլիսահայերը կարողանային քվեարկել մեկ քաղաքական ուժի օգտին, իսկ նման բան հնարավոր է միայն այն դեպքում, եթե լիներ քաղաքական կուսակցություն, որը պատրաստ կլիներ հարգել թբիլիսահայերի կարծիքն ու ձգտումները, ապա տվյալ քաղաքական կուսակցությունը Քաղաքական Խորհրդում կստանար նվազագույնը 5-6 տեղ: Բայց այս ամենն այն դեպքում, եթե հաշվի առնվեին երկու կարևորագույն պայման. առաջինը` թբիլիսահայերը քվեարկում են միաձայն, ինչը ենթադրում է, որ նրանք արդեն անցել են մեկ օրգանիզմում` Համայնքում համախմբվելու ճանապարհը: Երկրորդ` Վրաստանում հնարավոր է անցկացնել իրական, ժողովրդավարական ընտրություններ, որի ժամանակ ընտրողների ձայները հասնում են հենց այն թեկնածուին, որի օգտին նրանք քվեարկել են: 

Դե՛ ինչ: Բոլոր դիտորդները միաձայն հայտարարում են, որ Վրաստանում ոչ միայն  հնարավոր է անցկացնել ժողովրդավարական ընտրություններ, այլև դրանք արդեն իսկ անցկացվել են… Մնաց հասկանաք առաջին հարցը` կարո՞ղ ենք արդյոք մենք միաձայն քվեարկել: Ավելի ճիշտ կլիներ այսպիսի հարցադրում անել. Կարո՞ղ ենք արդյոք մենք վերջապես համախմբվել. Ի՞նչն է դրան խանգարում:

 

Օրացույց