Ռուսների առաջին մուտքը Բայազետ. Պատմությունը կրկնվում է, նույնիսկ մի քանի անգամ

հուլիս 16, 2014 - 09:54        Viewed: 2673       

186 տարի առաջ` հուլիսի 16-ին, ռուսական զորքն իր առաջին մուտքը կատարեց Բայազետ: Արևմտյան Հայաստանի ուղղությամբ ռուսների առաջին առաջխաղացման ժամանակներն էին: Իսկ Բայազետը, Կարինի նահանգում իր գրաված ռազմավարական կարևոր դիրքով, առանցքային նշանակություն ուներ դեպի Մերձավոր Արևելքի խորքերը՝ դեպի հարավ և արևմուտք տարածվելու ճանապարհի վրա:

Հատկանշականորեն, ռուսների` Բայազետ արված առաջին մուտքը կատարվեց առանց կռվի: Հազիվ 1600 զինվոր էր հաշվում Բայազետի պաշարման ձեռնարկած ռուսական զորաբաժինը, որին միացել էին 400 հայ կամավոր: Բայց որովհետև Ռուսաստանը հաղթական էր արշավում բոլոր ճակատներով՝ թե՛ պարսիկների դեմ, Թավրիզի ու Թեհրանի ուղղությամբ, թե՛ թուրքերի դեմ, Բալկանյան թերակղզու երկայնքին ու Արևմտահայաստանի տարածքին, Բայազետի հայերը դժվարություն չունեցան բերդաքաղաքի կառավարչին՝ Պահլուլ փաշային համոզելու, որ ռուսներին դիմադրելը ապարդյուն է...

Այդպե՛ս էլ եղավ։ Բայազետն անձնատուր եղավ և ռուսները առանց արյունահեղության տիրացան այդքան կարևոր դիրք ունեցող բերդաքաղաքին:

Անմիջապես և առաջին հերթին արժե ընդգծել, որ մինչ ռուսները իրենց կայսերապետական ծավալման և տաք ջրերի տիրացման հաշիվները ունեին, նրանց կողքին պատերազմի դաշտ նետվող հայ կամավորները կենաց-մահու հարց էին լուծում... Որովհետև պարսից խաների թուրք-քուրդ փաշաների ու բեյերի դաժան տիրապետության տակ, ինչպես և նրանց միջև անվերջ շարունակվող ներքին պատերազմների հետևանքով՝ ոչ միայն ավերվել էր Հայաստանը, այլև պարբերական կոտորածների և ճարահատ արտագաղթի պայմաններում  ստույգ կործանում էր սպառնում հայ ժողովրդին:

Իսկ Բայազետը միայն իր այդ նորահայտ անվանումով... թուրքական էր: Նորօրյա Բայազետը նույնինքն պատմական Հայաստանի միջնաբերդերից Դարույնք գավառն էր, որ Արշակունիների օրոք արքայանիստ բերդաքաղաք էլ էր եղել, ուր ապաստանեց Պապ թագավորը: Հայկական անառիկ ամրոցի մի ամբողջ պատմություն է կապված Դարույնքի անվան հետ, որ պարսկական և արաբական, մոնղոլյան և սելջուկյան բոլոր ասպատակողների աչքի փուշն էր: Դարույնքը եղավ նաև Բագրատունիների և Արծրունիների նստավայրը, մինչև որ օսմանցի թուրքերը 14-րդ դարում գրավեցին բերդաքաղաքը և իրենց Բայազիտ Ա. սուլթանի անունով... թուրքացրին Դարույնքը:

Անվանափոխման ենթարկվելով ու տասնամյակներ շարունակ պարսիկների և օսմանցիների միջև կռվախնձոր մնալով հանդերձ՝ Բայազետը մնաց գերազանցապես հայաբնակ քաղաք ու ամրոց։ 1555 թվականին պարսիկների և օսմանցիների միջև կնքված մի հաշտության դաշնագրով Բայազետը վերջնականապես տրվեց թուրքերին, որոնք բերդաքաղաքի կառավարումը հանձնեցին շրջակայքում բնակվող Սլիվանլի քրդական ցեղին:

Նույն այդ ցեղը կիսանկախ դրությամբ կառավարեց Բայազետը մինչև 19-րդ դարի վերջերը։ Այսուհանդերձ՝ ինչպես որ վկայում են Առաքել Դավրիժեցի և Սերովբե Կարնեցի հայ պատմիչները, հայերը կառչած մնացին իրենց բերդաքաղաքին և 1828-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, Բայազետը ուներ 1735 տուն հայ և 310 տուն մահմեդական բնակչություն:

Պատմական այս տվյալների հիշեցումը կարևոր է՝ իր ամբողջական խորապատկերով դիտելու և արժևորելու համար ռուսական զորքի` Բայազետ արված առաջին մուտքը: Ինչպես ամբողջ Արևելյան Հայաստանի տարածքի, նույնպես և Արևմտյան Հայաստանի մեջ հայ ժողովուրդը այլևս չէր կարող համակերպվել իր սեփական հողի վրա իբրև երկրորդ կամ երրորդ կարգի քաղաքացի ապրելու դաժանագույն գերությանը: Արևմուտքն ու Եվրոպան վաղուց կռնակ էին դարձել Մերձավոր Արևելքի հինավուրց իրենց հարազատին: Հույսի նոր աղբյուր էր դարձել Ռուսաստանը, և նրա զորքի Արևմտահայաստանում իջնելը, հատկապես Բայազետ մուտքը հուսալի հեռանկարներ էր բացում Հայաստանի ու հայ ժողովրդի ազատագրության առջև:

Պատմությունը արդեն վճռել է, որ Ռուսաստանը քայլեց ու գնաց բացառապես և միայն իր հաշիվներով ու ուղիով՝ պարզապես «շրթունքի տուրք» վճարելով հայկական հույսերին և սպասումներին...

1828թ.ի հուլիսի 16-ին առանց կռվի Բայազետ մտած ռուսական զորքը տարիներ շարունակ իր իշխանության տակ պահեց բերդաքաղաքը։ Թուրքերն ու քրդերը, բնականաբար, երբեք չհաշտվեցին ռուսական լծի տակ ապրելու, նաև ու մանավանդ երեկի ստրուկ հայերի հետ իրավահավասար կենակցելու գաղափարի հետ: Թուրքական զորքերը շարունակ փորձեցին վերստին գրավել հայկական տարածքները:

Այդ փորձերից վերջինը պատահեց  1829թ.ի հունիսի 9-ին, երբ Կարինի շուրջ մղվող թուրք և ռուսական բուռն կռիվների առիթից օգտվելով, Վանի փաշան 15 հազար զինվորներով ու քուրդ հրոսակներով պաշարեց Բայազետը: Բերդաքաղաքի 1500 ռուս զինվորներն ու ավելի քան հազար հայ կամավորները հերոսական դիմադրություն ցույց տվեցին և կարողացան ետ մղել հարձակումը: Բերդաքաղաքի այդ հերոսական պաշտպանության մեջ իրենց քաջագործությամբ հռչակվեցին Մկրտիչ և Բարսեղ Արծրունիները: Բայց ընդհանրապես Ռուս-թուրքական պատերազմը երկար տևեց և պատմությանն անցավ իբրև 1828-1829թ.ի երկամյա պատերազմ: Ռազմականորեն ընթացավ ի նպաստ Ռուսաստանի դիրքերի ամրապնդմանը, հատկապես Բալկանների մեջ և Պարսկաստանի ճակատի վրա: Այսուհանդերձ՝ երբ եվրոպական մեծ տերությունների միջև մրցապայքարը ուժեղացավ և Օսմանյան Կայսրության ավարից ամեն ոք ուզեց առյուծի բաժինը ի՛նքը խլել, պարտված Օսմանյան Կայսրության և հաղթական Ռուսաստանի միջև կնքված Ադրիանուպոլսի դաշնագրով Ռուսաստանը թուրքերին զիջեց Արևմտահայաստանի ազատագրված հողերը: Ավելի՛ն. պատերազմի դաշտում  պարտված թուրքերի և քրդերի դաժան հակազդեցության ու կատաղության դեմ առանձին լքված հայությանն «օգնելու» ռուսական «մեծահոգությունից» քաջալերված, Արևմտահայաստանից նահանջող ռուսական բանակի հետ հազարավոր բայազետահայեր գաղթեցին դեպի Սևանի ավազան, ուր ժամանակի ընթացքում կառուցեցին Նոր Բայազետ ավանը, որ խորհրդային տարիներին անվանակոչվեց Կամո:

Ահա՛ ռուսների` Բայազետ արած առաջին մուտքի հակիրճ պատմությունը իր արթնացրած հույսերով և իր ծանր կորուստներով:

Պատմություն, որ կրկնվեց ոչ միայն 1854թ.ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, այլև այնուհետև կրկին ու կրկին անգամ՝ 1878թ.ին և 1918թ.ին, միշտ էլ ռուսական առաջխաղացման հետ արթնացնելով հայ ժողովրդի ազատագրության հույսերը, նաև՝ հակառակը, համազգային մեր երազների խորտակումը կապելով ռուսական զորքերի անարդար նահանջի հետ:

 

Օրացույց